Քո տված այն մատանին
Ես չեմ դնում իմ մատին։
Ինչի՞ս է պետք, որ դնեմ:
Մատանիքով քո տված
Հրացանն իմ կլցնեմ։
Այդ դեպքից շատ չանցած գեներալ Ֆինկին զեկուցեցին, թէ ֆելդկուրատն եկել է։
Գեներալի մոտ արդեն մեծ հասարակություն էր հավաքվել, ուր գլխավոր դերերը կատարում էին երկու սիրունիկ դամաներ, գինին ու լիկյորները։
Ռազմադաշտային դատարանի նիստին մասնակցած սպաները ներկա էին ամբողջ կազմով։ Բացակայում էր միայն այն հետևակ զինվորը, որն առավոտյան բոլոր ծխողներին վառած լուցկիներ էր մատուցում։
Ֆելդկուրատը հեքիաթի ուրվականի պես աննկատ միացավ այդ ընկերակցությանը։ Նա գունատ էր, հուզված, բայց արժանապատվությամբ լի, հանիրավի ապտակ ստացած մարդու պես։
Գեներալ Ֆինկը, որը վերջերս ֆելդկուրատի հետ շատ ընտանեվարի էր վարվում, նրան քաշեց ու բազմոցի վրա նստեցրեց իր կողքին և հարբածի ձայնով հարցրեց. «Ի՞նչ է պատահել քեզ, իմ հոգևոր մխիթարություն»։
Այդ միջոցին ուրախ դամաներից մեկը ֆելդկուրատի վրա «Մեմֆիս» տեսակի մի սիգարետ նետեց։
— Խմեցեք, հոգևոր մխիթարությո՛ւն,— առաջարկեց գեներալ Ֆինկը, ֆելդկուրատի համար գինի լցնելով մի մեծ ու կանաչ գավաթի մեջ։ Բայց քանի որ ֆելդկուրատը միանգամից չխմեց, գեներալն սկսեց նրան իր ձեռքով խմեցնել, և եթե ֆելդկուրատը կուլ չտար ինչպես հարկն է, ապա նա նրան ոտից գլուխ կթրջեր։
Եվ միայն դրանից հետո սկսեցին հարցնել,թե հոգևոր մխիթարության ժամանակ դատապարտյալն իրեն ինչպես էր պահում։ Ֆելդկուրատը ոտքի կանգնեց և ողբերգական ձայնով ասաց․
— Խելագարվե՛ց։
— Ուրեմն, հիանալի մխիթարություն է եղել,— ուրախ քրքջաց գեներալը, և բոլորն ի պատասխան հռհռացին, իսկ դամաները նորից սկսեցին ֆելդկուրատի վրա սիգարետներ նետել։
Սեղանի ծայրին նիրհում էր մայորը, որը չափից ավելի էր խմել։ Նոր մարդ տեսնելուն պես նա աշխուժացավ, շտապով երկու գավաթ լիկյոր լցրեց, աթոռների արանքով իր համար ճանապարհ բացեց և բժժած հոգևոր հովվին ստիպեց իր հետո բրուդերշաֆտ խմել, ապա նորից փլվեց բազկաթոռի վրա և շարունակեց նիրհել։
Այդ գավաթը ֆելդկուրատին խճճեց սատանայի ցանցի մեջ։ Սատանան գրկաբաց մոտենում էր նրան սեղանին դրված ամեն մի շշի միջից, այն ուրախ դամաների հայացքների ու ժպիտների միջից, որոնք իրենց ոտքերն այնպես էին դրել սեղանին, որ ժանյակների միջից նրան նայում էր Բեհեղզեբուղը։
Մինչև վերջին պահը ֆելդկուրատը համոզված էր, որ բանը վերաբերվում է իր իսկ հոգու փրկությանը, որ նա ինքն է նահատակ։
Այդ համոզմունքը նա արտահայտեց այն խոսքերով, որոնցով դիմեց գեներալի երկու սպասյակներին, որոնք նրան տարան ու պառկեցրին հարևան սենյակի բազմոցի վրա.
— Տխրալի, բայց և միաժամանակ վսեմ տեսարան կբացվի ձեր առաջ, երբ դուք անկանխակալ կերպով և մաքուր մտոք հիշեք այնքան փառաբանված նահատակներին, որոնք իրենց զոհեցին հանուն հավատի և սուրբ մարտիրոսների դասը կարգվեցին։ Ինձ նայելով, դուք տեսնում եք, թե ինչպես մարդ բարձր է կանգնում բոլոր տառապանքներից, եթե նրա սրտում ապրում են ճշմարտությունն ու առաքինությունը, որոնք նրան ուժ են տալիս փառավոր հաղթանակ տանելու ամենասոսկալի տառապանքի դեմ։
Այդ ժամանակ աստծո ծառայի դեմքը շուռ տվին դեպի պատը, և նա իսկույն քնեց։
Նրա քունն անհանգիստ էր։
Երազում տեսավ, թե ցերեկը ֆելդկուրատի պարտականություն է կատարում, իսկ երեկոյան հյուրանոցում աշխատում այն բարապան Ֆաուստինի փոխարեն, որին Շվեյկը չորրորդ հարկից ցած էր նետել։
Ամեն կողմից նրա վրա բողոքներ էին ուղարկում գեներալին, թե նա պատվիրատուի մոտ շիկահերի փոխարեն սևահեր կին է բերել, իսկ մարդաթող կրթված տիկնոջ փոխարեն՝ անկիրթ այրի։
Առավոտյան նա արթնացավ մկան պես քրտնած։ Ստամոքսը խանգարվել էր, իսկ ուղեղն այն միտքն էր ծակում, թե Մորավիայի իր ֆարարն իր համեմատությամբ կատարյալ հրեշտակ է։
Շվեյկը նորից իր երթային վաշտում
Դատարանի երեկվա առավոտյան նիստում Շվեյկի գործով աուդիտորի պարտականություն կատարող մայորը նույն այն մայորն էր, որն երեկոյան գեներալի տանը ֆելդկուրատի հետ բրուդերշաֆտ էր խմում և նիրհում։
Ոչ ոք չգիտեր, թե երբ և ինչպես մայորը հեռացավ գեներալի մոտից։ Բոլորն այնպիսի վճակի մեջ էին, որ նրա բացակայությունը ոք չնկատեց, իսկ ինքը գեներալը նույնիսկ չէր կարողանում որոշել, թե իր հետ հյուրերից որն է խոսում։ Արդեն երկու ժամից ավելի մայորը հյուրերի մեջ չէր, իսկ գեներալը բեղերը ոլորելով և հիմարավարի ժպտալով՝ գոռում էր․
― Լա՛վ ասացիք, պարոն մայոր։
Առավոտյան մայորին ոչ մի տեղ գտնել չկարողացան։ Նրա շինելը, ինչպես և թուրը, միջանցքում կախարանից կախված էր, չկար միայն սպայական գլխարկը։ Ենթադրեցին, թե երևի արտաքնոցներից մեկում քնած կլինի։ Խուզարկեցին բոլոր արտաքնոցները, բայց մայորին չհայտնաբերեցին։ Նրա փոխարեն երրորդ հարկում գտան մի քնած պորուչիկ, որը նույնպես գեներալի հյուրերից էր։ Նա քնած էր ծնկաչոք, ունիտազի վրա կռացած, քանզի քունը տարել էր փսխելու ժամանակ։
Մայորը կարծես ջրի տակն էր անցել։ Բայց եթե մեկն ու մեկը ներս նայեր այն խուցի վանդակապատ լուսամուտից, որտեղ կալանված էր Շվեյկը, ապա կտեսներ, որ մի մահճակի վրա ռուսական շինելի տակ քնած են երկու հոգի։ Շինելի տակից երևում էին երկու զույգ սապոգներ, խթանավոր սապոգները մայորինն էին, անխթանները՝ Շվեյկինը։
Նրանք պառկած էին կատվի ձագերի պես իրար կպած։ Շվեյկի թաթը հանգչում էր մայորի գլխի տակ, իսկ մայորը գրկել էր Շվեյկի իրանը, հպվելով նրան, ինչպես լակոտը քած շանը։
Դրա մեջ ոչ մի հանելուկային բան չկար, իսկ ինչ վերաբերվում է մայորին, ապա նրա արածը պարզապես հանդիսանում էր ծառայողական պարտքի գիտակցման արգասիք։