— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր,— ասաց Շվեյկը,— արդեն մի քանի անգամ պահակատնից եկել են այստեղ տեսնելու, թե արդյոք դեռ կենդանի՞ եք։ Այդ պատճառով հիմա ես ինձ թույլ տվի ձեզ արթնացնել, քանի որ չգիտեմ, թե դուք որ ժամին եք վեր կենում։ Ուգրժինևեսի գարեջրագործարանում մի տակառագործ էր աշխատում։ Նա սովորաբար քնում էր մինչև առավոտվա ժամը վեցը, բայց եթե նույնիսկ մի քառորդ ժամ ավելի քներ, այսինքն մինչև վեցն անց տասնհինգ րոպե, դրանից հետո կմրափեր մինչև կեսօր. այդպես արեց այնքան ժամանակ, մինչև որ գործարանից վռնդեցին։ Հետո նա բարկությունից վիրավորական խոսքեր ասաց եկեղեցու և կայսրական գերդաստանի անդամներից մեկի հասցեին։
— Դու հիմա՞լ ես։ Այո՛,— գոռաց մայորը ոչ առանց փոքր ինչ վհատվելու, քանի որ երեկվա դեպքից հետո նրա գլուխը նման էր ջարդված պուտուկի, և նրա համար դեռ հասկանալի չէր, թե ինչու է այդտեղ նստած, թե ինչու է պահակատնից մարդ եկել և թե ինչու իր առջև կանգնած այդ տղան այնպիսի անմտություններ է դուրս տալիս, որ մարդ ոչ սկիզբը կհասկանա, ոչ վերջը։ Նրան ամեն ինչ թվում էր շատ տարօրինակ։ Աղոտ կերպով հիշում էր, որ գիշերն արդեն մի անգամ այդտեղ եղել է։ Բայց ինչո՞ւ։
— Ես գիշերն արդեն մի անգամ այստեղ եղե՞լ եմ,— հարցրեց նա ոչ այնքան համոզված։
— Համաձայն հրամանի, պարոն մայոր,— պատասխանեց Շվեյկը,— որքան ես հասկացա պարոն մայորի խոսքերից, համարձակվում եմ զեկուցել, դուք, պարոն մայոր, եկել էիք ինձ հարցաքննելու։
Այդտեղ մայորի միտքը պայծառացավ, նա նայեց իրեն, ապա աչք ածեց շուրջը, ասես մի բան փնտրելով։
— Բարեհաճեցեք ոչ մի բանի համար չանհանգստանալ, պարոն մայոր,— հանգստացրեց նրան Շվեյկը։— Դուք արթնացաք ճիշտ այն տեսքով, որով եկաք։ Դուք այստեղ եկաք առանց շինելի, առանց թրի, բայց գլխարկով։ Գլխարկն ահա այնտեղ է։ Ստիպված էի ձեր ձեռքից վերցնել, քանի որ ուզում էիք դնել ձեր գլխի տակ։ Շքերթային սպայական գլխարկը ցիլինդրի պես բան է։ Ցիլինդրի վրա քնել կարողանում էր միայն Լոդինեցում ապրող պան Կարդերազը։ Պատահում էր, գինետանը պառկում էր նստարանի վրա, ցիլինդրը դնում գլխի տակ (ախր նա թաղումների ժամանակ երգում էր և թաղման էր գնում ցիլինդրով) ինքն իրեն ներշնչում, թե ցիլինդրը չպետք է տրորի։ Ամբողջ գիշերը իր քաշի աննշան մի մասով ճախրում էր ցիլինդրի վրա, այնպես որ դա ցիլինդրին ոչ մի վնաս չէր պատճառում, դեռ ընդհակառակը՝ օգուտ էր տալիս։ Քնի մեջ կողքից-կողք շուռ գալով, Կարդերազը իր մազերով ցիլինդրն այնպես էր փայլեցնում, որ միշտ նոր հարդուկածի նման էր լինում։
Մայորը, որ հիմա արդեն հասկանում էր, թե բանն ինչ է, առաջվա պես բութ հայացքով նայելով Շվեյկին՝ ասաց․
— Դու հիմարանա ՞լ։ Այո՞։ Ես լինել այստեղ, ես գնալ այստեղից...— Նա վեր կացավ, մոտեցավ դռանը և սկսեց ամբողջ թափով ծեծել։
Մինչ կգային դուռը բացելու, նա կարողացավ Շվեյկին ասել․
— Եթե հեռագիր չգալ, թե դու՝ դու ինքդ, ապա լինես կախված։
— Սրտանց շնորհակալ եմ,— պատասխանեց Շվեյկը,— ես գիտեմ, պարոն մայոր, որ դուք իմ մասին շատ եք մտածում, բայց եթե, պարո՛ն մայոր, ներքնակից ձեզ վրա միայն մի հատ է քաշվել, և եթե փոքր է ու մեջքը կարմրավուն, ապա համոզված եղեք, որ որձ է։ Եթե ձեզ վրա չեք գտնի մի ուրիշը, որ այդպես երկարավուն ու գորշ լինի և փորի վրա կարմրավուն զոլեր ունենա, ապա դա լավ է, թե չէ զույգ կկազմեին, իսկ այդ անզգամները շատ արագ են բազմանում, ավելի արագ, քան ճագարները։
— Lassen Sie das![15]
― ասաց մայորը նվաղուն ձայնով, երբ դուռը բացեցին նրա առաջ։Պահակատանը մայորն այլևս ոչ մի տեսարան չսարքեց։ Նա շատ զուսպ պատվիրեց կառք կանչել և, Պերեմիշլի զզվելի սալարկի վրա կառքի մեջ դխդխկալով, շարունակ մտածում էր, թե հանցագործն առաջնակարգ ապուշ է, բայց, այնուամենայնիվ, անմեղ անասուն է երևում, իսկ իրեն, մայորին, մնում է անել երկուսից մեկը, կամ տուն վերադառնալուն պես ինքնասպանություն գործել, կամ մարդ ուղարկել գեներալի մոտից շինելն ու թուրը բերելու և գնալ քաղաքային բաղնիք լողանալու, լողանալուց հետո մտնել Ֆոլգրուբերի մոտի գինետունը, այնտեղ մի լավ կազդուրվել և հեռախոսով քաղաքային թատրոնի տոմս պատվիրել։
Իր բնակարանին չհասած, նա որոշեց անել վերջինը։
Բնակարանում նրան սպասում էր մի փոքրիկ անակնկալ։ Նա վրա էր հասել ճիշտ ժամանակին...
Բնակարանի միջանցքում կանգնած էր գեներալ Ֆինկը, որը բռնել էր սպասյակի օձիքից և, նրան ուժով մեկ թափահարելով, բղավում էր․ «Ո՞ւր է մայորդ, անասուն, պատասխանիր, գազա՛ն»։
Բայց գազանը չէր պատասխանում։ Նրա դեմքը կապտել էր, քանզի գեներալը կոկորդը շատ ամուր էր սեղմել։
Ժամանակին վրա հասած մայորը նկատեց, որ դժբախտ սպասյակը թևի տակ ամուր պահում է նրա շինելն ու թուրը, որ ակներևաբար բերել էր գեներալի տան միջանցքից։
Այդ տեսարանը մայորին զվարճալի թվաց, ուստի նա կանգ առավ կիսաբաց դռան առաջ և սկսեց անխոս դիտել տառապանքներն իր հավատարիմ ծառայի, որն իր գողություններով նրան արդեն վաղուց զզվեցրել էր։
Գեներալը մի պահ բաց թողեց կապտած սպասյակին, բայց միայն նրա համար, որ գրպանից մի հեռագիր հանի, որով սկսեց հարվածել սպասյակի դեմքին ու շրթունքներին, միաժամանակ գռռալով․ «Ի՞նչ ես արել քո մայորին, անասո՛ւն, ո՞ւր է քո մայոր-աուդիտորը, անասո՛ւն։ Ես կարո՞ղ եմ նրան պաշտոնական հեռագիր հանձնել»։
— Ես այստեղ եմ,— ձայն ավեց մայոր Դերվոտան, որին «մայոր-աուդիտոր» և «հեռագիր» բառերը նորից հիշեցրին նրա ուղղակի պարտականությունները։
— Վա՛հ,— բացականչեց գեներալ Ֆինկը,— դու վերադարձա՞ր։
Նրա ձայնի տոնի մեջ այնքան թույն կար, որ մայորը ոչինչ չպատասխանեց և անվճռականորեն շարունակեց կանգնած մնալ դռան առաջ։