— Ներկայումս սպաների մեջ այլևս չկա ընկերության այն զգացումը, որ կար մեր ժամանակ։ Անցյալում ամեն մի սպա աշխատում էր իր կողմից մի բան անել բոլորին ուրախացնելու համար։ Պորուչիկ Դանկելը (այդպիսի մեկը կար), օրինակ, հանկարծ ոտից-գլուխ կմերկանար ակումբում, կպառկեր հատակին, սելյոդկայի պոչը կխոթեր հետույքն ու հավերժահարս կձևանար։ Մի ուրիշը, պոդպորուչիկ Շլեյսները, կարողանում էր ականջները շարժել, հովատակի պես խրխնջալ, կատվի պես մլավել ու կրետի պես դզալ, հիշում եմ նաև կապիտան Սկոդային։ Ամեն անգամ, երբ մեր սիրտն ուզում էր, նա իր հետ երեք աղջիկ էր բերում։ Քույրեր էին։ Կարծես նրա ձեռքի տակ վարժված շներ լինեին։ Դնում էր նրանց սեղանի վրա, սկսում էր չափ տալ, և նրանք չափի տակ սկսում էին մերկանալ։ Ձեռքին դիրիժյորական փայտիկ ուներ, և, հարկ է արժանին հատուցել, շատ լավ դիրիժյոր էր։ Ինչե՜ր ասեք այդ աղջիկների հետ չէր անում բազմոցի վրա։ Մի անգամ պատվիրեց սենյակի մեջտեղը տաք ջրով լցրած մի վաննա դնել, և մենք հերթով պետք է լողանայինք այն երեք աղջիկների հետ, իսկ նա մեզ լուսանկարում էր։
Այդ հուշն իսկ բավական էր, որպեսզի գնդապետ Շրեդերն երանաբար ժպտար։
— Ինչի վրա ասեք գրազ չէինք գալիս այս վաննայի մեջ․․․— շարունակեց գնդապետը, շրթունքները նողկալիորեն ճպպացնելով և բազկաթոռի մեջ անհանգիստ շուռումուռ գալով։— Իսկ հիմա՞։ Մի՞թե սա զվարճություն է։ Մինչև անգամ կուպլետիստը չի գալիս։ Հիմա կրտսեր սպաները նույնիսկ խմել չգիտեն։ Դեռ ժամը տասներկուսը չկա, բայց, ինչպես տեսնում եք, սեղանի շուրջն արդեն հինգ հարբած կա։ Առաջ մենք երկու օր ու գիշեր նստում էինք և ինչքան խմում, այնքան ավելի էինք սթափանում, չնայած որ անընդհատ փորներս գարեջուր, գինի, լիկյոր էինք լցնում… Հիմա այլևս իսկական մարտական ոգի չկա։ Սատանան գիտե, թե ինչու է այդպես։ Ո՛չ մի սրամիտ խոսք, շարունակ ինչ-որ վերջ չունեցող պատմություններ։ Հապա լսեցեք, թե սեղանի այն ծայրին ինչ են խոսում Ամերիկայի մասին։
Սեղանի մյուս ծայրին ինչ-որ մեկը լուրջ տոնով ասում էր․
— Ամերիկան չի կարող պատերազմին խառնվել։ Ամերիկացիներն ու անգլիացիները իրար թշնամի են։ Ամերիկան պատրաստ չէ պատերազմելու։
Գնդապետ Շրեդերն հառաչեց։
— Ահա և պահեստի սպաների դատարկախոսությունը։ Ո՞ր սատանան է դրանց այստեղ բերել։ Երևի դեռ երեկ այդ պարոնը որևէ բանկում թուղթ էր խզբզում կամ ծառայում խանութում, ապրանք փաթաթում թղթի մեջ և արմատիք, դարչին ու գուտալին ծախում կամ որևէ դպրոցում երեխաներին սովորեցնում, թե սովն է գայլին ստիպում անտառից դուրս գալ, իսկ հիմա նա ոտք է գցում կադրային սպաների հետ, ամեն բանում խելքին զոռ տալիս և ամեն տեղ քիթը խոթում։ Իսկ եթե մեզ մոտ կադրային սպաներ են գալիս, ինչպես, օրինակ, պորուչիկ Լուկաշը, ապա դրանք չեն բարեհաճում երևալ մեր ընկերական շրջանում։
Գնդապետը տուն գնաց շատ վատ տրամադրությամբ։ Հաջորդ օրն առավոտյան նրա տրամադրությունն ավելի վատացավ, որովհետև թերթերում, որոնք նա կարդում էր անկողնում պառկած, ռազմաբեմից ստացված ամփոփագրի մեջ մի քանի անգամ հանդիպեց հետևյալ նախադասությանը. «Մեր զորքերը հետ քաշվեցին նախապես պատրաստված դիրքեր»։ Ավստրիական բանակի համար վրա էր հասնում մի պանծալի ժամանակաշրջան, որը երկու կաթիլ ջրի պես նման էր Շաբացի օրերին։
Իր կարդացածի ազդեցության ներքո, գնդապետը առավոտվա ժամը տասին անցավ այն ֆունկցիայի կատարմանը, որ հոժարականը, ըստ երևույթին իրավացիորեն, անվանել էր ահեղ դատաստան։
Շվեյկն ու հոժարականը կանգնած էին բակում և սպասում էին գնդապետին։ Հավաքվել էին բոլորը՝ ֆելդֆեբելը, հերթապահ սպան, գնդի համհարզը և գնդի գրասենյակի գրագիրը՝ ձեռքին այն մեղսագործների գործերը, որոնց սպասում էր Նեմեզիդայի սուրը, այսինքն գնդային զեկույցի ներկայանալը։
Ընդունելով զեկույցը, գնդապետը մեռելային լռության մեջ մի քանի անգամ գնաց ու եկավ Շվեյկի ու հոժարականի մոտով, որոնք «աջ հավասարում» ու «ձախ հավասարում» էին կատարում, նայած թե գնդապետը որ թևում էր գտնվում։ Նա այնքան երկար գնաց ու եկավ, իսկ նրանք էլ հավասարումն այնպես ջանադրաբար էին կատարում, որ քիչ էր մնում վիզները կոտրեին։ Վերջապես գնդապետը կանգ առավ հոժարականի առաջ։
Վերջինս զեկուցեց.
— Հոժարական…
— Գիտե՜մ,— չոր-չոր ասաց գնդապետը,— հոժարական վիժվածք․․․ Ի՞նչ էիք անում պատերազմից առաջ։ Կլասիկ փիլիսոփայության ուսանո՞ղ։ Ասել կուզե, իրեն հարբեցողության տված ինտելիգենտ։ Պարոն կապիտան,— ասաց նա Սագներին,— այստեղ բերեք հոժարականների ամբողջ վարժակազմը… Հը՛մ,— շարունակեց գնդապետը նորից խոսքն ուղղելով հոժարականին,— և ահա կլասիկ փիլիսոփայության այսպիսի ուսանողների պատճառով մենք ստիպված ենք կեղտոտվել։ Kehrt euch![50]
։ Այդպես էլ գիտեի։ Շինելի փոթերը կարգի չեն բերված։ Կարծես հենց այս րոպեիս փողոցային կնոջ մոտից է գալիս կամ բոզանոցում թավալ է տվել։ Սպասեցեք, աղավնյակս, ես ձեզ ցույց կտամ։