— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, այդպես է կամեցել Բրուկի մեր գնդապետ պարոն Շլագրը։ Երբ մենք ռազմաճակատ էինք գնում, նա իր հրաժեշտ ճառի մեջ մեզ պատվիրեց մարտերի վայրերով անցնելիս առանձնապես ուշադրություն դարձնել, թե ինչպես են ծավալվել ճակատամարտերը, որպեսզի դրանից մեզ համար օգուտ քաղենք։ Եվ ահա այստեղ, պարոն լեյտենանտ, այս խանդակի մեջ, մենք տեսնում ենք, թե զինվորը փախչելիս ի՛նչը պետք է դեն գցի։ Մենք այստեղ հասկացանք, համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, թե որքան հիմար բան է, որ զինվորն իր հետ ամեն տեսակ ավելորդ իրեր է քարշ տալիս։ Դրանով նա իրեն իզուր ծանրաբեռնում է։ Դրանից նա իզուր հոգնում է։ Երբ զինվորն այդպիսի ծանրություն է քարշ տալիս, նրա համար կռվելը դժվար կլինի։
Պոդպորուչիկ Դուբի սրտում հույս ծագեց, թե վերջապես կկարողանա Շվեյկին ռազմադաշտային դատարանի ձեռքը հանձնել նրա հակամիլիտարիստական դավաճանական պրոպագանդայի համար, ուստի շտապ հարցրեց․
— Դուք, ուրեմն, կարծում եք, որ զինվորը պետք է փամփուշտները կամ սվինը դե՞ն գցի, որպեսզի նրանք ընկած մնան որևէ խանդակի մեջ, ինչպես, ահա, այստեղ։
— Բնավ ոչ, ո՛չ մի դեպքում, պարոն լեյտենանտ,— անուշիկ ժպտալով պատասխանեց Շվեյկը,— բարեհաճեցեք նայել ներքև, ահա այդ դեն նետված երկաթե միզամանին։
Եվ իսկ ապես, ուղեթմբի տակ, խեցատների մեջ, գրգռիչ տեսքով ընկած էր ժանգը կերած, վրայի էմալը թափված մի միզաման։ Այդ բոլոր առարկաները, որ տնային գործածության համար պիտանի չէին, կայարանապետը հավաքել ու կիտել էր այդտեղ իբրև դիսկուսիաների նյութ գալիք դարերի հնաբանների համար, որոնք հայտնագործելով այդ բանակատեղը՝ զարմանքից բոլորովին կապշեն, իսկ նրանց երեխաները դպրոցներում կուսումնասիրեն էմալապատ միզամանների դարը։
Պոդպորուչիկ Դուբը նայեց այդ առարկային, և նրան ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան միայն հավաստել, թե իսկապես դա մեկն է այն հաշմանդամներից, որոնք իրենց երիտասարդությունն անցրել են մահճակալի տակ։
Դա բոլորի վրա մեծ տպավորություն գործեց։ Իսկ քանի որ պոդպորուչիկ Դուբը լուռ էր, ապա խոսեց Շվեյկը․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, որ մի անգամ Պոդեբրադի կուրորտում ահա այդպիսի մի միզամանի հետ շատ մազալու բան է պատահել… Այդ մասին մեր քաղաքում պատմում էին Վինոգրադիի պանդոկներից մեկում։ Այն ժամանակ Պոդեբրադիիում սկսել էին հրատարակել «Անկախություն» կոչվող մի ժուռնալիկ, որի գլուխն էր անցել Պոդեբրադիի դեղատան տերը, իսկ խմբագիր էր նշանակվել դոմաժլիցցի Վլադիսլավ Հայեկը։
Դեղատան տերը շատ տարօրինակ մարդ էր, հին միզամաններ ու ամեն տեսակ անպետք բաներ էր հավաքում, այնպես որ մի ամբողջ թանգարան էր ստեղծել։ Իսկ իմ ասած Հայեկը մի անգամ իր տուն է հրավիրում իր մի բարեկամին, որը նույնպես գրում էր թերթերում։ Այստեղ նրանք մի լավ կոնծում են, քանի որ մի ամբողջ շաբաթ չէին տեսնվել։ Եվ բարեկամը նրան խոստանում է այդ հյուրասիրության համար մի «ֆիլիտոն» գրել ասածս «Անկախություն» անկախ ժուռնալի մեջ, որից ինքը կախում ուներ։ Եվ ահա նրա բարեկամը մի «ֆիլիտոն» է գրում ոմն կոլեկցիոների մասին, որր Լաբայի ափին ավազի, մեջ մի թիթեղե միզաման էր գտել և, այն համարելով սուրբ Վացլավի սաղավարտը, այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ Հրադեցի եպիսկոպոս Բրինիխը թափորով ու խաչվառներով եկել էր սաղավարտը տեսնելու։ Պոդեբրադիի դեղատան տերը կարծեց, թե դրանով իրեն են ակնարկում, և Հայեկին դատի տվեց։
Պոդպորուչիկը մեծ բավականությամբ Շվեյկին ցած կհրեր, բայց ինքն իրեն զսպեց և բոլորի վրա բղավեց.
— Ձե՛զ ասում եմ, այստեղ իզուր չկանգնել ու չնայել։ Դուք բոլորդ ինձ դեռ չեք ճանաչում, բայց կճանաչեք։ Դուք կմնաք այստեղ, Շվեյկ,— հրամայեց նա սպառնագին, երբ Շվեյկը մյուսների հետ միասին քայլերն ուղղեց դեպի վագոնը։
Նրանք մնացին երես առ երես։ Պոդպորուչիկ Դուբը մտածում էր, թե էլ ինչ ահաբեկիչ բան ասի, բայց Շվեյկը նրան կանխեց․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, լավ կլինի այս եղանակը երկար տևի։ Ցերեկը այնքան էլ շոգ չէ, իսկ գիշերները շատ հաճելի են։ Ռազմական գործողությունների ամենահարմար ժամանակն է։
Պոդպորուչիկ Դուբը դուրս քաշեց ատրճանակն ու հարցրեց․
— Գիտե՞ս սա ինչ է։
— Ճիշտ այդպես, պարոն լեյտենանտ, գիտեմ։ Մեր օբեր-լեյտենանտ Լուկաշի ատրճանակն էլ ճիշտ և ճիշտ այդպիսին է։
— Ուրեմն, միտդ պահիր, սրիկա՛,— խստորեն և արժանապատվորեն ասաց պոդպորուչիկ Դուբը, ատրճանակը տեղը դնելով։— Իմացած եղիր, որ վերջդ վատ կլինի, եթե սրանից հետո էլ շարունակես քո պրոպագանդան։
Պոդպորուչիկ Դուբը հեռանալով՝ գոհունակորեն ինքն իրեն կրկնում էր. «Լավ ասացի նրան, պրո-պա-գան-դան, այո՛, պրո-պա-գան-դա՜ն․․․»։
Նախքան վագոն մտնելը, Շվեյկը մի քիչ հետ ու առաջ քայլեց, ինքն իրեն քրթմնջալով.
— Ո՞ր դասի մեջ մտցնեմ նրան,— և նրա գիտակցության մեջ քանի գնում, այնքան որոշակի էր դառնում «կիսատռան» անունը։
Զինվորական բառապաշարի մեջ «տռան» բառը վաղուց ի վեր մեծ սեր էր վայելում։ Այդ պատվավոր անունը տրվում էր գլխավորապես գնդապետներին կամ տարեց կապիտաններին ու մայորներին։ «Տռան»-ը «քնձռոտ ծերուկ» մականվան հաջորդ աստիճանն էր… Առանց այդ մակդիրի «ծերուկ»-ը փաղաքշական անուն էր համարվում այն ծեր գնդապետի կամ մայորի համար, որը թունդ գոռգոռում, բայց իր զինվորներին սիրում և պաշտպանում էր մյուս գնդերից, մանավանդ օտար պարեկներից, որոնք նրա զորամասի զինվորներին գինետներից դուրս էին հանում, երբ նրանք այնտեղ նստում էին սահմանված ժամանակից ավելի։ «Ծերուկը» զինվորների մասին հոգում էր, հետևում, որ ճաշը լավ լինի։ Սակայն նա անպայման որևէ թուլություն էր ունենում, և երբ թուլությունը բռնում էր՝ էլ պրծավ։ Դրա համար էլ նրան «ծերուկ» էին անվանում։