— Այդ դեպքում դուք…— կակազելով թոթովեց հյուրը։
— Այո, դեպքն այդպես է բերել,— պատասխանեց ֆելդկուրատը։
Հյուրի դեմքին նորից համառություն ու չարություն երևաց։
— Պարո՛ն, դա խարդախություն է,— ասաց նա, ոտքի կանգնելով։
― Հանգստացե՛ք, հարգելիս։
— Դա խարդախությո՛ւն է,— բղավեց համառ հյուրը։— Դուք չարաշահեցիք իմ վստահությունը։
— Պարո՛ն,— ասաց ֆելդկուրատը,— ձեզ համար, անշուշտ, օդափոխությունը օգտակար կլինի։ Այստեղ չափազանց տոթ է… Շվեյկ,— ձայն տվեց նա։— Այս պարոնին անհրաժեշտ է մաքուր օդ շնչել։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ,— լսվեց խոհանոցից,— ես նրան արդեն մի անգամ դուրս եմ արել։
— Կրկնե՛լ,— հրամայեց ֆեքդկուրատը, և հրամանը կատարվեց արագ, հապշտապ ու անխնա։
Սանդուղքի վրայից վերադառնալով, Շվեյկն ասաց.
— Լավ եղավ, որ մենք նրանից ազատվեցինք ավելի շուտ, քան նա կարող էր կռիվ գցել… Մալեշիցիում մի պանդոկապետ կար, մի շատ կարդացած մարդ։ Ամեն դեպքի համար աստվածաշնչից մի խոսք մեջ կբերեր։ Ամեն անգամ, երբ մեկնումեկին պիտի մտրակով ծեծեր, ասում էր. «Ով խարազանն ափսոսում է՝ ատում է իր որդուն, իսկ ով սիրում է նրան՝ պատժում է ժամանակին։ Ես քեզ ցույց կտամ, թե ինչ ասել է իմ պանդոկում կռիվ գցել»։
— Ա՛յ, տեսնում եք, Շվեյկ, թե քահանային չհարգողների գլխին ինչ է գալիս։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասել է․ «Ով հարգում է հովվին յուր՝ հարգում է, Քրիստոսին հանձին յուր հովվի։ Ով անարգում է հովվին՝ անարգում է աստծուն, քանզի հովիվը ներկայացուցիչն է նրա…»։ Վաղվա համար մենք պետք է լավ պատրաստվենք։ Պատրաստեցեք վետչինայով ձվածեղ, փունջ-բորդո եփեցեք, իսկ հետո մենք մեզ կնվիրենք խորհրդածությունների, քանզի, ինչպես ասված է երեկոյան աղոթքի մեջ․ «ողորմությամբ աստծո խափանված են թշնամյաց բոլոր դավերն ընդդեմ տանն այս»։
Աշխարհիս երեսին անդրդվելի մարդիկ կան։ Դրանց թվին էր պատկանում և այն այրը, որին երկու անգամ դուրս էին նետել ֆելդուրատի բնակարանից։ Ընթրիքը նոր էին պատրաստել, երբ մեկը դռան զանգը քաշեց։ Շվեյկը գնաց դուռը բացելու, շուտով հետ եկավ և զեկուցեց։
— Դարձյալ նա այստեղ է։ Ես առայժմ նրան փակել եմ վաննայի սենյակում, որպեսզի կարողանանք հանգիստ ընթրել։
— Լավ չեք արել, Շվե՛յկ,— ասաց ֆելդկուրատը։— Հյուրն աստծունն է։ Հնում խրախճանքների ժամանակ խեղկատակներին ստիպում էին քեֆ անողներին զվարճացնել։ Հապա նրան բերեք այստեղ, թող մեզ զվարճացնի։
Մի րոպե անց Շվեյկը վերադարձավ անդրդվելի պարոնի հետ։ Պարոնը մռայլ տեսք ուներ։
— Նստեցե՛ք,— սիրալիր, առաջարկեց նրան ֆելդկուրատը։— Մենք հենց հիմա վերջացնում ենք ընթրիքը։ Հենց նոր օմար ու սաղմոն կերանք, իսկ հիմա անցել ենք վետչինայով ձվածեղին։ Ինչո՞ւ քեֆ չանենք, երբ աշխարհիս երեսին այնպիսի մարդիկ կան, որ մեզ փող են պարտք տալիս։
— Հուսով եմ, որ ես կատակների համար չեմ գտնվում այստեղ, ասաց մռայլ պարոնը։— Ես այսօր արդեն երկրորդ անգամ եմ այստեղ։ Հուսով եմ, որ հիմա ամեն ինչ կպարզվի։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդկուրատ,— ասաց Շվեյկը,― իսկը հիդրա է։ Լիբենցի Բոուշեկը ձեզ օրինակ։ Մի երեկոյի ընթացքում նրան տասնութ անգամ դուրս շպրտեցին «Էկսներ» գարեջրատնից, իսկ նա ամեն անգամ հետ էր գալիս, թե, գիտեք, «ծխամորճս մոռացել եմ»։ Ներս էր խցկվում լուսամուտներից, դռնից, խոհանոցից, պանդոկի ցանկապատի վրայով, ու մոտենում էր այն վաճառասեղանին, ուր գարեջուր են բաց թողնում, և երևի ցած կիջներ նաև ծխնելույզի միջով, եթե հրդեհաշեջները նրան տանիքի վրայից ցած չբերեին։ Այնքան անդրդվելի էր, որ կարող էր մինիստր կամ դեպուտատ դառնալ։ Մի լա՜վ քոթակեցին։
Անդրդվելի պարոնը, չլսելու տալով, համառորեն կրկնում էր.
— Ես ուզում եմ վերջնականապես պարզել մեր գործերը և խնդրում եմ ինձ լսել։
— Թույլ եմ տալիս,— ասաց ֆելդկուրատը։— Խոսեցեք, հարգելի՛ս։ Խոսեցեք որքան կուզեք, իսկ մենք, առայժմ կշարունակենք մեր խնջույքը։ Հուսով եմ, որ դա ձեզ չի խանգարի խոսել։ Շվե՛յկ, մատուցեցեք ուտելիքը։
— Ինչպես ձեզ հայտնի է,— ասաց անդրդվելի պարոնը,― ներկայումս մոլեգնում է պատերազմը։ Ես այդ գումարը ձեզ պարտք եմ տվել պատերազմից առաջ, և եթե պատերազմ չլիներ, այդպես համառորեն չէի պնդի վճարել։ Բայց ես տխուր փորձ ունեմ։
Նա գրպանից հանեց ծոցատետրը և շարունակեց.
— Ես այստեդ ամեն ինչ գրի եմ առել։ Պորուչիկ Յանատան ինձ պարտք էր 700 կրոն, բայց, չնայած դրան, համարձակվեց սպանվել Դրինայի ճակատամարտում։ Պոդպորուչիկ Պրաշեկը գերի ընկավ ռուսական ռազմաճակատում, թեև ինձ պարտք է 2000 կրոն։ Կապիտան Վիխտերլեն, ինձ պարտք լինելով նույնպիսի մի գումար, իրեն թույլ տվեց սպանվել իր իսկ զինվորների ձեռքով Ռուսկայա Ռավայի մոտ։ Պորուչիկ Մախեկը Սերբիայում գերի ընկավ, այնինչ ինձ 1500 կրոն պարտք էր մնացել։ Եվ այդպիսիք իմ ծոցատետրում շատ կան։ Մեկը սպանվում է Կարպատներում, իմ չվճարված մուրհակը հետը, մյուսը, գերի է ընկնում, մյուսը, հակառակի պես, խեղդվում է Սերբիայում, իսկ չորրորդը Հունգարիայում մեռնում հոսպիտալում։ Հիմա դուք հասկանում եք, թե ինչից եմ վախենում։ Այս պատերազմն ինձ կկործանի, եթե ես եռանդուն ու անզիջում չլինեմ։ Դուք կարող եք առարկել, թե ձեզ ոչ մի վտանգ չի սպառնում։ Բայց, ահա, տեսեք։
Նա ֆելդկուրատի քթին դեմ արեց իր ծոցատետրը։
— Տեսեք, ֆելդկուրատ Մատիաշը մի շաբաթ առաջ մեռել է Բռնոյի վարակիչ հոսպիտալում։ Դե ե՛կ ու դիմացիր։ Չի վճարել ինձ 1800 կրոն և գնում է խոլերային բարաքում վերջին օծում տալու մի հիվանդի, որի հետ ոչ մի առնչություն չունի։
— Դա նրա պարտքն է եղել, սիրելի՛ս,— ասաց ֆելդկուրատը։— Ես էլ վաղը գնում եմ վերջին օծում տալու։
— Եվ նույնպես խոլերային բարաքում,— մեջ մտավ Շվեյկը։— Կարող եք մեզ հետ գալ, որպեսզի ձեր աչքով տեսնեք, թե ինչ ասել է անձնազոհություն։