Հավանաբար պատահել է, որ դուք մեկն ու մեկի հետ նստել եք մինչև լուսաբաց, և հանկարծ ձեր բաժակակիցը բռնել է գլուխը, տեղից վեր թռել և գոռացել․ «Հիսո՜ւս Քրիստոս, ես ժամը ութին պետք է պաշտոնավայրում լինեի»։ Դա այսպես կոչված ծառայողական պարտքի գիտակցման նոպա է, որ մարդու բռնում է խղճի խայթի ներգործության հետևանքով։ Այդ ազնիվ նոպայով բռնված մարդուն ոչինչ չի կարող հետ կանգնեցնել սրբազան համոզմունքից, թե նա պարտավոր է անհապաղ լրացնել այն բացը, որ թույլ է տվել իր ծառայության մեջ։ Հենց դրանք են այն անգլխարկ ուրվականները, որոնց բարապանները հիմնարկությունների միջանցքներում բռնում և իրենց խցիկներում պառկեցնում են թախտի վրա, որ մի լավ քնեն։
Ճիշտ այդպիսի նոպա էր բռնել մայորին այդ գիշեր։ Երբ նա արթնացել էր բազկաթոռի մեջ, հանկարծ մտքովն անցել էր, թե պետք է անմիջապես Շվեյկին հարցաքննի։ Ծառայողական պարտքի գիտակցման այդ նոպան վրա էր հասել այնպես հանկարծակի, իսկ մայորն էլ նրան ենթարկել էր այնպիսի արագությամբ ու վճռականությամբ, որ նրա անհետանալն ու բացակայությունը ոչ ոք չնկատեց։ Բայց դրա փոխարեն շատ ավելի զգալի եղավ նրա ներկայությունը զինվորական բանտի պահակատանը, ուր նա ներս ընկավ ռումբի նման։
Հերթապահ ֆելդֆեբելը քնած էր սեղանի հետևում նստած, իսկ նրա շուրջը բազմապիսի պոզաներով ննջում էին ժամապահները։
Մայորը, գլխարկը թեք դրած, սկսեց այնպես հայհոյել, որ հորանջողներն այդպես էլ մնացին բերանները բաց, բոլորի դեմքերն այլայլվեցին։ Վհատված և մի տեսակ ծամածռվելով, մայորին նայում էր ոչ թե զինվորների ջոկատ, այլ սեպերը բացած կապիկների մի ոհմակ։
Մայորը բռունցքը խփեց սեղանին և ֆելդֆեբելի վրա բղավեց.
— Հե՛յ, բռի գեղացի, հազար անգամ ձեզ ասել եմ, որ ձեր զինվորները հոտած խոզերի բանդա են։— Դիմելով քարացած զինվորներին, նա գոռաց.— Զինվորնե՛ր, ձեր աչքերից ապուշություն է թափվում նույնիսկ այն ժամանակ, երբ քնած եք, իսկ երբ արթնանում եք, անասուննե՛ր, դեմքներդ այնպես եք ծամածռում, որ կարծես ամեն մեկդ մի վագոն դինամիտ եք խժռել։
Դրան հետևեց մի երկար ու հանգամանալից քարոզ ժամապահների պարտականությունների մասին, և ի վերջո մայորը պահանջեց անհապաղ բացել այն խուցը, որտեղ գտնվում է Շվեյկը, քանի որ ցանկանում է հանցագործին նոր հարցաքննության ենթարկել։
Ահա այդպես մայորը գիշերն ընկավ Շվեյկի մոտ։
Նա Շվեյկի խուցը մտավ այն ժամանակ, երբ, ինչպես ասում են, այլևս գլխին խելք չկար։
Նրա վերջին պոռթկումն այն եղավ, որ հրամայեց բանտի բանալիներն իրեն հանձնել։
Ֆելդֆեբելը մայորի այդ պահանջից իրեն կորցրեց, բայց, հիշելով իր պարտականությունները, հրաժարվեց բանալիները հանձնել, մի բան, որ անսպասելիորեն մայորի վրա շատ լավ տպավորություն գործեց։
— Հե՛յ, հոտած խոզերի բանդա,— գոռաց նա բակում,— եթե բանալիներն հանձնեիք, ես ձեզ ցույց կտայի։
— Համարձակվում եմ զեկուցել,— պատասխանեց ֆելդֆեբելը, — ստիպված եմ ձեզ վրա դուռը փակել և ձեր անվտանգության համար կալանավորի մոտ պահակ նշանակել։ Եթե կցանկանաք դուրս գալ, պարոն մայոր, բարի եղեք դուռը ծեծել։
— Հե՛յ, ապուշ,— ասաց մայորը,— կապի՛կ, ուղտի՛ մեկը, կարծում ես ինչ-որ կալանավորից վախենո՞ւմ եմ, որ ուզում ես նրան հարցաքննելիս պահակ կանգնեցնել։ Գրո՛ղը տանի ձեզ, դուռը կողպեցեք վրաս և ռադ եղեք։
Դռան վերևի փոքրիկ լուսամուտում ցանցապատ լապտերի մեջ ամփոփված և պատրույգն իջեցրած նավթի լամպն այնքան աղոտ լույս էր արձակում, որ մայորը դժվարությամբ գտավ քնից արթնացած Շվեյկին, որը, իր նարի մոտ ձիգ կանգնած, համբերությամբ սպասում էր, թե այդ այցելությունն ինչով է վերջանալու։
Շվեյկը որոշեց, թե ամենաճիշտն այն կլինի, որ ներկայանա պարոն մայորին, ուստի եռանդագին զեկուցեց․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր, առկա է մեկ կալանավոր, ուրիշ դեպքեր չեն պատահել։
Մայորն հանկարծ մոռացավ, թե ինչի համար է եկել այդտեղ, և ասաց.
— Ազա՛տ։ Ո՞ւր է քո այդ կալանավորը։
— Կալանավորը, համարձակվում եմ զեկուցել, ես ինքս եմ,— հպարտ պատասխանեց Շվեյկը։
Սակայն մայորն այդ պատասխանի վրա ուշադրություն չդարձրեց, քանի որ գեներալի գինին ու լիկյորները նրա ուղեղի մեջ հարուցեցին վերջին ալկոհոլային ռեակցիան, և նա հորանջեց այնպես զարհուրելի, որ եթե նույնն աներ մի ոչ զինվորական, անպայման ծնոտը դուրս կընկներ։ Մայորի այդ հորանջը նրա մտքերն ուղղեց դեպի ուղեղի այն գալարները, որտեղ պահվում է երգելու ձիրքը։ Նա անկաշկանդ ընկավ Շվեյկի նարին փռված ներքնակի վրա և այնպիսի ձայնով, որով իր վախճանից առաջ ճղղում է կիսամորթ խոզի ճուտը, զլեց.
Oh Tannenbaum, oհ Tannenbaum!
Wie schön sind deine Blätterr![14]
Նա այդ ֆրազն իրար հետևից կրկնեց մի քանի անգամ, մեղեդին հարստացնելով անհոդաբաշխ կաղկանձյուններով։ Ապա արջի քոթոթի պես ընկավ մեջքի վրա, կուչ եկավ ու տեղնուտեղը խռմփաց։
— Պարո՛ն մայոր,— փորձեց նրան արթնացնել Շվեյկը,― համարձակվում եմ զեկուցել, ձեզ վրա ոջիլ կքաշվի։
Բայց դա անօգուտ եղավ։ Մայորը մեռելի պես քնած էր։
Շվեյկը խանդաղատանքով նայեց նրան և ասաց․ «Որ այդպես է քնիր, նանի՜կ, նանի՜կ, հարբեցողի մեկը»,— և նրան ծածկեց շինելով։ Առավոտյան նրանց գտան իրար ամուր հպված։
Ժամը իննի մոտ, անհետացած մայորին որոնելու ամենաթունդ պահին, Շվեյկը նարից ցած իջավ և անհրաժեշտ համարեց պարոն պետին արթնացնել․ վրայից քաշեց ռուսական շինելը և սկսեց եռանդով ցնցել, մինչև որ, վերջապես, մայորը բարձրացավ ու նստեց նարի վրա։ Նա բութ հայացքով նայեց Շվեյկին, կարծես նրա մեջ որոնելով այն հարցի լուծումը, թե իրեն ինչ է պատահել։