— Պարոն ֆելդկուրատ,— շարունակեց անդրդվելի պարոնը,— հավատացեք, որ իմ դրությունը հուսահատական է։ Մի՞թե պատերազմը նրա համար է, որ իմ բոլոր պարտապաններին այն աշխարհն ուղարկի։
― Երբ ձեզ զինվորական ծառայության կանչեն և դուք ռազմաճակատ ընկնեք,— ասաց Շվեյկը,— պարոն ֆելդկուրատն ու ես պատարագ կանենք, որ աստծո ողորմությամբ առաջին իսկ արկը ձեզ կտոր-կտոր անի։
— Պարո՛ն, ես ձեզ հետ լուրջ գործ ունեմ,— պնդեց հիդրան, դիմելով ֆելդկուրատին։— Ես պահանջում եմ, որ ձեր ծառան չխառնվի մեր գործերին և հնարավորություն տա այժմ իսկ վերջացնելու դրանք։
— Կներեք, պարոն ֆելդկուրատ,— արձագանքեց Շվեյկը,— բարեհաճեցեք ինքներդ հրամայել, որ ձեր գործերին չխառնվեմ, այլապես սրանից հետո էլ ես պիտի պաշտպանեմ ձեր շահերը, ինչպես վայել է ամեն մի ազնիվ զինվորի։ Այս պարոնը միանգամայն իրավացի է, նա ուզում է այստեղից իր ոտքով գնալ, առանց կողմնակի օգնության։ Ասենք, ես էլ սկանդալների սիրահար չեմ, կարգին մարդ եմ։
— Արդեն զահլաս գնաց,— ասաց ֆելդկուրատը, ասես հյուրի ներկայությունը չնկատելով։— Ես կարծում էի, թե այս մարդը մեզ կզվարճացնի, զանազան անեկդոտներ կպատմի, իսկ նա պահանջում է, որ ես ձեզ հրամայեմ չխառնվել այդ գործերին, թեև արդեն երկու անգամ հետը գործ եք ունեցել։ Այսպիսի մի երեկո, այնքա՜ն վսեմ կրոնական ակտի նախօրեին, երբ ես իմ բոլոր խոհերը պետք է ուղղեմ առ աստված, կպել է ինձ ինչ-որ թշվառ 1200 կրոնի տխմար պատմությամբ, ինձ շեղում է խիղճս փորձության ենթարկելուց և աստծուց, և ուզում է, որ մի անգամ էլ ասեմ, թե հիմա իրեն ոչինչ չեմ տա։ Այլևս չեմ ուզում դրա հետ խոսել, որպեսզի այս սրբազան երեկոն պղծած չլինեմ։ Ինքներդ ասացեք նրան, Շվե՛յկ. «Պարոն ֆելդկուրատը ձեզ ոչինչ չի տա»։
Շվեյկը կատարեց հրամանը, բղավելով ուղղակի հյուրի ականջի մեջ։
Անդրդվելի հյուրը, սակայն, նստած մնաց։
— Շվե՛յկ, ասաց ֆելդկուրատը,— հարցրեք նրան, դեռ էլի՞ է ուզում այստեղ տնկված մնալ։
— Տեղիցս չեմ շարժվի, մինչև որ ինձ չվճարեք,— համառորեն հայտարարեց հիդրան։
Ֆելդկուրատը վեր կացավ, մոտեցավ լուսամուտին ու ասաց․
— Այդ դեպքում դրան հանձնում եմ ձեզ, Շվեյկ։ Արեք ինչ կցանկանաք։
— Գնանք, պարո՛ն,— ասաց Շվեյկը, բռնելով անկոչ հյուրի ուսերից։— Աստված երրորդություն է սիրում։
Եվ իր վարժությունը կրկնեց արագ ու էլեգանտ կերպով, կրկնեց այն թաղման քայլերգի հնչյունների ներքո, որ ֆելդկուրատը մատներով տկտկացնում էր լուսամուտի ապակու վրա։
Բարեպաշտական խոհերին նվիրված երեկոն, թևակոխեց մի քանի փուլեր։ Ֆելդկուրատն այնպես ջերմեռանդորեն էր ձգտում առ աստված, որ արդեն գիշերվա ժամը տասներկուսին նրա բնակարանից լսվում էր այս երգը.
Ամեն անգամ մեր գնալիս
Խեղճ աղջիկներն էին լալիս…
Նրա հետ միասին երգում էր և քաջարի զինվոր Շվեյկը։
Զինվորական հոսպիտալում օծվելու փափագ ունեին երկու հոգի՝ մի ծեր մայոր և մի պահեստի սպա, բանակի նախկին աստիճանավոր։ Կարպատներում նրանց երկուսի փորին էլ մեկական գնդակ էր դիպել, և նրանք պառկած էին կողք-կողքի։ Պահեստի սպան իր պարտքն էր համարում օծվել այն պատճառով, որ իր պետը, մայորը, փափագում էր օծվել․ նա գտնում էր, որ եթե թույլ չտա իրեն էլ օծել, ապա որպես ստորադրյալ խախտած կլինի աստիճանահարգությունը։ Բարեպաշտ մայորը դա անում էր այն ակնկալությամբ, թե աղոթքն իրեն կապաքինի։ Սակայն օծման նախորդ գիշերը նրանք մեռել էին, և երբ առավոտյան ֆելդկուրատը Շվեյկի հետ միասին եկավ հոսպիտալ, երկու մարտիկները սևացած դեմքերով, որպիսիք բնորոշ են շնչահեղձությունից մեռածների համար, պառկած էին սավանների տակ։
— Այնպես հանդիսավոր կերպով էինք գալիս, պարոն ֆելդկուրատ, իսկ հիմա մեր ամբողջ գործը փչացրին,— վրդովվեց Շվեյկը, երբ գրասենյակում նրանց հայտնեցինհ թե այն երկու հոգին այլևս ոչ մի բանի կարիք չունեն։
Եվ, հիրավի, նրանք ժամանել էին հանդիսավորապես։ Ճանապարհին Շվեյկը զանգահարում էր, իսկ ֆելդկուրատը ձեռքին բռնել էր անձեռոցիկի մեջ փաթաթած ձիթայուղի շիշը և, լուրջ տեսք առած, այդ շշով օրհնում էր իրենց գլխարկները հանող անցորդներին։ Ճիշտ է, նրանք շատ չէին, թեև Շվեյկն աշխատում էր իր զանգակով որքան կարելի է շատ աղմուկ հանել։
Կառքի հետևից երեխաներ էին վազում․ նրանցից մեկը կպել էր կառքի հետնամասից, իսկ մնացածները միաբերան գոռում էին.
— Հետև՛դ նայիր, հետև՛դ։
Շվեյկը զանգահարում էր, կառապանը մտրակով հարվածում կառքի հետևում նստած տղային։ Վոդիչկովա փողոցում վազեվազ կառքին հասավ մի բարապանուհի, որ սուրբ Մարիամի կոնգրեգացիայի անգամ էր և, թափով մեկ սլացող կառքի միջից ընդունելով ֆելդկուրատի օրհնությունը, երեսը խաչակնքեց, ապա թքեց․
— Իրենց այդ աստծու հետ, թռչում են սատանաների պես։ Մարդ հեշտությամբ կարող է թոքախտ ընկնել,— և հևալով վերադարձավ իր առաջվա տեղը։
Զանգակի զնգզնգոցն ամենից շատ անհանգստացնում էր կառապանի զամբիկին, որն, հավանաբար, այդ ձայնի հետ կապված ինչ-որ հիշողություններ ուներ։ Նա անընդհատ հետ-հետ էր նայում և երբեմն փողոցի մեջտեղում պարելու փորձեր անում։
Դա էր Շվեյկի ասած հանդիսավորությունը։
Ֆելդկուրատը գնաց գրասենյակ՝ օծման ֆինանսական կողմը կարգավորելու, և հոսպիտալի հաշվետարին մի հաշիվ ներկայացրեց, ըստ որի զինվորական գերատեսչությունը նրան, ֆելդկուրատին, օրհնած ձիթայուղի և ճանապարհածախսի համար պետք է վճարեր մոտավորապես 150 կրոն։ Այդ հարցի շուրջը հոսպիտալի պետի և ֆելդկուրատի միջև վեճ ծագեց։ Վերջինս բռունցքը սեղանին խփելով ասաց.