Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

— Որ այդպես է, պարոն ֆելդկուրատ, երևի Ռուժենա Գաուդրսովային կճանաչեք։ Նախանցյալ տարի նա ծառայում էր Պրագայի գինետներից մեկում, որ գտնվում է Պլանտերսկա փողոցի վրա, և միանգամից տասնութ մարդու դատի տվեց ու ալիմենտ պահանջեց, որովհետև ջուխտակ էր ծնել։ Երկվորյակներից մեկի մի աչքը կապույտ էր, մյուսը՝ շագանակագույն, իսկ երկրորդի մի աչքը գորշ, մյուսը սև։ Այդ պատճառով նա ենթադրում էր, թե գործին խառն են այդպիսի աչքեր ունեցող չորս պարոններ։ Այդ պարոններն այցելում էին ասածս գինետունը և նրա հետ գործ-մործ էին ունեցել։ Բացի դրանից, երկվորյակներից մեկի մի ոտքը ծուռ էր քաղաքապետարանի խորհրդականներից մեկի ոտքի պես,— այդ խորհրդականն էլ էր այցերում գինետունը,— իսկ երկրորդի ոտքը վեց մատ ուներ, ինչպես գինետան մշտական հաճախորդ դեպուտատի ոտքը։ Հիմա պատկերացրեք, պարոն ֆելդկուրատ, որ նրա հետ հյուրանոցներ ու մասնավոր բնակարաններ էին գնացել տասնութ այդպիսի այցելուներ և երկվորյակների վրա յուրաքանչյուրից որևէ նշան էր մնացել։ Դատարանը վճռեց, որ այդպիսի խառնակության պայմաններում դժվար է որոշել, թե հայրն ով է։ Այն ժամանակ Ռուժենան ամբողջ մեղքը բարդեց գինետան տիրոջ վրա, որի մոտ ծառայում էր, և նրա դեմ հայց ներկայացրեց։ Սակայն գինետան տերն ապացուցեց, որ ինքն արդեն քսան տարուց ավելի, ներքին վերջավորությունների բորբոքման պատճառով արված վիրահատությունից հետո, սեռապես անկար է։ Ի վերջո Ռուժենային, պարոն ֆելդկուրատ, քշեցին ձեզ մոտ՝ Նովի Յիչին։ Եվ այստեղից խրատ. շատի հետևից վազողի ձեռքը բան չի ընկնի։ Նա պետք է մեկի օձիքից բռներ և դատարանի առաջ չպնդեր, թե երկվորյակներից մեկը դեպուտատից է, մյուսը քաղաքապետարանի խորհրդականից։ Պետք է ասեր, թե դրանցից մեկից է, և վերջ։ Երեխայի ծնվելու ժամանակը հեշտ է հաշվել, ամսի այսինչ օրը այս մարդու հետ եղել եմ հյուրանոցում, իսկ այսինչ ամսի այսինչ օրը երեխա ծնել։ Իհարկե, եթե ծնունդը նորմալ է եղել, պարոն ֆելդկուրատ։ Այդպիսի հյուրանոցներում մի հնգանոցով միշտ էլ կարելի է վկա գտնել, օրինակ, մի դռնապան կամ աղախին, որոնք ձեզ կերդվեն, թե այն գիշերը այն մարդն իսկապես նրա հետ եղել է և դեռ աստիճաններից իջնելիս Ռոժենան նրան ասել է. «Բա որ բան-ման լինի՞», իսկ նա պատասխանել է. «Մի վախենա, իմ կանիմուրա, երեխայի մասին ես հոգ կտանեմ»։

Ֆելդկուրատը մտածմունքի մեջ ընկավ։ Հիմա հոգևոր մխիթարությունը նրան այնքան էլ հեշտ գործ չէր թվում, թեև նախապես պլանավորել էր, թե ինչպես և ինչի մասին պետք է խոսեր սիրեցյալ որդու հետ. նա պետք է խոսեր այն անսահման ողորմածության մասին, որ կցուցաբերվի ահեղ դատաստանի օրը, երբ բոլոր զինվորական հանցագործները գերեզմաններից դուրս կգան պարանները վզներին։ Եթե նրանք զղջացած լինեն, ապա բոլորը ներում կստանան, ինչպես նոր Կտակարանի «խոհեմ ավազակը»։

Նա պատրաստել էր, թերևս, ամենասրտառուչ հոգևոր մխիթարություններից մեկը, որը պետք է կազմված լիներ երեք մասից։ Նախ պիտի զրուցեր այն մասին, թե կախաղանի միջոցով մեռնելը թեթև կթվա, եթե մարդ աստծո հետ լիովին հաշտ լինի։ Ռազմական օրենքը պատժում է թագավոր կայսրին դավաճանելու համար, որը բոլոր զինվորների հայրն է, այնպես որ զինվորի ամենաաննշան զանցանքը պետք է դիտվի որպես հայրասպանություն, որպես հոր դեմ ուղղված վիրավորանք։ Այնուհետև նա ցանկանում էր զարգացնել իր այն տեսությունը, թե թագավոր կայսրը աստծո օծյալն է, որ ինքն աստված նրան նշանակել է աշխարհիկ գործերր վարելու համար, ինչպես հռոմի պապը նշանակված է հոգևոր գործերի համար։ Կայսրին դավաճանելը նշանակում է դավաճանել հենց աստծուն։ Այդպիսով, զինվորական հանցագործին, բացի կախաղանից, սպասում են հավիտենական տանջանքներ և հավիտենական նզովք։ Սակայն եթե աշխարհիկ արդարադատությունը, զինվորական կարգապահության բերումով, չի կարող վճիռը չեղյալ հայտարարել, ապա ինչ վերաբերվում է մյուս պատժին, այսինքն հավիտենական տանջանքներին, այդտեղ դեռ ամեն ինչ կորած չէ։ Այս դեպքում մարդ կարող է պատժից խուսափել մի փայլուն քայլով՝ ապաշխարհությամբ։

Ֆելդկուրատը պատկերացնում էր այն հուզիչ տեսարանը, որից հետո այնտեղ, երկնքում, կջնջեն բոլոր այն նշումները, որ արվել են՝ Պերեմիշլում գեներալ Ֆինկի բնակարանում նրա գործած մեղքերի և արարքների համար։

Նա պատկերացնում էր, թե ինչպես վերջում դատապարտյալի վրա կգոռա. «Զղջա՛, որդյակդ իմ, ինձ հետ միասին ծունր դիր։ Կրկնիր ինձ հետ, որդյակդ իմ»։ Իսկ հետո այդ գարշահոտ ու ոջլոտ խցիկում կհնչի սույն աղոթքը. «Տե՛ր, միայն քեզ է վայել ողորմալ ու ներել մեղսավորին։ Աղերսանոք թախանձում եմ քեզ զինվոր այսինչի (տալիս է անունը) հոգու համար, որին դու հրամայել ես լքել այս աշխարհը համաձայն Պերեմիշլի ռազմադաշտային դատարանի վճռի։ Ներում պարգևիր այս զինվորին, որը քո ոտքն է ընկել, ազատիր նրան դժոխքի տանջանքներից և թույլ տուր ճաշակել հավիտենական խնդությունը քո»։

— Թույլ տվեք ասել, պարոն ֆելդկուրատ, դուք արդեն հինգ րոպե լուռ եք, կարծես ձեր բերանը ջուր եք առել, խոսելու սիրտ չունեք։ Իսկույն երևում է, որ առաջին անգամ եք կալանքի տակ առնվել։

— Ես եկել եմ,— լրջորեն ասաց ֆելդկուրատը,— հոգևոր մխիթարության համար։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы