— Զարմանում եմ, պարոն ֆելդկուրատ, թե ինչու եք մի գլուխ այդ հոգևոր մխիթարությունից խոսում։ Ես, պարոն ֆելդկուրատ, ի վիճակի չեմ ձեզ որևէ մխիթարություն տալու։ Դուք ոչ առաջին, ոչ էլ վերջին ֆելդկուրատն եք, որ բանտ է ընկնում։ Բացի դրանից, պարոն ֆելդկուրատ, ես, ճիշտն ասած, խոսելու այնպիսի ձիրք չունեմ, որ կարողանամ ծանր պահին մարդ մխիթարել։ Մի անգամ փորձեցի, բայց այնքան էլ սահուն դուրս չեկավ։ Հապա մոտ նստեցեք, ձեզ մի բան պատմեմ։ Երբ ես ապրում էի Օպատովսկա փողոցում, Ֆաուստին անունով մի բարեկամ ունեի, հյուրանոցի բարապան էր, շատ պատվական անձնավորություն։ Ազնիվ, ջանասեր մարդ էր։ Բոլոր փողոցային աղջիկներին իր հինգ մատի պես գիտեր։ Ցերեկվա ու գիշերվա որ ժամին էլ ուզեիք, պարոն ֆելդկուրատ, կարող էիք գնալ նրա մոտ՝ հյուրանոց, և բավական էր ասեինք. «Պան Ֆաուստին, ինձ աղջիկ է պետք»։ Նա հանգամանորեն ձեզ հարցուփորձ կաներ, թե ինչպիսի կին եք ուզում՝ շիկահե՞ր թե սևահեր, կարճահասա՞կ թե բարձրահասակ, լղա՞ր թե չաղ, գերմանուհի՞, լեհուհի՞ թե հրեուհի, մարդաթո՞ղ, չամուսնացա՞ծ թե ամուսնացած, կրթվա՞ծ թե անկիրթ։
Շվեյկը մտերմավարի հպվեց ֆելդկուրատին և, նրա իրանը գրկելով շարունակեց․
— Ենթադրենք, պարոն ֆելդկուրատ, թե ասել եք, որ կցանկանայիք կինը լիներ շիկահեր, երկար ոտքերով, այրի, անկիրթ։ Տասը րոպե հետո այդ կինը կլիներ ձեր անկողնում, ծննդականն էլ ձեռքին։
Ֆելդկուրատն անհարմարությունից քրտնել էր, իսկ Շվեյկը, մայրական գորովանքով նրան իր կրծքին սեղմելով, շարունակում էր.
— Դուք չեք կարող պատկերացնել, պարոն ֆելդկուրատ, թե այդ Ֆաուստինը որքան խոր հասկացողություն ուներ բարոյականության և ազնվության մասին։ Այն կանանցից, որոնց մարդու էր տալիս և տանում համարները, նա ոչ մի կրեյցեր ընծայափող չէր վերցնում։ Իսկ երբ պատահում էր, որ այդ ընկած կանանցից մեկն ու մեկը մոռանում և ուզում էր նրա ձեռքը մանր դրամ խոթել, այն ժամանակ պետք էր տեսնել, թե նա ինչպես էր բարկանում և գոռում, «Խոզի մեկը խոզ, եթե դու վաճառում ես մարմինդ և մահացու մեղք գործում, ապա մի կարծիր, թե քո տասը հելլերը ինձ մի օգուտ կտա։ Ես քեզ համար կավատ չեմ, անամո՛թ բոզ։ Ես դա անում եմ միայն քեզ խղճալով, որպեսզի այդքան ընկնելուց հետո քո խայտառակությունը հրապարակ չհանես, որպեսզի գիշերը պարեկը քեզ չբռնի և որպեսզի հետո ստիպված չլինես ոստիկանատանը երեք օր նստել։ Այստեղ գոնե տաք տեղում ես և ոչ ոք չի տեսնում, թե դու մինչև ուր ես հասել»։ Նրանցից բան վերցնել չէր ցանկանում և չվերցրած փողը ետ էր բերում պատվիրատուների հաշվին։ Նա իր սակագինն ուներ, կապույտ աչքերն արժեին տասը կրեյցեր, սևերը՝ տասնհինգ։ Մի թղթի կտորի վրա ամեն ինչ գրում-հաշվում էր ամենայն մանրամասնությամբ և այցելուին ներկայացնում որպես հաշիվ։ Միջնորդության համար դրանք շատ մատչելի գներ էին։ Անկիրթ կնոջ համար նա գնի վրա տասը կրեյցեր հավելում էր անում, ելնելով իր այն սկզբունքից, թե հասարակ կնիկն ավելի շատ հաճույք կպատճառի, քան որևէ կրթված կին։ Մի երեկո պան Ֆաուստինը եկավ ինձ մոտ, Օպատովսկա փողոցը, եկավ չափազանց հուզված, գլուխը կորցրած, կարծես հենց նոր հանել էին տրամվայի պահպանական ցանցի տակից և այդ ժամանակ ժամացույցն էլ գողացել։ Սկզբում ոչինչ չասաց, միայն գրպանից մի շիշ ռոմ հանեց, խմեց, հետո շիշը տվեց ինձ, թե․ «Խմի՛ր»։ Այդպես երկուսս էլ լուռ էինք, իսկ երբ ամբողջ շիշը խմեցինք-պրծանք, հանկարծ ասաց. «Բարեկամս, եկ ինձ մի լավություն արա։ Բաց արա փողոցի կողմի լուսամուտը, թող ես նստեմ լուսամատի գոգին, իսկ դու բռնիր ոտքերիցս ու չորրորդ հարկից ցած նետիր։ Այլևս կյանքից սպասելիք չունեմ։ Միակ մխիթարությունս այն է, որ մի հավատարիմ բարեկամ գտնվեց, որն ինձ այս աշխարհից ճանապարհ կդնի։ Այլևս այս աշխարհում ապրել չեմ կարող։ Ինձ, ազնիվ մարդուս, դատի են տվել հրեական թաղամասի ամենահետին միջնորդի պես։ Մեր հյուրանոցը առաջնակարգ է։ Բոլոր երեք աղախիններն ու կինս դեղին տոմսեր ունեն և բժշկին ոչ մի կրեյցեր պարտք չեն այցելության համար։ Եթե ինձ մի քիչ սիրում ես, ցած հրիր չորրորդ հարկից, պարգևիր ինձ վերջին մխիթարությունը, մխիթարիր ինձ»։ Ես նրան պատվիրեցի բարձրանալ լուսամուտը և հրեցի-գցեցի փողոց։ Մի վախենաք, պարոն ֆելդկուրատ։
Շվեյկը կանգնեց նարի վրա և ֆելդկուրատին էլ քաշեց-բարձրացրեց այնտեղ։
— Տեսեք, պարոն ֆելդկուրատ, ես նրան բռնեցի, ա՛յ, այսպես․․․ և, թրը՛մփ, ցած գցեցի։
Շվեյկը բարձրացրեց ֆելդկուրատին և նետեց հատակին։ Մինչ ահաբեկված ֆելդկուրատը ոտքի կկանգներ, Շվեյկն ավարտեց իր պատմությունը. «Տեսա՞ք, պարոն ֆելդկուրատ, ձեզ բան չպատահեց։ Պան Ֆաուստինին էլ ճիշտ այդպես բան չեղավ։ Միայն թե այն լուսամուտը այս մահճակից երեք անգամ ավելի բարձր էր։ Ախր, պան Ֆաուստինը թունդ հարբած էր և մոռացել էր, որ Օպատովսկա փողոցում ես ապրում էի առաջին հարկում, և ոչ թե չորրորդ։ Չորրորդ հարկում ես ապրում էի դրանից մի տարի առաջ Կրշեմենցկա փողոցում, որտեղ նույնպես նա ինձ հյուր էր գալիս»։
Ֆելդկուրատը հատակի վրայից սարսափահար նայում էր Շվեյկին, որը նրա գլխավերևում կանգնած՝ թափահարում էր ձեռքերը։
Ֆելդկուրատը համոզվեց, որ գործ ունի խելագարի հետ, և կակազելով ասաց․ «Այո՛, այո՛, սիրեցյալ որդյակ իմ, նույնիսկ ավելի պակաս, քան երեք անգամ»։ Ապա զգուշաբար հասավ դռանը և սկսեց թխթխկացնել ինչքան ձեռքերում ուժ կար։ Նա այնպես զարհուրելի էր բղավում, որ դուռն իսկույն բացեցին։
Շվեյկը լուսամուտի վանդակացանցի միջով տեսավ, թե ինչպես ֆելդկուրատը, ձեռքերը եռանդագին շարժելով, բակով արագ անցնում էր պահակների ուղեկցությամբ։
— Ըստ երևույթին նրան գժանոց կտանեն,— եզրակացրեց Շվեյկը, ցած թռավ նարի վրայից և, զինվորավարի ետ ու առաջ քայլելով, սկսեց երգել.