Նոր Չաբինայի հետևում, այրված ծեր սոճու ճյուղերի մեջ բանդ եղած, կախված էր ավստրիական հետևակ զինվորի մի կոշիկ, սրունքի մի մասը մեջը։
Հավանաբար, այդտեղ մոլեգնել էր հրետանային կրակը, անտառները կանգնած էին առանց տերևների ու կոների, ծառերը՝ առանց կատարների, խրճիթներն ավերված էին։
Գնացքը դանդաղորեն շարժվում էր նոր, հապշտապ շինված ուղեթմբի վրայով, այնպես որ ամբողջ գումարտակը հնարավորություն ուներ հանգամանորեն ծանոթանալու պատերազմի հրաշալիքներին և,— նայելով զինվորական գերեզմանոցների խաչերին, որ սպիտակին էին տալիս տափարակներում և ամայացած բլուրների լանջերին,— դանդաղորեն, բայց հաջողությամբ նախապատրաստվելու ռազմի փառքին, որը պսակվում է սպիտակ խաչի ծայրին տարուբերվող ավստրիական ցեխոտված գլխարկով։
Կաշպերյան լեռներից եկած գերմանացիները, որ նստած էին հետևի վագոններում և դեռևս Միլովիցիի կայարանը մտնելիս ղռվռալռվ երգում էին իրենց «Wann ich kum, wann ich wieda kum»[107]
-ը, պապանձվել էին, քանի որ հասկացել էին, որ այն մարդկանցից շատերը, որոնց գլխարկներն այժմ տարուբերվում են խաչերի վրա, նույնպես երգել են, թե որքան սքանչելի է լինելու, երբ վերադառնան և ընդմիշտ մնան տանը, սիրածի հետ միասին․․․Մեձիլաբորեցում գնացքն անցավ ավերված, այրված կայարանի մոտով, որի ծխոտած պատերի միջից դուրս էին ցցվել ածխացած գերանները,— անցավ ու կանգ առավ։
Փայտյա նոր, երկար բարաքը, որ հապշտապ շինել էին հրդեհված կայարանի փոխարեն, պատած էր բոլոր լեզուներով գրված պլակատներով․ «Բաժնեգրվեցեք ավստրիական ռազմական փոխառությանը»։
Այդպիսի մի այլ բարաքում տեղավորված էր Կարմիր Խաչի կայանը։ Այդտեղից դուրս եկան մի չաղլիկ զինվորական բժիշկ և երկու գթության քույրեր։ Քույրերն անզուսպ հռհռում էին չաղլիկ բժշկի վրա, որը նրանց ուրախացնելու համար զանազան կենդանիների ձայներ էր հանում և ապաշնորհ կերպով խռնչում։
Երկաթուղու պաստառից ցած, հեղեղատի հունի մեջ, ընկած էր մի ջախջախված դաշտային խոհանոց։
Ցույց տալով այդ խոհանոցը, Շվեյկը Բալոունին ասաց․
— Լա՛վ տես, Բալոուն, թե մոտ ապագայում մեզ ինչ է սպասում։ Ճաշը բաժանելու վրա են եղել, թռել-եկել է նռնակը և ահա թե ինչպես մաքրել խոհանոցի հաշիվը։
— Ուղղակի մարդու սարսափ է գալիս,— հառաչեց Բալոունը։― Մտքովս չէր անցնի, որ մի օր այսպիսի փորձանքի մեջ կընկնեմ։ Իսկ մեղավորը իմ գոռոզությունն է։ Ախր, ես, շուն շանորդիս, անցած ձմեռ Բուդեյովիցիում կաշվե ձեռնոցներ էի առել։ Արդեն անհարմար էի զգում իմ գեղցու թաթերին գործած հին ձեռնոցներ ունենալ, ինչպես հանգուցյալ հայրս։ Չէ՛, սիրտս քաղաքի կաշվե ձեռնոցներ էր ուզում… Հայրս ախորժակով սիսեռ էր ուտում, իսկ ես սիսեռը տանել չէի կարողանում։ Թռչունի միս էի պահանջում։ Խոզի հասարակ մսից էլ էի երես դարձնում։ Կնիկս պարտավոր էր, մեղա՜ քեզ աստված, խոզի միսը գարեջրով եփել։
Բալոունը, բոլորովին վհատված, սկսեց խոստովանել հոգին ավանդողի պես․
— Մալշայի գինետանը հայհոյում էի սրբերին, Նիժնի Զագայում ծեծեցի կապելանին։ Աստծուն դեռ հավատում էի, այդ մեկը չեմ ուրանա, բայց Հովսեփի սրբության վրա կասկածում էի։ Տանը բոլոր սրբերին հանդուրժում էի, միայն սուրբ Հովսեփի պատկերն էի հանել, և ահա հիմա աստված ինձ պատժում է այդ բոլոր մեղքերիս ու անբարոյականությանս համար։ Ինչքա՜ն անբարոյական գործեր եմ արել ջրաղացում։ Ինչքա՜ն հաճախ եմ հորս հայհոյել ու նրան պատկանող փողերը տակով արել, իսկ կնկաս՝ տանջել։
Շվեյկը մտածեց ու ասաց.
— Դուք ջրաղացպան եք, ճի՞շտ է։ Դուք պետք է իմանայիք, որ աստծո ջրաղացները դանդաղ, բայց լավ են աղում, բայց ճիշտ է, որ համաշխարհային պատերազմը հենց ձեր պատճառով է ծագել։
Խոսակցությանը խառնվեց հոժարականը.
— Ձեր աստվածահայհոյությամբ և բոլոր սրբերին չճանաչելով դուք, անշուշտ, ձեզ մեծապես վնասել եք։ Չէ՞ որ դուք պետք է գիտենայինք, որ մեր ավստրիական բանակն արդեն վաղուց զուտ կաթոլիկական բանակ է, և նրան փայլուն օրինակ է տալիս մեր գերագույն գլխավոր հրամանատարը։ Եվ առհասարակ ինչպե՞ս եք հանդգնել կռվի գնալ ձեր հոգում ատելության թույն կրելով թեկուզ և մի քանի սրբերի նկատմամբ, երբ ռազմական մինիստրությունը կայազորային վարչություններում պարոն սպաների համար ճիզվիտների քարոզներ է սահմանել և երբ Զատկին մենք ականատես էինք զինվորական հանդիսավոր թափորի։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք, Բալոուն։ Ընդունո՞ւմ եք արդյոք, որ դուք այդպիսով դուրս եք գալիս մեր փառապանծ բանակի ոգու դեմ։ Վերցնենք, օրինակ, սուրբ Հովսեփին, որի պատկերը դուք, ձեր ասելով, թույլ չեք տվել կախել ձեր սենյակում։ Չէ՞ որ, Բալոուն, հենց նա է այն բոլոր մարդկանց հովանավորը, որ ցանկանում են զինվորական ծառայությունից գլուխներն ազատել։ Նա հյուսն է եղել, իսկ դուք հո գիտեք այն առածը, թե՝ «տեսնենք հյուսնը որտեղ է մի ծակ թողել»։ Ինչքա՜ն մարդիկ այդ նշանաբանով արդեն գերի են հանձնվել, այլ ելք չգտնելով։ Չորս կողմից շրջապատված լինելով, նրանք իրենց փրկել են ոչ թե եսասիրական նկատառումներով, այլ որպես բանակի անդամներ, որպեսզի հետո, գերությունից վերադարձած, հնարավորություն ունենան թագավոր կայսրին ասելու. «Մենք այստեղ ենք և սպասում ենք հետագա հրամանների»։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե բանն ինչ է, Բալոուն։
— Չէ՛, չեմ հասկանում,— հառաչեց Բալոունը,— բութ գլուխ ունեմ։ Տասն անգամ պիտի ասեն, որ գլուխս մտնի։