Մայորը ամուսնացած էր չեխուհու հետ և չափազանց վախենում էր ազգային հարցի հետ կապված ամեն տեսակ վեճերից։ Մի քանի տարի առաջ, երբ նա Կուտնայա-Գորայում դեռևս կապիտան էր, ռեստորանում, հարբած վիճակում, մատուցողին չեխական խոզ էր անվանել։ (Անհրաժեշտ է ասել, որ մայորը հասարակության մեջ ու իր տանը բացառապես չեխերեն էր խոսում, և նրա որդիները սովորում էին չեխական գիմնազիաներում)։ «Խոսքը բերնիցդ թռցրիր, էլ տերը չես»,— և ահա այդ դեպքը թերթերի բերանն է ընկնում, իսկ Վիեննայի պառլամենտում մի դեպուտատ հարցապնդում է անում ռեստորանում մայոր Վենցելի թույլ տված արարքի մասին։ Վենցելն անախորժ դրության մեջ է ընկնում, որովհետև հենց այդ ժամանակ պառլամենտը պետք է հաստատեր զինապարտության օրինագիծը և, խնդրեմ, հենց այդ միջոցին մեջտեղ է գալիս հարբած կապիտան Վենցելի այդ պատմությունը։
Հետո կապիտանն իմանում է, որ այդ բոլորը ոմն հոժարական դերակալ-պրապորշչիկ Զիտկոյի սարքած գործն է։ Այդ Զիտկոն էր հոդված ուղարկել թերթին։ Նա ու կապիտան Վենցելը իրար հետ հաշիվներ ունեին դեռևս այն օրվանից, երբ մի անգամ Զիտկոն հասարակության միջ, հենց իր՝ կապիտան Վենցելի ներկայությամբ սկսել էր դատողություններ անել, թե. «Բավական է մարդ տեսնի աստծու ստեղծած աշխարհը, հորիզոնում երևացող ամպերն ու հեռվում բարձրացող լեռները, լսի անտառային ջրվեժի մռունչն ու հավքերի դայլայլը, որպեսզի ակամա մտածի, թե հոյակապ բնության համեմատությամբ ի՞նչ է ներկայացնում իրենից կապիտան Վենցելը,— նույնպիսի մի զրո, ինչպես և ամեն մի դերակալ պրապորշչիկ»։
Այդ ժամանակ բոլոր սպաները թունդ հարբած են եղել, կապիտան Վենցելն էլ է խմած եղել և ցանկացել է թշվառ փիլիսոփա Զիտկոյին շան քոթակ տալ։ Դրանից հետո նրանց թշնամությունը սաստկացել է, և կապիտան Վենցելը Զիտկոյից վրեժ էր լուծում որտեղ որ ձեռքից գալիս էր, մանավանդ որ պրապորշչիկի այն խոսքը, թե՝ «հոյակապ բնության համեմատությամբ ի՞նչ է ներկայացնում իրենից կապիտան Վենցելը», ասելիք էր դարձել և ամբողջ Կուտնայա-Գորայում բերնից բերան էր անցնում։ «ես այդ սրիկային կստիպեմ ինքնասպանություն գործել»,— ասել էր կապիտան Վենցելը։ Սակայն Զիտկոն պաշտոնաթող էր եղել և շարունակում էր փիլիսոփայությամբ զբաղվել։ Այդ օրվանից մայոր Վենցելը իր հերսը թափում է բոլոր կրտսեր սպաների վրա։ Նրա մոլեգնությունից զերծ չէ նույնիսկ պոդպորուչիկը, էլ չեմ խոսում յունկերների ու պրապորշչիկների մասին։ «Նրան կճզմեմ փայտոջիլի պես»,— սիրում է ասել մայոր Վենցելը, և վա՜յ այն պրապորշչիկին, որ մի դատարկ բանի համար որևէ զինվորի ուղարկում է գումարտակային զեկույցի։ Նրա քննությանը ենթակա են միայն մեծ ու ծանր զանցանքները, օրինակ, այն, որ պահակը քնում է վառոդի պահեստի պահակետում կամ կատարում ավելի խիստ հանցանք, ասենք, գիշերը փորձում է փախչել Մարինյան զորանոցների պարսպի վրայով և քնում է պարսպի վրա կամ ընկնում աշխարհազորայինների հրետանային պարեկի ձեռքը, մի խոսքով արատավորում իր գնդի պատիվը։ Ես մի անգամ լսել եմ, թե նա ինչպես միջանցքում բղավում էր․ «Աստվա՜ծ իմ, արդեն երրորդ անգամ աշխարհազորայինների պարեկը նրան բռնում է։ Անմիջապես կարցեր նստեցնել այդ շուն շանորդուն։ Այդպիսիներին պետք է գնդից դուրս շպրտել, թող գնա գումակում գոմաղբ տեղափոխի։ Նույնիսկ չի ցանկացել կռիվ անել նրանց հետ։ Մի՞թե դա զինվոր է։ Նա պետք է փողոց ավլի, և ոչ թե զինվորություն անի։ Երկու օր ուտելու բան չտալ։ Ներքնակ չտալ։ Մենախուց կոխել և վերմակ չտալ այդ փալասին»։
Հիմա պատկերացրեք, ընկեր, որ մայոր Վենցելին մեր գունդը տեղափոխելուն պես այդ ապուշ պրապորշչիկ Դաուերլինգը նրա մոտ գումարտակային զեկույցի է քշում մի զինվորի, թե իբր նա դիտմամբ իրեն՝ պրապորշչիկ Դաուերլինգին, պատիվ չի տվել, երբ ինքը կիրակի օրը ճաշից հետո մի օրիորդի հետ հրապարակով կառքով անցնելիս է եղել։ Ա՜յ թե աղմուկ է բարձրացել, ինչպես հետո պատմում էին ենթասպաները։ Ավագ գրագիրը թղթերն առած դուրս է փախել միջանցք, իսկ մայորն սկսել է գոռալ Դաուերլինգի վրա. «Այլևս այդպիսի բան չտեսնեմ։ Գիտե՞ք, թե գումարտակային զեկույցն ինչ է, պարոն պրապորշչիկ։ Գումարտակային զեկույցը schweifest[49]
չէ։ Այդ զինվորն ինչպե՞ս կարող էր ձեզ նկատել այն ժամանակ, երբ դուք անցել եք հրապարակով։ Մոռացե՞լ եք, թե ինչ են սովորեցրել ձեզ։ Պատիվ տրվում է դեմ առ դեմ հանդիպող սպաներին, իսկ դա չի նշանակում, թե զինվորը պետք է ագռավի պես շարունակ գլուխը այս ու այն կողմ պտտեցնի ու տեսնի հրապարակով անցնող պրապորշչիկին։ Խնդրում եմ լռել։ Գումարտակային զեկույցը լուրջ բան է։ Եթե նա ձեզ ասել է, թե չէր կարող ձեզ տեսնել, քանի որ այդ պահին պատիվ է տվել երեսը դեպի ինձ արած, հասկանո՞ւմ եք, դեպի մայոր Վենցելն արած, և չէր կարող միաժամանակ հետ դառնալ ու նայել այն կառքին, որի մեջ նստած եք եղել, ապա պետք էր հավատալ նրան։ Խնդրում եմ այսուհետև ինձ այդպիսի դատարկ բաներով չզրաղեցնել»։ Այդ օրվանից Դաուերլինգը փոխվել է։Հոժարականը հորանջեց։