— Գիտե՞ք ինչ կասեմ ես ձեզ, պարոն կապրալ,— ասաց Շվեյկը։— Ես հին զինվոր եմ, ծառայել եմ նաև պատերազմից առաջ, և չգիտեմ ոչ մի դեպք, որ հայհոյանքը մարդու հասցրած լինի լավ բանի։ Սրանից մի քանի տարի առաջ, հիշում եմ, մեր վաշտում մի դասակապետ կար, ազգանունը Շրայտեր։ Գերաժամկետիկ էր։ Նրան վաղուց կապրալի աստիճան տված ու տուն ուղարկած կլինեին։ Բայց երևի, ինչպես ասում են, փոքր ժամանակ դայակը նրան ձեռքից ցած էր գցել։ Շարունակ մեզ հետամտում, կպչում էր տզի պես, թե այս ինչ բանը այսպես չի արված, այնինչ բանը հրահանգին չի համապատասխանում, մի խոսքով՝ կպչում էր որքան կարող էր և միշտ հայհոյում, թե. «Դուք զինվորներ չեք, այլ գիշերապահներ»։ Մի գեղեցիկ օր այդ բանը ինձ համբերությունից հանեց և ես վաշտապետի մոտ զեկույցի գնացի։ «Ի՞նչ կա»— հարցնում է ինձ կապիտանը։ «Համարձակվում եմ զեկուցել, պարոն կապիտան,— ասում եմ ես,— գանգատ ունեմ մեր ֆելդֆեբել Շրայտերի վրա։ Մենք ինչքան չլինի նորին մեծության զինվորներ ենք, և ոչ թե գիշերապահներ։ Մենք հոգով ու սրտով ծառայում ենք նորին մեծությանը, և ոչ թե պարապ-սարապ օր մթնացնում»։ «Խելքդ գլուխդ հավաքիր, միջա՛տ,— պատասխանեց ինձ կապիտանը։— Դո՛ւրս կորիր։ Եվ այլևս աչքիս չերևաս»։ Իսկ ես, թե. «Խոնարհաբար խնդրում եմ ինձ ուղարկել գումարտակային զեկույցի»։ Երբ գումարտակային զեկույցի ժամանակ օբեր-լեյտենանտին բացատրեցի, թե մենք գիշերապահներ չենք, այլ նորին մեծության զինվորներ, նա ինձ երեք օրով նստցնել տվեց, բայց ես խնդրեցի ինձ ուղարկել գնդային զեկույցի։ Գնդային զեկույցի ժամանակ գնդապետը իմ բոլոր բացատրություններից հետո վրաս բղավեց, թե ես ապուշ եմ, և ինձ գրողի ծոցն ուղարկեց։ Իսկ ես նորից, թե․ «Համարձակվում եմ զեկուցել, պարոն գնդապետ, որ խնդրում եմ ինձ ուղարկել բրիդագային զեկույցի»։ Դրանից նա վախեցավ և իսկույն հրամայեց մեր ֆելդֆեբել Շրայտերին կանչել գրասենյակ, և Շրայտերը ստիպված եղավ «գիշերապահներ» խոսքի համար բոլոր սպաների ներկայությամբ ինձնից ներողություն խնդրել։ Հետո նա բակում հասավ իմ հետևից ու ասաց, թե այսօրվանից էլ չի հայհոյի, բայց ինձ մինչև կայազորի բանտը կհասցնի։ Այդ օրվանից ես միշտ զգույշ էի, բայց և այնպես չպրծա։ Մի անգամ ցայխհաուզի մոտ պահակ էի կանգնած։ Ինչպես ընդունված է, այնտեղ յուրաքանչյուր պահակ պատի վրա որևէ հիշատակ էր թողնում, օրինակ, կանացի անդամներ նկարում կամ մի ոտանավոր գրում։ Իսկ ես ոչինչ չկարողացա հորինել և ձանձրույթից վերջին մակագրության տակ գրեցի․ «Ֆելդֆեբել Շրայտերը սրիկա է»։ Ֆելդֆեբելը, այդ սրիկան, ինձ անմիջապես մատնեց, քանի որ կրկնակոխ հետևում ու ոստիկանական շան պես հետամտում էր։ Պատահմունքի տխուր բերումով իմ այդ մակագրության վերևում կար մի ուրիշը, թե․ «Մենք պատերազմ չենք գնա, ․․․թքել ենք դրա վրա»։ Իսկ դա հազար իննհարյուր տասներկու թվին էր, երբ դեսպան Պրոխոզկայի պատճառով մեզ ուզում էին ուղարկել Սերբիայի դեմ։ Ինձ անմիջապես ուղարկեցին Թերեզինի ռազմական դատարանը։ Ռազմական դատարանի պարոնները մի տասնհինգ անգամ լուսանկարեցին ցայխհաուզի պատը՝ վրայի բոլոր մակագրություններով, այդ թվում և իմ ստորագրությամբ հանդերձ։ Ձեռագիրս ուսումնասիրելու համար ինձ մի տասն անգամ ստիպեցին գրել․ «Մենք պատերազմ չենք գնա, թքել ենք դրա վրա», մի տասնհինգ անգամ ստիպված եղա նրանց ներկայությամբ գրել․ «Ֆելդֆեբել Շրայտերը սրիկա է»։ Վերջապես եկավ մի փորձագետ ձեռագրաբան և ինձ հրամայեց գրել, «Հազար ութհարյուր իննսունյոթ թվի հունիսի քսանիննին Կրալով Դվուրը ճաշակեց Լաբայի տարերային վարարման սարսափները»։ «Դա դեռ քիչ է,— ասաց դատական քննիչը։— Մեզ համար կարևորն ուրիշ բան է։ Նրան այնպիսի բան թելադրեցեք, որ մեջը շատ «ք» և «ա» լինի։ Փորձագետն ինձ թելադրեց. «Քարավան, քարտեզ, աքցան, քրոմ, քավարան, կարագ»։ Դատական փորձագետը, ըստ երևույթին, ավելորդ բաներ շատ էր ասել և շարունակ նայում էր հետևում կանգնած զինվորին։ Վերջապես նա ասաց, թե անհրաժեշտ է, որ ես երեք անգամ գրեմ. «Արևն արդեն սկսում է կիզել, շոգ օրեր են սկսվում»։ Դա, ասում է, ուղարկելու է Վիեննա։ Այն ուհետև ամբողջ գործն ուղարկեցին Վիեննա, և, վերջապես պարզվեց, որ մակագրություններն իմ ձեռքով չեն արված, իսկ ստորագրությունն իսկապես իմն է, թեև դա ես առաջ էլ խոստովանել էի։ Ինձ դատապարտեցին վեց շաբաթվա կալանքի, այն բանի համար, որ ստորագրել եմ պահակետում կանգնած ժամանակ, իսկ դա, ասացին, նշանակում է, որ ես ստորագրելուս պահին չէի կարող պահպանել ինձ վստահված պոստը։
— Տեսնո՞ւմ եք, այնուամենայնիվ ձեզ պատժել են,— ոչ առանց բավականության ասաց կապրալը,— ուրեմն դուրս է գալիս, որ դուք իսկական քրեական հանցագործ եք։ Եթե ես ռազմական դատարանի տեղը չինեի, ձեզ ոչ թե վեց շաբաթ, այլ վեց տարի կտայի։