Читаем Քաջարի զինվոր Շվեյկի արկածները полностью

— Դարձյալ մենք մենակ ենք,— ասաց հոժարականը։— Քնից առաջ ես մի քանի րոպե կնվիրեմ մի դասախոսության, թե ինչպես օր օրի հարստանում են ենթասպաների ու սպաների կենդանաբանական գիտելիքները։ Պատերազմին նոր կենդանի նյութ և մտածող թնդանոթի միս հայթայթելու համար անհրաժեշտ է հիմնավորապես ծանոթանալ բնագիտությանը կամ Կոչիի հրատարակությամբ լույս տեսած «Տնտեսական բարեկեցության արդյունքները» գրքին, որի յուրաքանչյուր էջում հանդիպում են այսպիսի բառեր, անասուն, խոճկորներ, խոզեր։ Վերջերս, սակայն, կարող ենք նկատել, թե ինչպես մեր առավել առաջադիմական զինվորական շրջաններում նորակոչիկներին դիմելու համար գործածական են դառնում նոր անուններ։ Տասնմեկերորդ գնդում կապրալ Ալտհոֆը գործածում է «Էնդգանդինյան այծ» արտահայտությունը, Կարպատյան լեռներից եկած գերմանացի ուսուցիչ եֆրեյտոր Մյուլլերը նորակոչիկներին անվանում է «հոտած չեխեր», ֆելդֆեբել Զոնդերնումմերը՝ «իշագորտեր» ու «Յորկշիրի կռտած խոզեր», և յուրաքանչյուր նորակոչիկի խոստանում է նրանից խրտվիլակ պատրաստել, ըստ որում դրսևորում է մասնագիտական այնպիսի գիտելիքներ, որ կարծես խրտվիլակագործների տոհմից է սերում։ Զինվորական իշխանությունը ջանում է զինվորներին հայրենասիրություն ներշնչել յուրատեսակ միջոցներով, ինչպես, օրինակ՝ վայրենաբարո ոռնոցով, զորակոչիկների շուրջը պարելով, մարտաշունչ մռնչյունով, որ նման է աֆիիկական վայրենիների մռնչյունին, որով վերջիններս պատրաստվում են քերթել անմեղ այծեղջյուրի կաշին և կամ տապակել ճաշի համար մթերված որևէ միսիոների ազդրը։ Դա, իհարկե, գերմանացիներին չի վերաբերվում։ Երբ ֆելդֆեբել Զոնդերնումմերը խոսում է «խոզերի ավազակախմբի» մասին, ապա շտապում է ավելացնել «die tschechische»[37], որպեզի գերմանացիները չնեղանան և դա իրենց չվերագրեն։ Այդ միջոցին երկրորդ վաշտի բոլոր ենթասպաները աչքերնին չռում են այն խեղճ շան պես, որն ագահությունից կուլ է ավել Պրովանսի յուղի մեջ թաթախված սպունգն ու խեղդվել։ Մի անգամ ես լսեցի եֆրեյտոր Մյուլլերի ու կապրալ Ալտհոֆի խոսակցությունը աշխարհազորայինների ուսուցման պլանի մասին։ Այդ զրույցի ժամանակ ամենից շատ գործածվում էր «ein Paar Ohrfeigen»[38] արտահայտությունը։ Սկզբում ես կարծեցի, թե նրանք իրար հետ կռվում են և գերմանական զինվորական միասնությունը քայքայվում է։ Բայց չարաչար սխալվում էի։ Խոսքը վերաբերվում էր միայն զինվորներին։ «Եթե, օրինակ, այդ չեխական խոզը,— հեղինակավոր տոնով խրատում էր եֆրեյտոր Մյուլլերին կապրալ Ալտհոֆը,— երեսուն «Nieder!»[39]-ից հետո էլ չի սովորի մոմի պես ցից կանգնել, ապա նրա ռեխին մի երկու անգամ հասցնելը բավական չէ։ Հարկավոր է բռունցքով խփել փորին, մյուս ձեռքով գլխարկը քաշել-իջեցնել մինչև ականջները, հրամայել. «Kehrt euch!»[40], իսկ երբ հետ դառնա` ոտքով խփել հետույքին։ Այն ժամանակ կտեսնես, թե նա ինչպես ձիգ կկանգնի և ինչպես պրապորշչիկ Դաուերլինգը կսկսի ծիծաղել»։ Ի դեպ, ընկեր, հիմա պատմեմ ձեզ պրապորշչիկ Դաուերլինգի մասին։ Նրա մասին առաջին վաշտի նորակոչիկներն այնպիսի զարմանալի բաներ են պատմում, որպիսիք կարող է պատմել միայն Մեքսիկայի որևէ սահմանամերձ ֆերմայում բոլորից լքված մի տատիկ, երբ խոսք բացվի այս կամ այն մեքսիկացի հռչակավոր ավազակի մասին։ Նա կյանքի փայլուն ճանապարհ է անցել։ Նրա ծնվելուց քիչ հետո տատմերը նրան իր ձեռքից ցած է գցել, և փոքրիկ Դաուերլինգի գլուխը ջարդվել է։ Այնպես որ գլխի վրա մինչև հիմա էլ հետքը նկատվում է, ինչպես հյուսիսային բևեռի վրա ընկած գիսաստղ։ Բոլորն այն կարծիքին էին, որ ուղեղի ցնցումից հետո հազիվ թե նրանից մի բան դուրս գա։ Միայն նրա գնդապետ հայրն էր, որ հույսը չէր կորցնում և, ընդհակառակը, պնդում էր, թե այդպիսի մի չնչին բան նրան վնասել չի կարող, քանի որ, ինքնին հասկանալի է, մեծանալուց հետո երիտասարդ Դաուերլինգը իրեն կնվիրի զինվորական ծառայության։ Ռեալական ուսումնարանի չորս դասարանների դեմ մղած կատաղի պայքարից հետո,— իսկ այդ դասարանները նա էքստեռն ավարտեց, ըստ որում նրա առաջին տնային ուսուցիչը ժամանակից շուտ սպիտակեց ու խելագաովեց, իսկ մյուսը հուսահատությունից փորձեց իրեն ցած գցել Վիեննայի սուրբ Ստեֆան եկեղեցու աշտարակից,— Դաուերլինգը մտավ Հայնբուրգի յունկերական ուսումնարանը։ Յունկերական ուսումնարաններում բնավ ուշադրություն չէին դարձնում այնտեղ մտնող երիտասարդների կրթության աստիճանի վրա, քանի որ ավստրիական կադրային սպայի համար կրթությունը անհրաժեշտ չէր համարվում։ Զինվորական կրթության իդեալ էր «զինվոր-զինվոր» խաղալու ընդունակությունը։ Կրթությունը ազնվացնում է մարդուս հոգին, իսկ զինվորական ծառայության մեջ դա անհրաժեշտ չէ։ Որքան սպայությունը գռեհիկ լինի, այնքան ավելի լավ։ Յունկերական ուսումնարանի աշակերտ Դաուերլինգը հաջողակ չէր նույնիսկ այն առարկաների մեջ, որ յունկերական ուսումնարանի ամեն մի աշակերտ այսպես թե այնպես յուրացնում էր։ Յունկերական ուսումնարանում ևս իրենց զգալ էին տալիս այն բանի հետևանքները, որ Դաուերլինգը մանուկ հասակում գլուխը ջարդել էր։ Այդ դժբախտության մասին պարզեիպարզ խոսում էին քննությունների ժամանակ նրա տված պատասխանները, որոնք իրենց անմրցելի տխմարության համար համարվում էին կլասիկական։ Դասատուները նրան անվանում էին ոչ այլ կերպ, քան «unser braver Trottel»[41]։ Նրա տխմարությունն այնքան ակներև էր, որ բոլոր հիմքերը կային հուսալու, որ մի քանի տասնամյակներ հետո նա կընկնի Թերեզյան զինվորական ակադեմիա կամ Զինվորական մինիստրություն։ Երբ սկսվեց պատերազմը, Հայնբուրգի բոլոր երիտասարդ յունկերներին պրապորշչիկի աստիճան տվին։ Նորընծա պրապորշչիկների ցուցակի մեջ ընկավ և Կոնրադ Դաուերլինգը։ Այդպես հայտնվեց նա 91-րդ գնդում։

Перейти на страницу:

Похожие книги

Вор
Вор

Леонид Леонов — один из выдающихся русских писателей, действительный член Академии паук СССР, Герой Социалистического Труда, лауреат Ленинской премии. Романы «Соть», «Скутаревский», «Русский лес», «Дорога на океан» вошли в золотой фонд русской литературы. Роман «Вор» написан в 1927 году, в новой редакции Л. Леонона роман появился в 1959 году. В психологическом романе «Вор», воссоздана атмосфера нэпа, облик московской окраины 20-х годов, показан быт мещанства, уголовников, циркачей. Повествуя о судьбе бывшего красного командира Дмитрия Векшина, писатель ставит многие важные проблемы пореволюционной русской жизни.

Виктор Александрович Потиевский , Леонид Максимович Леонов , Меган Уэйлин Тернер , Михаил Васильев , Роннат , Яна Егорова

Фантастика / Проза / Классическая проза / Малые литературные формы прозы: рассказы, эссе, новеллы, феерия / Романы