Այժմ մի խումբ բարաքներ հատուցում էին մնացած բոլորի փոխարեն, և վառվող ծղոտե ներքնակների ժանտահոտության հետ միասին երկինք էին համբառնում այն բոլոր հափշտակությունները, որ կատարվել էին էրցհերցոգուհու հովանավորությամբ։
Կայարանի հետևում գտնվող պահեստի վրա գերմանացիները շտապել էին զոհված բրանդենբուրգցիների համար հուշարձան կանգնեցնել, որը զարդարել էին «Den Helden von Lupkapass»[109]
մակագրությամբ և մի մեծ, բրոնզաձույլ գերմանական արծվով, ըստ որում ցոկոլի վրա արված մակագրության մեջ նշված էր, թե այդ խորհրդանիշը ձուլված է այն ռուսական թնդանոթներից, որ գերմանական վաշտերը խլել են Կարպատներն ազատագրելիս։Այդ տարօրինակ և իր համար դեռևս անսովոր մթնոլորտում գումարտակը ճաշից հետո վագոնների մեջ հանգստանում էր, իսկ կապիտան Սագներն ու նրա համհարզը դեռ չէին կարողացել ծածկագիր հեռագրերով բրիգադի բազայի հետ համաձայնեցնել գումարտակի հետագա մարշրուտը։
Հաղորդումներն այնքան անորոշ էին, որ նրանցից միայն այն կարելի էր եզրակացնել, թե նրանք պետք է գնային ոչ թե Լուպկայի լեռնանցքը, այլ Շյատորի մոտ գտնվող Նովոյե Մեստոյից շարժվեին բոլորովին այլ ուղղությամբ, քանի որ հեռագրերի մեջ խոսվում էր Չոպ — Ունգվար — Կիշ-Բերյոզա — Ուժոկ քաղաքների մասին։
Տասը րոպե հետո պարզվեց, որ բրիգադի շտաբում նստած սպան կատարյալ ապուշ է. ծածկագիր հեռագիր է ուղարկում, հարցում անելով, թե արդյոք բրիգադի հետ խոսողը Յոթանասունհինգերորդ գնդի ութերորդ երթային գումարտա՞կն է (զինվորական ծածկագիրը՝ G3)։ Բրիգադի ապուշը զարմացած է, պատասխան ստանալով, թե խոսում է Իննսունմեկերորդ գնդի յոթերորդ երթական գումարտակը, և հարցնում է, թե ո՛վ է նրանց հրամայել զինվորական երկաթուղով գնալ Մուկաչևո, երբ նրանց մարշրուտն է՝ Լուպկայի լեռնանցքով դեպի Գալիցիայի Սանոկ քաղաքը։
Ապուշը սաստիկ զարմացած է, որ իրեն հեռագրում են Լուպկայի լեռնանցքից, և հղում է հետևյալ ծածկահեռագիրը. «Մարշրուտը մնում է անփոփոխ՝ Լուպկայի լեռնանցք—Սանոկ, որտեղ սպասել հետագա կարգադրությունների»։
Կապիտան Սագների վերադառնալուց հետո շտաբի վագոնում սկսում են խոսել բացահայտ անխելահասության մասին, ընդ որում ակնարկներ անում, որ եթե գերմանացիները չլինեին՝ արևելյան օպերատիվ խումբը բոլորովին գլուխը կկորցներ։
Պոդպորոլչիկ Դուբը փորձում է հանդես գալ ի պաշտպանություն ավստրիական շտաբի անխելահասության և սկսում է դուրս տալ, թե նորերս տեղի ունեցած մարտերի պատճառով այս երկիրն ամայացել է և թե երկաթուղին չէր կարող ինչպես հարկն է կարգի բերվել։
Բոլոր սպաները նրան նայում են կարեկցանքով, կարծես ցանկանալով ասել. «Այս պարոնը մեղք չունի, նա պարզապես ապուշ է ծնվել»։ Առարկությունների չհանդիպելով, պոդպորուչիկ Դուբը սկսում է երկար-բարակ խոսել այն փառավոր տպավորության մասին, որ նրա վրա գործում է այդ ավերված վայրը և որը ցույց է տալիս, թե ինչպես է կարողանում հարվածել մեր բանակի երկաթյա բռունցքը։ Դարձյալ ոչ ոք չի պատասխանում նրան։ Եվ նա կրկնում է. «Այո՛, անտարակույս, ռուսներն այստեղից նահանջել են սոսկալի խուճապի մատնված»։
Կապիտան Սագները մտքում որոշում է, որ երբ իրենք խրամատներում լինեն և դրությունը առանձնապես վտանգավոր դառնա, առաջին իսկ հարմար առիթին պոդպորուչիկ Դուբին, որպես սպա-հետախույզի, կուղարկի լարափակոցների այն կողմը՝ թշնամու դիրքերը տեղադիտելու։ Կապիտան Սագները պորուչիկ Լուկաշին, որը, ինչպես և նա, գլուխը դուրս է հանել վագոնի լուսամուտից, շշնջալով ասում է․
— Ո՞ր սատանան մեր գլխին կապեց այդ քաղաքացիներին։ Որքան կրթված, այնքան ավելի հիմար են։
Թվում է, որ պոդպորուչիկ Դուբը երբեք չի լռի։ Նա նորից սպաներին պատմում է այն ամենը, ինչ թերթերում կարդացել է Կարպատյան մարտերի և Սանի ափին ավստրո-գերմանական հարձակման ժամանակ Կարպատյան լեռնանցքների համար մղված պայքարի մասին։
Նա պատմում է այնպես, որ իբր ինքը ոչ միայն մասնակցել, այլև անձամբ ղեկավարել է բոլոր գործողությունները։
Առանձնապես նողկանք էին պատճառում նրա այսօրինակ խոսքերը. «Հետո մենք շարժվեցինք դեպի Բուկովսկո, որպեսզի մեզ համար ապահովենք Բուկովսկո — Դինուվ գիծը, կապ պահպանելով այն խմբի հետ, որ գտնվում էր Բոլշայա Պոլյանկայում, որտեղ մենք ջախջախեցինք թշնամու Սամարյան դիվիզիան»։
Պորուչիկ Լուկաշը չկարողացավ իրեն զսպել և, պոդպորուչիկ Դուբին ընդհատելով, վրա բերեց. «Որի մասին դու, ըստ երևույթին, դեռևս պատերազմից առաջ խոսում էիր քո նահանգական վարչության պետի հետ»։
Պոդպորուչիկ Դուբը թշնամաբար նայեց պորուչիկ Լուկաշին և վագոնից դուրս եկավ։
Զինվորական գնացքը կանգնած էր ուղեթմբի վրա, իսկ ներքևում, դարալանջից մի քանի մետր հեռու թափված էին զանազան առարկաներ, որ դեն էին նետել նահանջող ռուս զինվորները, որոնք, ըստ երևույթին, անցել էին այդ խանդակով։ Այդտեղ թափված էին ժանգոտած թեյամաններ, պուտուկներ, փամփշտակալներ։ Հենց այդտեղ էլ, ամեն տեսակ առարկաների կողքին, ընկած էին փշալարերի կծիկներ և դարձյալ արյունոտ վիրակապեր ու բամբակ։ Խանդակի վերևում կանգնած էին մի խումբ զինվորներ, և պոդպորուչիկ Դուբը նկատեց, որ Շվեյկն էլ նրանց մեջ է և ինչ-որ բան է բացատրում։
Նա գնաց այնտեղ։
— Ի՞նչ է պատահել,— խստորեն գոռաց պոդպորուչիկ Դուբը, կանգնելով ուղիղ Շվեյկի դիմաց։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— բոլորի փոխարեն պատասխանեց Շվեյկը,— նայում ենք։
— Ի՞նչի եք նայում։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, նայում ենք ներքև, խանդակին։
— Իսկ ո՞վ է ձեզ թույլ տվել նայել։