— Պարոն եֆրեյտոր, երբ նայում եմ ձեզ, միտս է գալիս եֆրեյտոր Բոզբը, որ ծառայում էր Տրենտոյում։ Երբ Բոզբին եֆրեյտոր դարձրին, առաջին իսկ օրվանից նրա ծավալն սկսեց մեծանալ։ Թշերն սկսեցին ուռել, իսկ փորն այնպես փքվեց, որ հետևյալ օրը նույնիսկ պետական շալվարը վրան չէր կոճկվում։ Բայց ամենից վատն այն էր, որ ականջներն սկսեցին երկարել։ Նրան ուղարկեցին լազարեթ, և գնդի բժիշկն ասաց, թե բոլոր եֆրեյտորներին այդպիսի բան է պատահում։ Սկզբում նրանք ուռչում են, բայց ոմանց մոտ դա արագ է անցնում, իսկ տվյալ հիվանդի վիճակը շատ ծանր է և նա կարող է պայթել, քանի որ հիվանդությունը եֆրեյտորական աստղանիշից անցել է պորտին։ Նրան փրկելու համար ստիպված եղան աստղանիշը կտրել, և անմիջապես փուքն անցավ։
Այդ պահից ի վեր Շվեյկն իզուր էր ջանում եֆրեյտորի հետ զրույցի բռնվել և նրան բարեկամաբար բացատրել, թե զինվորներն ինչու են ասում, որ եֆրեյտոր կոչվածը վաշտի պատիժն է։
Եֆրեյտորը ոչինչ չէր պատասխանում, միայն մռայլադեմ սպառնում էր, որ դեռ հետո կերևա, թե նրանց երկուսից որը կծիծաղի, երբ հասնեն բրիգադ։ Կարճ ատած, հայրենակիցը չէր արդարացնում Շվեյկի հույսերը։ Իսկ երբ Շվեյկը եֆրեյտորին հարցրեց, թե նա որտեղացի է, վերջինս պատասխանեց․ «Քո գործը չի»։
Շվեյկն ամեն կերպ փորձում էր եֆրեյտորին խոսեցնել։ Պատմեց, թե առաջին անգամ չէ, որ իրեն տանում են պակահախմբի հսկողությամբ, թե նա միշտ էլ իրեն ուղեկցողների հետ լավ ժամանակ է անցկացրել։
Բայց եֆրեյտորը շարունակում էր լռել, իսկ Շվեյկն էլ չէր սսկվում․
— Ինձ թվում է, պարոն եֆրեյտոր, որ ձեզ մեծ դժբախտություն է պատահել, քանի որ խոսելու ընդունակությունը կորցրել եք։ Ես դարդոտ եֆրեյտորներ շատ եմ տեսել, բայց ձեզ պես վշտից իրեն կորցրած եֆրեյտորի, ներեցեք և մի բարկանաք, պարոն եֆրեյտոր, դեռ չեմ հանդիպել։ Վստահեցեք ինձ, ասացեք ինչն է ձեզ այդպես տանջում։ Գուցե կկարողանամ ձեզ մի խորհուրդ տալ, քանի որ այն զինվորը, որին տանում են պահակախմբի հսկողությամբ, միշտ էլ ավելի շատ փորձ է ունենում, քան նրա վրա հսկողը։ Կամ մի բան պատմեցեք, պարոն եֆրեյտոր, որպեսզի ժամանակն արագ անցնի։ Պատմեցեք, օրինակ, թե ձեր ծնննդավայրի շրջակայքում ինչ կա, արդյոք լճակներ կամ բերդի ավերանկեր կան։ Կարող եք մեզ այն էլ հայտնել, թե այդ ավերակների հետ ինչ ավանդություն է կապված։
― Հերիք է,— գոռաց հանկարծ եֆրեյտորը։
— Բախտավոր մարդ եք,— ուրախացավ Շվեյկը,— իսկ ուրիշներին միշտ որևէ բան հերիք չի անում։
— Բրիգադում քեզ խելքի կբերեն, իսկ ես չեմ ուզում քեզ հետ գլուխ դնել,— դա եղավ եֆրեյտորի վերջին խոսքը, որից հետո նա խորասուզվեց կատարյալ լռության մեջ։
Պահակներն առհասարակ քիչ էին զվարճանում։ Հունգարացին գերմանացու հետ զրուցում էր մի հատուկ եղանակով, քանի որ գիտեր միայն գերմաներեն «jawohl»[16]
և «was?»[17] բառերը։ Երբ գերմանացին նրան մի բան էր պատմում, հունգարացին գլխով էր անում և շարունակ կրկնում «jawohl», իսկ երբ գերմանացին լռում էր, ասում էր․ «was?» և գերմանացին նորից էր սկսում։ Պահակ չեխն իրեն պահում էր արիստոկրատավարի, ոչ ոքի վրա ուշադրություն չէր դարձնում և զվարճանում էր նրանով, որ խնչում էր հատակին, շատ հմտորեն օգտագործելով աջ ձեռքի բութ մատը, ապա, մտազբաղ, հրացանի կոթով խլինքը դեսուդեն էր քսմսում, հետո կեղտոտված կոթը մաքրում շալվարին քսելով, միաժամանակ անդադար քրթմնջալով, «Սո՜ւրբ կույս»։— Քեզ մի տեսակ չի հաջողվում,— ասաց նրան Շվեյկը։— Բոիշչեում, նկուղային բնակարանում, մի ավլող էր ապրում, անունը Միխաչեկ։ Նա մեկ-մեկ խնչում էր լուսամուտի ապակու վրա և այնպես վարպետորեն քսմսում, որ ստացվում էր այն պատկերը, թե ինչպես Լիբուշան Պրագային փառք է գուշակում։ Ամեն մի պատկերի համար նա կնոջից այնպիսի պետական թոշակ էր ստանում, որ շարունակ ման էր գալիս քիթ ու մռութն ուռած։ Սակայն այդ զբաղմունքից նա ձեռք չքաշեց և շարունակում էր կատարելագործվել։ Ճիշտ է, դա նրա միակ զվարճությունն էր։
Լեհը ոչինչ չպատասխանեց, և ի վերջո ամբողջ պահակախումբը խորասուզվեց կատարյալ լռության մեջ, կարծես թաղման էին գնում և բարեպաշտորեն խորհում ննջեցյալի մասին։
Այդպես մոտենում էին Վոյալիչին, որտեղ գտնվում էր բրիգադի շտաբը։
* * *
Այդ միջոցին բրիգադի շտաբում տեղի էին ունեցել էական փոփոխություններ։
Շտաբի պետ էր նշանակվել գնդապետ Հերբիխը։ Նա ռազմական մեծ ընդունակություններ ուներ, որոնք արտահայտվում էին պոդագրայի նոպան բռնելիս։ Սակայն մինիստրությունում նա շատ ազդեցիկ մարդիկ ուներ, որոնց շնորհիվ թոշակի չէր գնում, այլ քարշ էր գալիս զանազան խոշոր զինվորական միավորումների շտաբներում, ստանում բարձր ռոճիկներ՝ պատերազմական ժամանակի ամենաբազմատեսակ հավելումներով, և պաշտոնում մնում էր այնքան ժամանակ, մինչև որ պոդագրայի հերթական նոպայի պահին որևէ հիմարություն էր անում։ Դրանից հետո նրան փոխադրում էին մի այլ տեղ, սովորաբար պաշտոնի բարձրացումով։ Ճաշի ժամանակ նա սպաների հետ խոսում էր բացառապես իր ոտքի այտուցավորված բութ մատի մասին, որն երբեմն այնպես էր ուռչում, որ գնդապետը ստիպված էր լինում հատուկ չափսի սապոգ հագնել։
Ուտելու ժամանակ նրա ամենահաճելի զվարճությունն էր՝ բոլորին պատմել, թե այդ մատը անդադար քրտնում է, թե շարունակ հարկ է լինում բամբակով փաթաթել և թե մատի քրտինքից թթված մսասուպի հոտ է գալիս։
Հասկանալի է, թե ինչու ամբողջ սպայական կազմը անկեղծ ուրախությամբ էր Հերբիխին հրաժեշտ տալիս, երբ նրան որևէ այլ աեղ էին փոխադրում։ Բայց ընդհանուր առմամբ նա սիրալիր պարոն էր։ Կրտսեր սպաների հետ վարվում էր մտերմաբար և նրանց պատմում, թե մի ժամանակ ինչքա՛ն էր խմում և ինչպիսի համեղ բաներ ուտում, քանի դեռ այդ ցավն իրեն չէր բռնել։