Շվեյկը մեծ բավականությամբ այդ երեք օրն անցկացրեց հոժարական Մարեկի ընկերակցությամբ։ Ամեն երեկո նրանք հայրենասիրական ելույթներ էին կազմակերպում։ Երեկոյան հաուպտվախտից լսվում էին «Պահպանիր, տեր, թագավորին» և «Prinz Eugen der edle Ritter»[53]
երգերը։Ապա դրանց հաջորդում էր զինվորական երգերի մի ամբողջ շարք, իսկ երբ գալիս էր պրոֆոսը, նրանք նրան դիմավորում էին հետևյալ կանտատայով.
Պրոֆոս, մահից մի՛ վախենա,
Քանզի երբեք չես մահանա.
Սատանաները կըշտապեն,
Որ գան ու քեզ ողջ-ողջ տանեն։
Նարերի վերևում հոժարականը նկարել էր պրոֆոսին և տակը գրել մի հինավուրց երգից քաղված այս տողերը.
Գնում էի երշիկ առնեմ,
Բայց մի հիմար ելավ իմ դեմ.
Այդ հիմարը պրոֆոսն էր մեր,
Որ քիչ մնաց քիթս կծեր։
Եվ մինչ երկուսով գազազեցնում էին պրոֆոսին, ինչպես Սևիլիայում կարմիր թիկնոցով գազազեցնում են անդալուզյան ցուլին, պորուչիկ Լուկաշը ճնշող մի զգացումով սպասում էր, թե Շվեյկը երբ պիտի հայտնվի նրա մոտ և ասի, թե անցնում է իր պարտականությունների կատարմանը։
Շվեյկի արկածները Կիրալուհիդայում
Իննսունմեկերորդ գունդը տեղափոխեցին Լիտավայի Մոստ քաղաքը՝ Կիրալուհիդա։
Շվեյկն արդեն երեք օր բանտ էր նստել։ Ազատվելու ժամկետից երեք ժամ առաջ նրան հոժարականի հետ միասին տարան գլխավոր հաուպտվախտ, իսկ այնտեղից պահակախմբի հսկողությամբ ուղարկեցին կայարան։
— Վաղուց պարզ էր, որ մեզ տեղափոխելու են Հունգարիա,— ճանապարհին ասաց հոժարականը Շվեյկին։ Այնտեղ երթային գումարտակներ կկազմավորվեն, իսկ այդ միջոցին մեր զինվորները կվարժվեն հրաձգության մեջ ու կգզվռտվեն մաջարների հետ, հետո ուրախ կդիմենք դեպի Կարպատներ։ Իսկ Բուդեյովիցիում մաջարական կայազոր կտեղավորեն, և կսկսվի խառնակություն ցեղաց։ Կա մի տեսություն, թե ուրիշ ազգի աղջիկներ բռնաբարելը այլասերումից խուսափելու ամենալավ միջոցն է։ Երեսնամյա պատերազմի ժամանակ այդ բանն անում էին շվեդներն ու իսպանացիները, Նապոլեոնի ժամանակ՝ ֆրանսիացիները, իսկ հիմա Բուդեյովիցիի շրջանում կանեն մաջարները։ Բայց, իհարկե, դա գռեհիկ բռնաբարության բնույթ չի կրի։ Ամեն ինչ կկատարվի ինքնաբերարար։ Տեղի կունենա պարզ փոխանակություն, չեխ զինվորը կպառկի հունգարացի աղջկա հետ, իսկ չեխ աղքատ բատրակուհին իր հարկի տակ կառնի հունգարացի հոնվեդին։ Մի քանի հարյուրամյակներ հետո մարդաբանները շատ կզարմանան, երբ տեսնեն, որ Մալշայի ափերին բնակվողների դեմքերին ցցուն այտոսկրեր են հայտնվել։
— Խաչաձև զուգավորումը,— հարեց Շվեյկը,— առհասարակ հետաքրքիր բան է։ Պրագայում մի նեգր մատուցող կա, անունը Քրիստիան։ Նրա հայրը Հաբեշստանի թագավոր է եղել։ Այդ թագավորին ցույց էին տալիս Պրագայում, Շավանիցայի կրկեսում։ Այդ թագավորի վրա սիրահարվել էր մի ուսուցչուհի, որը «Լադա»-ում ոտանավորներ էր գրում հովվուհիների և անտառում կարկաչող առվակների մասին։ Ուսուցչուհին նրա հետ գնում է հյուրանոց և «անձնատուր լինում անառակության», ինչպես գրված է սուրբ գրքում։ Բայց որքա՜ն է զարմանում ուսուցչուհին, երբ հետագայում բոլորովին սպիտակ երեխա է ծնում։ Սակայն ծնունդից երկու շաբաթ էլ չանցած տղան սկսում է գորշանալ։ Գորշանում է, գորշանում, իսկ մի ամիս հետո՝ սկսում սևանալ։ Կես տարի հետո երեխան արդեն սև էր իր հոր՝ հաբեշների թագավորի պես։ Մայրը նրան տանում է մաշկային հիվանդությունների կլինիկա, որ իմանա, թե արդյոք երեխային գունաթափ անելու որևէ հնար չկա՞, բայց նրան ասում են, թե տղան իսկական սևամորթի մաշկ ունի և ոչինչ անել չի կարելի։ Ուսուցչուհին այդ ամենից հետո ցնդում է և սկսում բոլոր ժուռնալների «Խորհուրդներ ընթերցողին» բաժիններին հարցեր ուղարկել, թե ի՞նչ ճար կա սևամորթության դեմ։ Նրան տանում են Կատերժինկա, իսկ երեխային որբանոց տալիս։ Ա՜յ թե մազալու բան է եղել նրան այնտեղ դաստիարակելը։ Հետո նա մատուցող էր դարձել և պարում էր գիշերային սրճարաններում։ Հիմա նրանից մեծ հաջողությամբ չեխ մուլատներ են ծնվում, բայց արդեն ոչ այնպես սև, ինչպես նա ինքը։ Սակայն, ինչպես «Թասի մոտ» պանդոկում մեզ բացատրում էր մի բուժակ, գույնի հարցն այնքան էլ հասարակ բան չէ։ Այդպիսի մուլատից դարձյալ մուլատներ են ծնվում, որոնց շատ դժվար է տարբերել սպիտակներից, բայց մի քանի սերունդից հետո կարող է հանկարծ նեգր հայտնվել։ Պատկերացրեք այսպիսի խայտառակ բան. ամուսնանում եք մի որևէ օրիորդի հետ, բացարձակապես սպիտակ է շան քածը, և մի գեղեցիկ օր, ա՛ռ հա, նեգր է ծնում ձեզ համար։ Իսկ եթե նա դրանից ինն ամիս առաջ ձեր բացակայությամբ մի անգամ եղել է վարիետեում և դիտել նեգրի մասնակցությամբ տեղի ունեցած ֆրանսիական ըմբշամարտ, ապա պարզ է, որ դուք իրավունք ունեք մտածմունքի մեջ ընկնելու։
— Նեգր Քրիստիանի այդ դեպքը, որ դուք ասում եք, անհրաժեշտ է քննել ռազմական տեսակետից,— ասաց հոժարականը։— Ենթադրենք, թե այդ նեգրին զինվորական ծառայության են կանչել, իսկ նա պրագացի է և, հետևապես, ընկնում է Քսանութերորդ գունդը։ Ինչպես լսել եք, Քսանութերորդ գունդը անցել է ռուսների կողմը։ Պատկերացրեք, թե ինչպե՜ս կզարմանային ռուսները, երբ Քրիստիանին գերի վերցնեին։ Ռուսական թերթերում, հավանաբար, կգրեին, թե Ավստրիան պատերազմելու է քշում իր գաղութային զորքերին (որպիսիք նա չունի) և թե Ավստրիան արդեն օգտագործում է սևամորթ ռեզերվներ։
— Հիշում եմ, ասում էին, թե Ավստրիան գաղութներ ունի,— ասաց Շվեյկը,— հյուսիսում ինչ-որ մի տեղ։ Կայսր Ֆրանց Յոսիֆի Երկիր են ասում։
— Վե՛րջ տվեք այդ խոսակցությանը, տղերք,— մեջ մտավ պահակախմբի զինվորներից մեկը։— Հիմա կայսր Ֆրանց Յոսիֆի երկրի-մերկրի մասին խոսելը վտանգավոր է։ Ավելի լավ կլինի անուններ չտաք։