— Մի քիչ չե՞ս պակսեցնի,— հարցրեց Շվեյկը։— Որ այդպես է, ես քեզ մի անգամ էլ բացատրեմ։ Դու, ուրեմն, լսեցիր, որ պետք է վարվես ըստ այն ոգու, որը բանակում տիրապետող է, որ ստիպված պետք է լինես հավատալ սուրբ Հովսեփին, իսկ երբ թշնամին քեզ շրջապատի՝ պետք է նայես ու տեսնես, թե հյուսնը որտեղ է մի ծակ թողել, որպեսզի ի սեր կայսրի կարողանաս քեզ պահպանել նոր պատերազմների համար։ Հիմա, երևի, հասկացար։ Եվ լավ կանես, եթե մեզ ավելի մանրամասն խոստովանես, թե ինչ անբարոյական բաներ ես արել քո այդ ջրաղացում։ Միայն թե մեզ այնպիսի բաներ չպատմես, որ նման լինեն այն անեկդոտին, թե մի բատրակուհի քահանայի մոտ խոստովանելու է գնացել և, իր զանազան մեղքերը թվելուց հետո, հանկարծ ամաչել է և ասել, թե ամեն գիշեր մի շատ անբարոյական բան է արել… Դե իհարկե, այդ լսելուն պես տերտերիս բերանի ջուրը վազել է․․․ Եվ նա սկսել է աղջկան համոզել, թե. «Մի ամաչիր, սիրելի դուստր իմ, չէ՞ որ ես աստծո սպասավորն եմ, մանրամասն պատմիր այն մեղքերը, որ գործել ես ընդդեմ բարոյականության»։ Իսկ աղջիկը լաց է եղել, թե իբր ամոթ է, թե իր արածը սոսկալի անբարոյականություն է։ Տերտերս նորից սկսել է նրան համոզել, թե, ախր, ինքը նրա խոստովանահայրն է։ Վերջապես աղջիկը, ամբողջ մարմնով դողալով, պատմել է, թե ամեն գիշեր շորերը հանել ու մտել է անկողին։ Եվ դարձյալ տերտերս նրա բերանից խոսք չի քաշել։ Աղջիկն սկսել է ավելի բարձր ձայնով գոռալ։ Իսկ տերտերը նորից, թե․ «Մի՛ ամաչիր, մարդս ի ծնե անոթ է մեղաց, բայց անսահման է ողորմությունն աստծո»։ Վերջապես աղջիկը սիրտ է արել և լալով ասել․ «Երբ ես շորերս հանած անկողին էի մտնում, քչփորում էի ոտներիս մատների արանքի կեղտը և դեռ հոտ էլ քաշում»։ Ահա նրա ամբողջ անբարոյականությունը։ Բայց հուսով եմ, որ դու, Բալոուն, ջրաղացում այդպիսի բաներ չես արել և մեզ ավելի լուրջ բան կպատմես, իսկական անբարոյականության մասին։
Բալոունը, իր ասելով, անբարոյականություն էր արել գեղջկուհիների նկատմամբ։ Անբարոյականությունն այն էր եղել, որ նա նրանց ալյուրին վատ տեսակի ալյուր էր խառնել։ Դա էր ահա պարզասիրտ Բալոունի ասած անբարոյականությունը։
Ամենից շատ հիասթափվեց հեռախոսավար Խոդոունսկին, որը դեռ փորձում էր ջրաղացպանից խոսք քաշել, թե նա ջրաղացում այդ գեղջկուհիների հետ իսկապե՞ս ոչինչ չի արել ալյուրի պարկերի վրա։ Բալոունը, ձեռքը թափ տալով, պատասխանեց․ «Այդքան խելք չունեի»։
* * *
Զինվորներին հայտարարեցին, թե ճաշը տրվելու է Պալոտոն անցնելուց հետո, Լուպկայի լեռնանցքում, և այդ պատճառով գումարտակի ավագ գրագիրը, բոլոր վաշտերի խոհարարները և պոդպորուչիկ Ցայտհամլը, որը վարում էր գումարտակի տնտեսությունը, ճանապարհ ընկան դեպի Մեդձիլաբորեց գյուղը։ Իբրև պարեկ նրանց տվել էին չորս զինվոր։
Կես ժամ էլ չէր անցել, երբ նրանք վերադարձան հետևի ոտքերը կապած երեք խոճկորների և այն ռուսինի ողբացող ընտանիքի հետ, որից բռնագրավել էին խոճկորները։ Նրանց հետ էր և Կարմիր Խաչի բարաքի չաղլիկ բժիշկը, որը տաք-տաք ինչ-որ բան էր բացատրում ուսերը թոթվող պոդպորուչիկ Ցայտհամլին։
Վեճն իր գագաթնակետին հասավ շտաբի վագոնի մոտ, երբ զինվորական բժիշկը սկսեց կապիտան Սագներին ապացուցել, թե այդ խոճկորները հատկացված են Կարմիր Խաչի հոսպիտալին։ Իսկ գյուղացին ոչինչ չէր ուզում լսել և պահանջում էր, որ խոճկորներն իրեն վերադարձնեն, քանի որ դրանք իր վերջին ունեցվածքն են և որ ոչ մի դեպքում իր խոճկորները չի տա այն գնով, որ իրեն վճարել են։
Այդ ասելիս նա կապիտան Սագների ձեռքն էր խոթում խոճկորների համար ստացած փողը, իսկ նրա կինը կապիտանի մյուս ձեռքը բռնել ու համբուրում էր հնուց ի վեր այդ երկրին հատուկ ստորաքարշությամբ։
Կապիտան Սագները վախեցած էր այդ ամբողջ պատմությունից, և նրան դժվարությամբ հաջողվեց պառավին դեն հրել։ Բայց դա քիչ օգուտ տվեց։ Պառավին փոխարինեցին երիտասարդ ուժեր, որոնք իրենց հերթին սկսեցին ծծել նրա ձեռքը։
Պոդպորուչիկ Ցայտհամլը կոմերսանտի տոնով ասաց.
— Այս գյուղացուն դեռ տասներկու խոճկոր մնացել է, և նրան, համաձայն դիվիզիայի տնտեսական մասի № 12420 հրամանի, միանգամայն ճիշտ են վճարել։ Համաձայն այդ հրամանի 16-րդ պարագրաֆի, խոզեր պետք է գնել պատերազմից չտուժած վայրում, կենդանի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի համար վճարելով ոչ ավելի, քան 2 կրոն 16 հելլեր։ Պատերազմից տուժած վայրերում կենդանի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի արժեքի վրա պետք է 36 հելլեր հավելում անել, որով մեկ կիլոգրամի արժեքը կդառնա 2 կրոն 52 հելլեր։
Այդ ամենը պոդպորուչիկ Ցայտհամլը կարդաց դիվիվիայի հրամանի պատճենից, որը շարունակ հետը ման էր ածում և գրեթե անգիր գիտեր։ Նա գիտեր նաև այնպիսի մանրամասնություններ, թե մերձճակատային գոտում մեկ կիլոգրամ գազարի գինը բարձրանում է մինչև տասնհինգ ամբողջ երեք տասնորդական հելլեր, «Offiziersmenagekücheabteilung»[108]
-ի համար մերձճակատային գոտում մեկ կիլոգրամ ընդակաղամբի գինը բարձրանում է մինչև 1 կրոն 75 հելլեր։