Հոժարականների վարժակազմը մտավ բակ։ «Կարե՛»,— հրամայեց գնդապետը, և զորամասը նրան ու մեղսագործներին շրջապատեց մի թանձր քառակուսիով։— Նայեցեք այս մարդուն,— սկսեց գնդապետն իր ճառը, մտրակով ցույց տալով հոժարականին,— Նա հարբել, արատավորել է մեր պատիվը, պատիվը հոժարականների, որոնք պատրաստվում են դառնալ ռազմի դաշտում իրենց զինվորներին դեպի մարտ, դեպի փառք առաջնորդող սպաներ, հրամանատարներ։ Իսկ իր զինվորներին դեպի ո՞ւր կառաջնորդեր այս հարբեցողը։ Գինետնից գինետուն։ Նա զինվորներին տրվող ամբողջ ռոմը միայն ինքը կլակեր… Ի՞նչ կարող եք ասել ձեզ արդարացնելու համար,— դիմեց նա հոժարականին։— Ոչի՞նչ։ Նայեցեք նրան ու հիացեք։ Ոչ մի խոսք չի կարող ասել իրեն արդարացնելու համար։ Այնինչ կլասիկ փիլիսոփայություն է ուսումնասիրել։ Իսկապես կլասիկ դեպք։— Գնդապետը դիտմամբ վերջին խոսքերն արտասանեց դանդաղ և ապա թքեց։— Կլասիկ փիլիսոփայի՜ս տեսեք, որը գիշերները հարբած վիճակում սպաների գլխից գլխարկներ է թռցնում։ Տի՛պ է։ Դեռ լավ է, որ հրետանու սպա է եղել։
Այդ վերջին բառերով արտահայտվում էր Իննսունմեկերորդ գնդի թշնամանքը Բոլդեյովիցիի հրետանու նկատմամբ։ Վայն եկել ու տարել էր այն հրետանավորին, որ գիշերն ընկնում էր հետևակայինների պարեկի ձեռքը, և ընդհակառակը։ Թշնամանքը խորն էր ու անհաշտելի, իսկական վենդետա, արյան վրեժ, որ ժառանգաբար անցնում էր զորակոչվածների մի հերթից մյուսին։ Այդ թշնամանքը թե մեկ և թե մյուս կողմից դրսևորվում էր ավանդական ձևերով. կամ հետևակայիններն էին հրետանավորներին հրում-գցում Վլտավա գետը, կամ ընդհակառակը։ Իրար դնգստում էին «Պորտ-Արտուր»-ում, «Վարդի մոտ» պանդոկում և հարավային Չեխիայի մայրաքաղաքի մյուս բազմաթիվ զվարճավայրերում։
— Այնուամենայնիվ,― շարունակեց գնդապետը,— այդօրինակ արարքը արժանի է խիստ պատժի։ Այդ տիպը պետք է վտարվի հոժարականների դպրոցից, պետք է բարոյապես ոչնչացվի։ Այդպիսի ինտելիգենտներ բանակին պետք չեն։ Regimentskanzlei![51]
։Գնդի գրագիրը մոտեցավ դեմքի խիստ արտահայտությամբ, գործերն ու մատիտը պատրաստ պահած։
Տիրեց լռություն, ինչպես դատարանի դահլիճում, երբ այնտեղ դատում են որևէ մարդասպանի և նախագահը հայտարարում է. «Հրապարակվում է դատավճիռը․․․»։
Ճիշտ այդպիսի տոնով գնդապետը հայտարարեց.
— Հոժարական Մարեկը դատապարտվում է քսանմեկ օրվա խիստ կալանքի և պատիժը կրելուց հետո ուղարկվում է խոհանոց՝ կարտոֆիլ մաքրելու։
Եվ շուռ գալով դեպի հոժարականների զորախումբը, գնդապետը հրամայեց․ «Շարասյուն կազմե՛լ»։ Լսելի էր, թե ինչպես զորախումբը արագ-արագ քառաշարքեր էր կազմում ու հեռանում։ Գնդապետը կապիտան Սագներին դիտողություն արեց, թե զորախումբը այնքան էլ համաչափ չի քայլում, և ասաց, որ նա ճաշից հետո նրանց հետ զբաղվի քայլավարժությամբ։
― Քայլերը պետք է թնդան, պարոն կապիտան։ Հա՛, քիչ էր մոռանայի,— ավելացրեց գնդապետը։— Նրանց հայտարարեցեք, որ հոժարականների ամբողջ զորախումբը հինգ օրով զրկվում է արձակուրդից, որպեսզի չմոռանա իր նախկին զինակցին, այդ սրիկա Մարեկին։
Իսկ սրիկա Մարեկը Շվեյկի կողքին կանգնած էր չափազանց գոհ տեսքով։ Նա իր համար դրանից լավ բան չէր էլ կարող երազել։ Անհամեմատ ավելի հաճելի է խոհանոցում կարտոֆիլ մաքրել, խմորագնդիկներ սարքել ու միս կտրատել, քան հակառակորդի փոթորկալի կրակի տակ, շալվարը լիքը լցրած, բղավել․ «Einzelabfallen! Bajonett auf!»[52]
։Հեռանալով կապիտան Սագներից, գնդապետ Շրեդերը կանգ առավ Շվեյկի առաջ և սկսեց սևեռուն հայացքով նրան նայել։ Այդ պահին Շվեյկի արտաքինի համար առավել բնութագրական էին նրա ժպտացող կլոր դեմքն ու խոշոր ականջները, որ դուրս էին ցցվել ցած քաշած գլխարկի տակից։ Շվեյկի տեսքից երևում էր, որ նա միանգամայն անվրդով է և իրեն բնավ մեղավոր չի համարում։ Նրա աչքերն հարցնում էին․ «Արդյոք որևէ վատ բա՞ն եմ արել» և՝ «Ես ի՞նչ մեղք եմ գործել»։
Գնդապետն իր դիտողություններն ամփոփեց գնդի գրագրին ուղղած այս հարցով.
— Ապո՞ւշ է,— և տեսավ, թե ինչպես բացվեց Շվեյկի լայն, բարեհոգաբար ժպտացող բերանը։
— Ճիշտ այդպես, պարոն գնդապետ, ապուշ եմ,— գրագրի փոխարեն պատասխանեց Շվեյկը։
Գնդապետը համհարզին գլխով արեց և նրա հետ մի կողմ քաշվեց։ Ապա կանչեց գնդի գրագրին, և նրանք աչքի անցրին Շվեյկի գործը։
— Հը՛մ,— ասաց գնդապետը,— սա, ասել կուզե, պորուչիկ Լուկաշի սպասյակն է, որը, պորուչիկի զեկույցի համաձայն, կորել է Թաբորում։ Ըստ իս պարոնայք սպաներն իրենք պետք է դաստիարակեն իրենց սպասյակներին։ Իսկ քանի որ պարոն պորուչիկ Լուկաշը իր համար սպասյակ է ընտրել մի այսպիսի ապուշի, ապա թող հենց ինքն էլ տանջվի դրա ձեռին։ Նա բավական ազատ ժամանակ ունի, քանի որ ոչ մի տեղ չի գնում։ Կարծեմ դուք էլ նրան ոչ մի անգամ մեր ընկերական շրջանում չեք տեսել։ Ա՛յ, տեսնում եք։ Նշանակում է, նա իր սպասյակին խելքի բերելու ժամանակ կունենա։
Գնդապետ Շրեդերը մոտեցավ Շվեյկին և, նրա բարեհամբույր դեմքը զննելով, ասաց.
— Երեք օրով խիստ կալանք, հիմար անասուն։ Պատիժը կրելուց հետո ներկայանալ պորուչիկ Լուկաշին։
Այդպիսով Շվեյկը գնդի հաուպտվախտում նորից հանդիպեց հոժարականին, իսկ պորուչիկ Լուկաշն երևի մեծ բավականություն վայելեց, երբ գնդապետը նրան կանչեց իր մոտ և ասաց.
— Պարոն պորուչիկ, մոտ մի շաբաթ առաջ, ժամանելով գունդը, դուք ինձ զեկույց ներկայացրիք ձեզ սպասյակ տրամադրելու մասին, քանի որ ձեր նախկին սպասյակը կորել էր Թաբոր կայարանում։ Սակայն ի նկատի ունենալով, որ ձեր սպասյակը վերադարձել է…
— Պարոն գնդապետ…― աղերսանոք ասաց պորուչիկը։
— …ես որոշեցի նրան երեք օրով բանտ նստեցնել, որից հետո կուղարկեմ ձեզ մոտ։
Ցնցված Լուկաշը օրորվելով դուրս եկավ գնդապետի կաբինետից։