— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, ամբողջ գիշերը քունս չէր տանում, որովհետև մտաբերում էի այն օրերը, երբ մենք Վեսպրեմի մոտ զորավարժեր էինք անցկացնում։ Առաջին և Երկրորդ բանակային կորպուսները, որոնք թշնամու դերն էին կատարում, Շտիրիայի և արևմտյան Հունգարիայի վրայով անցել և շրջապատել էին մեր Չորրորդ կորպուսը, որ տեղավորված էր Վիեննայում ու նրա շրջակայքում, որտեղ մերոնք ամենուրեք բերդեր էին կառուցել։ Նրանք մեզ շրջանցեցին ու մոտեցան այն կամուրջին, որ սակրավորները ձգել էին Դանուբի ձախ ափից։ Մենք հարձակման էինք պատրաստվում, իսկ մեզ օգնական զորքեր պիտի մոտենային հյուսիսից, ապա հարավից՝ Օսեկից։ Այդ ժամանակ մի հրաման կարդացին, թե մեզ օգնության է գալիս Երրորդ բանակային կորպուսը, որպեսզի Երկրորդ բանակային կորպուսի դեմ հարձակման անցնելիս մեզ չջարդեն Բալատոն լճի ու Պրեսբուրգի միջև։ Սակայն իզուր, մենք արդեն պետք է հաղթեինք, բայց ավարտ հնչեցրին, և մարտը շահեցին սպիտակ թևակապեր կրողները։
Պոդպորուչիկ Դուբը ոչ մի խոսք չասաց և, գլուխը շարժելով, շփոթված հեռացավ, բայց անմիջապես հետ դարձավ շտաբի վագոնից և գոռալով Շվեյկին ասաց.
— Լավ հիշեցեք այս ամենը. կգա ժամանակ, երբ ես ձեզ կլացացնեմ։
Ավելին ասել նա չկարողացավ և դիմեց դեպի շտաբի վագոնը, որտեղ կապիտան Սագները հենց այդ պահին հարցաքննում էր տասներկուերորդ վաշտի մի դժբախտ զինվորի, որին բերել էր ֆելդֆեբել Ստրանդը։ Զինվորն այժմվանից միջոցներ էր ձեռք առել խրամատներում իրեն անվնաս պահելու համար և այդ նպատակով կայարանի ինչ-որ տեղից խոզանոցի մի թիթեղապատ դռնակ էր թռցրել։
Հիմա նա կանգնած էր վախից աչքերը չռած և արդարանում էր նրանով, թե ուզում էր դռնակն իր հետ տանել որպես շրապնելներից պաշտպանվելու միջոց, թե ցանկանում էր ապահովել իր անվտանգությունը։
Օգտվելով առիթից, պոդպորուչիկ Դուբը մի երկար քարոզ սկսեց, թե զինվորն ինչպես պետք է իրեն պահի, թե որոնք են նրա պարտականությունները հայրենիքի և միապետի նկատմամբ, որը մեր գերագույն գլխավոր հրամանատարն է և զինվորական բարձրագույն տիրակալը։ Եթե գումարտակում այդպիսի տարրեր են առաջացել, ապա պետք է նրանց դուրս քշել, պատժել և բանտ նստեցնել։ Այդ շաղակրատանքն այնքան անհամ էր, որ կապիտանը կամացուկ խփեց զանցառուի ուսին և ասաց.
— Եթե իսկապես ոչ մի վատ մտադրություն չեք ունեցել, ապա այսուհետև այդպիսի բան չանեք։ Դա պարզապես հիմարություն է։ Դռնակը տարեք դրեք այնտեղ, որտեղից բերել եք, և կորեք գրողի ծոցը։
Պոդպորուչիկ Դուբը պռոշը կծեց և մտածեց, որ գումարտակի կարգապահությունը փրկելը միայն իրենից է կախված։ Այդ պատճառով նա մի անգամ էլ շրջագայեց կայարանի ամբողջ տերիտորիան և պահեստի մոտ, որի պատին մեծ-մեծ տառերով գերմաներեն ու հունգարերեն գրված էր «Ծխելն արգելվում է», նկատեց մի զինվորի, որն այնտեղ նստած թերթ էր կարգում։ Զինվորը թերթով այնպես էր ծածկվել, որ ուսադիրները չէին երևում։ Դուբը նրա վրա գոռաց. «Habtacht!»։ Զինվորը հունգարական այն գնդից էր, որը Հումենեում կանգնած էր որպես ռեզերվ։ Պոդպորուչիկ Դուբը ձեռքով ցնցեց նրան, հունգարացի զինվորը տեղից վեր կացավ և նույնիսկ անհրաժեշտ չհամարեց պատիվ տալ։ Նա թերթը խոթեց գրպանը և դիմեց դեպի խճուղին։ Պոդպորուչիկ Դուբը, ասես կախարդված, հետևեց նրան։ Հունգարացի զինվորը քայլերն արագացրեց, հետո շուռ եկավ և ծաղրաբար ձեռքերը վեր բարձրացրեց անձնատուր լինողի պես, որպեսզի պոդպորուչիկ Դուբը ոչ մի րոպե չտարակուսեր, որ նա ձեռաց կռահել է նրա՝ չեխական գնդից լինելու հանգամանքը։ Այնուհետև հունգարացին սկսեց վազել և անհետացավ խճուղու մյուս կողմի մոտակա տների արանքում։
Ցանկանալով ցույց տալ, թե այդ տեսարանի հետ ինքը ոչ մի առնչություն չունի, պոդպորուչիկ Դուբը ուռած-փքված մտավ ճանապարհի մոտ գտնվող կրպակներից մեկը, շփոթված մատնացույց արեց սև թելի մի մեծ կոճ, կոճը խոթեց գրպանը, վճարեց ու վերադարձավ շտաբի վագոնը։ Ապա գումարտակի հանձնակատարին հրամայեց կանչել իր սպասյակ Կուներտին։ Կոճը հանձնելով սպասյակին, նա ասաց. «Ստիպված եմ ամեն ինչի մասին ինքս հոգալ։ Ես լավ գիտեմ, որ մոռացել եք թել վերցնել»։
— Բնավ ոչ, պարոն լեյտենանտ, մենք մի դյուժին կոճի թել ունենք։
— Հապա ցույց տվեք։ Անմիջապես։ Անհապաղ կոճերը բերել այստեղ։ Կարծում եք ձեզ հավատո՞ւմ եմ։
Երբ Կուներտը վերադարձավ, բերելով մի տուփ լիքը սև ու սպիտակ թելի կոճեր, պոդպորուչիկ Դուբն ասաց.
— Մի լավ նայիր, եղբա՛յր, քո բերած թելերին և իմ այս մեծ կոճին։ Տեսնում ես, քո թելերը ինչքան բարակ են, ինչքան հեշտ են կտրվում։ Իսկ հիմա իմ բերածին նայիր, տես ինչքան պետք է չարչարվես, որ կարողանաս կտրել։ Ռազմաճակատում խլամ պետք չէ, ռազմաճակատում ամեն ինչ պիտի հիմնավոր լինի։ Բոլոր կոճերը վերցրու տար և սպասիր իմ կարգադրություններին։ Եվ միտդ պահիր, մյուս անգամ առանց ասելու ոչինչ չանես, իսկ երբ ուզում ես որևէ բան գնել, եկ մոտս և ինձ ասա։ Ես քեզ չէի ցանկանա, որ ինձ ճանաչես։ Դու ինձ դեռ չես ճանաչում վատ կողմից։
Երբ Կուներտը գնաց, պոդպորուչիկ Դուբը դիմեց պորուչիկ Լուկաշին.
— Իմ սպասյակը շատ խելոք տղա է։ Ճիշտ է, երբեմն սխալներ է անում, բայց ընդհանրապես շատ հասկացող է։ Նրա գլխավոր արժանիքը անբասիր ազնվությունն է։ Մի անգամ Բրուկում ես գյուղից, իմ աներձագից, մի ծանրոց ստացա, մեջը մի քանի տապակած սագեր։ Եվ կհավատա՞ք, նա մատն անգամ չդիպցրեց այգ սագերին, իսկ քանի որ ես չկարողացա արագ ուտել-վերջացնել, նա գերադասեց, որ սագերը մնան ու հոտեն։ Ահա թե ինչ ասել է կարգապահություն։ Սպան պարտավոր է զինվորներին դաստիարակել։
Պորուչիկ Լուկաշը ցանկանալով ցույց տալ, որ չի լսում այդ ապուշի դատարկաբանությունը, դեմքը շրջեց դեպի լուսամուտը և ասաց.
— Այո, այսօր չորեքշաբթի է։