— Ես դիտմամբ նրան մի շատ ժանգոտած հրացան էի տվել, որ մաքրել սովորեր։ Տրորում էր հրացանը, ինչպես որձ շունը քածին, բայց եթե նույնիսկ երկու կիլոյից ավելի խծուծ գներ, միևնույն է, չէր կարող մաքրել։ Ինչքան շատ էր մաքրում, այնքան ավելի վատ, հրացանը ավելի էր ժանգոտում, իսկ հետո զեկույցի ժամանակ այդ հրացանը ձեռքից ձեռք էր անցնում, և բոլորը զարմանում էին, թե ինչպես կարելի է հրացանն այնպիսի վիճակի հասցնել, որ ամբողջովին ժանգն ուտի։ Մեր կապիտանը միշտ նրան ասում էր, թե նրանից զինվոր դուրս չի գա, ավելի լավ կլինի գնա կախվի, որ իզուր տեղը զինվորի հաց չուտի։ Իսկ նա շարունակ ակնոցների տակից աչքերն էր ճպճպացնում։ Եթե մի օր վերակարգում չէր լինում կամ կարցեր չէր նստում, նրա համար տոն ու ուրախություն էր։ Սովորաբար այդպիսի օրերին էր թերթերի համար հոդվածներ գրում, թե զինվորներին ինչպես են տանջում, մինչև որ նրա սնդուկը խուզարկեցին։ Ա՜յ թե գրքեր կային մեջը։ Բոլորն էլ զինաթափման ու ժողովուրդներին հաշտեցնելու մասին։ Դրա համար նրան կայազորի բանտ ուղարկեցին, և այդ օրվանից նրանից ազատվեցինք, մինչև որ նորից հայտնվեց մեզ մոտ, բայց այս անգամ գրասենյակում, որտեղ նստում ու մթերաբաժիններ էր դուրս գրում։ Նրան տեղափոխել էին այդտեղ, որ զինվորների հետ շփում չունենար։ Այդպիսի տխուր վախճան ունեցավ այդ ինտելիգենտը։ Սակայն կարող էր մե՜ծ մարդ դառնալ, եթե իր հիմարության պատճառով հոժարականի իրավունքից չզրկվեր։ Կարող էր լեյտենանտ դառնալ։
Կապրալը հառաչեց։
— Բայց ի՞նչի էր պետք, երբ չէր կարողանում նույնիսկ շինելի փոթերն ուղղել։ Ձեռից միայն այն էր գալիս, որ Պրագայից իր համար կոճակներ մաքրելու ամեն տեսակ հեղուկներ ու քսուկներ էր բերել տալիս։ Բայց և այնպես նրա կոճակները Իսայու մազերի պես շիկակարմիր էին։։ Սակայն ափեղցփեղ խոսել կարողանում էր, իսկ երբ սկսեց գրասենյակում ծառայել փիլիսոփայություններ էր անում։ Առաջ էլ ուներ այդ սովորությունը։ Շարունակ մի բառ էր կրկնում — «մարդ», ինչպես արդեն ասացի։ Մի անգամ, երբ նա սկսեց դատողություններ անել ջրափոսի առաջ, որի մեջ պիտի թրմփար «nieder» հրամանից հետո, ես նրան ասացի․ «Երբ դու սկսում ես դուրս տալ մարդու և ցեխի մասին, միտս է գալիս, որ մարդը շինված է ցեխից, և ցեխի մեջ էլ պիտի լինի։»։
Խոսքն ավարտելով, կապրալն ինքն իրենից շատ գոհ մնաց և սկսեց սպասել, թե այդ մասին հոժարականն ի՛նչ կասի։ Սակայն պատասխանեց Շվեյկը․
— Հենց այդպիսի բաների, այդպիսի խծբծանքների համար սրանից մի քանի տարի առաջ Երեսուներեքերորդ գնդում Կոնիչեկ անունով մեկը խոցոտելով սպանել է կապրալին, հետո էլ ինքն իրեն։ «Կուրյեր»-ի մեջ էր գրված։ Կապրալի մարմնի վրա երեսունի չափ վերք է եղել, մի դյուժինից ավելին՝ մահացու։ Սպանելուց հետո զինվորը նստել է կապրալի վրա և իրեն էլ խոցոտել։ Մի քանի տարի առաջ մի ուրիշ դեպք էլ պատահել է Դալմացիայում։ Այնտեղ կապրալին մորթել են, և մինչև հիմա հայտնի չէ, թե ով է մորթել։ Դա մնացել է անհայտության խավարում թաղված, և միայն այն է պարզվել, որ մորթված կապրալի անունը եղել է Ֆիալա և որ նա Գրաբովնայի բնակիչ է եղել։ Հետո ինձ հայտնի է նաև Յոթանասունհինգերորդ գնդի կապրալ Ռեյմանեկին պատահած դեպքը…
Այդ բավական ախորժելի պատմությունն ընդհատվեց մի ուժգին զկռտոցով, որ լսվեց այն նստարանի կողմից, որի վրա քնած էր օբեր-ֆելդկուրատ Լացինան։
Պատերն արթնանում էր իր ամբողջ հմայչությամբ ու բարեկրոնությամբ հանդերձ։ Նրա զարթոնքին ուղեկցում էին նույն այն երևույթները, որ ուղեկից էին երիտասարդ հսկա Գարգանտյուայի վաղորդյան զարթոնքին, որ նկարագրել է ուրախ ծերունի Ռաբլեն։
Օբեր-ֆելդկուրատը քամիներ էր բաց թողնում, լիաբերան զկռտում ու հորանջում։ Վերջապես նա նստեց ու զարմացած հարցրեց.
— Այս ի՞նչ է, որտե՞ղ եմ ես գտնվում։
Կապրալը քծնողաբար պատասխանեց արթնացող պետին․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-ֆելդկուրատ, դուք բարեհաճում եք գտնվել կալանավորական վագոնում։
Պատերի դեմքը զարմանք արտահայտեց։ Մի րոպե նա լուռ նստել ու լարված մտածում էր, բայց իզուր։ Անցյալ գիշերվա դեպքերի և վանդակապատ լուսամուտներով վագոնում արթնանալու հանգամանքի միջև փռված էր մոռացության ծովը։ Վերջապես նա հարցրեց տակավին քծնական պոզայով իր առաջ կանգնած կապրալին.
— Ո՞ւմ հրամանով են ինձ, ինչպես մի ինչ-որ…
— Համարձակվում եմ զեկուցել, առանց որևէ հրամանի, պայան օբեր-ֆելդկուրատ։
— Իսկ ո՞ւր ենք գնում։
— Համարձակվում եմ զեկուցել, Բրուկ։
— Իսկ ինչո՞ւ ենք գնում այնտեղ։
— Համարձակվում եմ զեկուցել, մեր ամբողջ Իննսունմեկերորդ գունդը տեղափոխվում է այնտեղ։
Պատերը նորից սկսեց լարված մտածել, թե ի՛նչ է պատահել իրեն, ի՛նչպես է ինքն ընկել այդ վագոնը և ի՛նչու է Բրուկ գնում, այն էլ Իննսունմեկերորդ գնդի հետ և պահակախմբի հսկողությամբ։ Վերջապես նա այնքան ուշքի եկավ, որ սկսեց հասկանալ, որ իր դիմաց հոժարական է նստած, և դիմեց նրան.
— Դուք ինտելիգենտ մարդ եք. գուցե կարողանաք առանց ոչինչ թաքցնելու ինձ բացատրել, թե ինչպես եմ ընկել ձեզ մոտ։
― Սիրով,— մտերմաբար ասաց հոժարականը։— Պարզապես առավոտյան գնացք նստելիս դուք ձութի պես կպաք մեզ, քանի որ խմած էիք։
Կապրալը խիստ-խիստ նայեց հոժարականին։
― Դուք խցկվեցիք մեր վագոնը,— շարունակեց հոժարականը,― դա կատարված փաստ է։ Պառկեցիք նստարանի վրա, իսկ Շվեյկն իր շինելը դրեց ձեր գլխի տակ։ Նախորդ կայարանում գնացքի ստուգման ժամանակ ձեզ մտցրին գնացքում գտնվող սպայական կազմի ցուցակի մեջ։ Ձեզ, այսպես ասած, պաշտոնապես հայտնաբերեցին, և դրա համար մեր կապրալը պետք է զեկույցի ներկայանա։
— Այդպե՜ս, այդպե՜ս,― հառաչեց պատերը։— Ուրեմն, ես առաջիկա կայարանում պետք է տեղափոխվեմ շտաբի վագոնը։ Իսկ ինչ է, ճաշն արդեն մատուցե՞լ են։