Գեներալը նրան հրամայեց իր հետևից մտնել սենյակ, և երբ նրանք նստեցին, նա սպասյակի դեմքի վրա քրքրված հեռագիրը նետեց սեղանին և ողբերգական ձայնով ասաց.
— Կարդա՛, սա քո արածն է։
Մինչ մայորը կկարդար հեռագիրը, գեներալը հետ ու առաջ էր վազվզում սենյակում, աթոռներն ու աթոռակները շուռ տալով և գոռալով.
— Եվ այնուամենայնիվ ես նրան կախել կտամ։
Հեռագրի բովանդակությունն այս էր․
«Տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատար Յոզեֆ Շվեյկը, գործուղված լինելով որպես զորաբնակարանապետ, սույն ամսի 16-ին անհետ կորել է Խիրով—Ֆելդշտայն անցումի ժամանակ։ Անհապաղ հետևակ զինվոր Շվեյկին ուղարկել Վոյայլիչ՝ բրիգադի շտաբ»։
Մայորը բացեց սեղանի արկղը, հանեց քարտեզը և սկսեց միտք անել. քանի որ Ֆելդշտայնը գտնվում է Պերեմիշլից քառասուն կիլոմետր դեպի հարավ-արևելք, ապա անլուծելի հանելուկ է, թե ինչպե՛ս է Շվեյկը ռուսական համազգեստ ձեռք բերել մի վայրում, որը հարյուրհիսուն կիլոմետր ռազմաճակատից հեռու է, քանի որ խրամատները ձգվում են Սոկալ — Տուրզե — Կոզլով գծով։
Երբ մայորը գեներալին այդ բանն ասաց և քարտեզի վրա ցույց տվեց այն վայրը, որտեղ ըստ հեռագրի Շվեյկը կորել էր մի քանի օր առաջ, գեներալը եզան պես բառաչեց, զգալով, որ դաշտային դատարանի վրա դրած իր բոլոր հույսերն ի դերև եղան։ Նա մոտեցավ հեռախոսին, զանգահարեց պահակատուն և հրամայեց անհապաղ կալանավոր Շվեյկին բերել իր մոտ՝ մայորի բնակարանը։ Սպասելով այդ հրամանի կատարմանը, գեներալը անասելի նզովքներով իր ափսոսանքն էր հայտնում, որ չի կարգադրել Շվեյկին կախել անհապաղ, իր անձնական ռիսկով, առանց որևէ հարցաքննության։
Մայորն առարկում և մի գլուխ ինչ-որ բան էր պնդում օրենքի և արդարության մասին, որոնք քայլում են ձեռք-ձեռքի տված, ճոռոմ պարբերություններով ճառախոսում էր արդար դատի, դատական ճակատագրական սխալների և առհասարակ այն ամենի մասին, ինչ գլուխն էր գալիս, որովհետև խումարից գլուխը սաստիկ ցավում էր, և նա խոսակցությամբ մտքերը ցրելու կարիք էր զգում։
Երբ, վերջապես, Շվեյկին բերին, մայորը նրան հրամայեց բացատրել թե Ֆելդշտայնի մոտ ի՛նչ է պատահել և առհասարակ ինչպես է լույս ընկել այդ ռուսական համազզեստը։
Շվեյկն հանգամանորեն ամեն ինչ բացատրեց, իր դրույթները հիմնավորելով մարդկային ձախորդությունների պատմությունից բերած օրինակներով։ Երբ մայորը հարցրեց, թե հապա ինչո՞ւ նա այդ մասին հարցաքննության ժամանակ չի հայտնել, Շվեյկը պատասխանեց, թե, ճիշտն ասած, այդ ժամանակ ոչ ոք նրան այդ մասին չի հարցրել, թե բոլոր հարցերը հանգում էին միայն մի բանի. «Ընդունո՞ւմ եք, որ թշնամու համազգեստը հագել եք ձեր հոժար կամքով և առանց որևէ ճնշման»։— Քանի որ դա ճիշտ էր, ապա նա ուրիշ ոչինչ չէր կարող ասել, բացի հետևյալից․ «Անպայման, այո, իսկապես, ճիշտ այդպես, անկասկած»։ Իսկ մյուս կողմից նա դատարանում ժխտել է իրեն ներկայացված այն մեղադրանքը, թե իբր թագավոր կայսրին դավաճանել է։
— Այս մարդը պարզապես ապուշ է,— ասաց գեներալը մայորին։— Շորերը հանել լճակի ամբարտակի վրա և հագնել ռուսական համազգեստ, որ աստված գիտե ով է թողել այնտեղ, թույլ տալ, որ իրեն մտցնեն ռուս գերիների խմբի մեջ,— այդպիսի բանի ընդունակ է միայն ապուշը։
― Համարձակվում եմ զեկուցել,— պատասխանեց Շվեյկը,— ես ինքս էլ հաճախ նկատում եմ, որ տկարամիտ եմ, մանավանդ իրիկնադեմին...
— Ձա՛յնդ, ավանակ,— գոռաց նրա վրա մայորը և գեներալին հարցրեց, թե հիմա Շվեյկին ինչ պետք է անել։
― Թող նրան բրիգադում կախեն,— վճռեց գեներալը։
Մի ժամ անց Շվեյկին պահակախմբի հսկողությամբ տարան կայարան, որպեսզի հասցնեն Վոյալիչ՝ բրիգադի շտաբը։
Բանտում Շվեյկը իրենից հետո մի փոքրիկ հիշատակ թողեց․ պատի վրա մի տաշեղի կտորով երեք սյունակների մեշ խզբզեց այն բոլոր սուպերի, սոուսների և ակրատների ցուցակը, որ կերել էր նախքան պատերազմը։ Դա յուրահատուկ բողոք էր այն բանի դեմ, որ քսանչորս ժամվա ընթացքում բերանը բան չէր դրել։
Շվեյկի հետ միասին բրիգադ ուղարկվեց հետևյալ գրությունը. «№ 469 հեռագրի հիման վրա հետևակ զինվոր Յոզեֆ Շվեյկը, որ փախել է տասնմեկերորդ երթային վաշտից, հետագա հետաքննության համար հանձնվում է բրիգադի շտաբին»։
Պահակախումբը, որ բաղկացած էր չորս հոգուց, իրենից ներկայացնում էր տարբեր ազգությունների մի խառնուրդ։ Նրա մեջ կար լեհ, հունգարացի, գերմանացի և մի չեխ, որին, եֆրեյտորի աստիճան ունենալու համար, պահակախմբի պետ էին նշանակել և որն իր հայրենակից կալանավորի առաջ լոպպազանում էր, ցուցադրելով նրա նկատմամբ ունեցած իր անսահմանափակ իշխանությունը։ Երբ Շվեյկը կայարանում միզելու թույլտվություն խնդրեց, եֆրեյտորը շատ կոպիտ պատասխանեց, թե նա կարող է միզել բրիգադ հասնելուց հետո։
— Լա՛վ,— համաձայնեց Շվեյկը,— միայն թե այդ հրամանը ինձ տվեք գրավոր, որպեսզի, երբ միզափամփուշտս պայթի՝ բոլորն իմանան, թե մեղավորն ով է եղել։ Դրա համար օրենք կա, պարոն եֆրեյտոր։
Եֆրեյտորը, որ բռի գեղացի էր, այդ միզափամփուշտից վախեցավ, և ամբողջ պահակախումբը Շվեյկին կայարանի միջով հանդիսավորապես տարավ արտաքնոց։
Առհասարակ եֆրեյտորը ճանապարհորդության ընթացքում մոլեգնած մարդու տպավորություն էր գործում և իրեն այնպես գոռոզ էր պահում, որ կարծես հենց հաջորդ օրը առնվազն կորպուսի հրամանատարի կոչում պիտի ստանար։
Երբ նրանք նստեցին Պերեմիշլ — Խիրով ուղղությամբ մեկնող գնացքը, Շվեյկը նրան ասաց.