Մռազն իր պաշտոնի ձեռից բոլորովին գլուխը կորցրել էր։ Նրա հաշիվների մեջ շարունակ մի վագոն պակաս էր դուրս գալիս, թեև նա պատերազմից առաջ ռեալական ուսումնարանի մաթեմատիկայի դասատու էր եղել։ Բացի դրանից, վերջին կայարանում ըստ վագոնների կատարած մարդահաշիվը չէր բռնում Բուդեյովիցիում գնացք նստելուց հետո կատարված հաշվի գումարին։ Երբ նա աչքի էր անցկացրել գույքի ցուցակը, պարզվել էր, որ չգիտես որտեղից երկու ավելորդ դաշտային խոհանոցներ են հայտնվել։ Նրա մարմնով սարսուռ էր անցել, երբ տեսել էր, որ ձիերն անհասկանալի կերպով բազմացել են։ Սպայական կազմի նրա ցուցակի մեջ պակասում էր երկու կրտսեր սպա։ Առջևի վագոնում, որտեղ տեղավորված էր գնդի գրասենյակը, ոչ մի կերպ չէին կարողանում գտնել գրամեքենան։ Այդ քաոսից նրա գլուխն սկսել էր ցավել, նա արդեն երեք ասպիրին էր խմել և հիմա գնացքը տեսչական ստուգման էր ենթարկում դեմքի հիվանդագին արտահայտությամբ։
Իրեն ուղեկցող սպայի հետ մտնելով կալանավորական կուպեն և, ստուգելով թղթերը, նա ընդունեց թշվառ կապրալի զեկույցը, թե նա ուղեկցում է երկու կալանավորի և թե իր պահակախմբում այսքան ու այսքան մարդ կա։ Այնուհետև գնացքի պետը զեկույցի թվերը բաղդատեց փաստաթղթերի տվյալների հետ և աչք ածեց վագոնը։
— Իսկ սա ո՞վ է, էլ ո՞ւմն եք տանում,― խստորեն ասաց նա, մատնացույց անելով օբեր-ֆելդկուրատին, որ քնած էր փորի վրա պառկած, հանդգնաբար քամակը ուղիղ դեպի տեսուչները դարձրած։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— կակազելով թոթովեց կապրալը,— նը-նը նա…
— Էլ ի՞նչ «նը-նը-նա»,— դժգոհ ասաց Մռազը։— Ավելի պարզ արտահայտվեցեք։
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— կապրալի փոխարեն պատասխանեց Շվեյկը,— փորի վրա քնած այդ մարդը ինչ-որ հարբած պարոն օբեր-ֆելդկուրատ է։ Նա կպավ մեզ ու խցկվեց վագոնը, իսկ մենք նրան չէինք կարող դուրս նետել, քանի որ ինչքան չլինի պետ է և դա աստիճանահարգության խախտում կլիներ։ Երևի նա շտաբի վագոնը շփոթել է կալանավորականի հետ։
Մռազը հառաչեց ու նայեց իր թղթերին։ Այդ թղթերի մեջ ակնարկ անգամ չկար որևէ օբեր-ֆելդկուրատի մասին, որ գնացքով պետք է Բրուկ գնար։ Նրա մի աչքը սկսեց թրթռալ։ Նախորդ կայարանում հանկարծ ավելացել էին ձիերը, իսկ հիմա, խնդրեմ կալանավորական կուպեում չգիտես որտեղից մի օբեր-ֆելդկուրատ է լույս ընկել։
Գնացքի պետը չկարողացավ խորհել ավելի լավ բան, քան կապրալին հրամայել, որ նա փորի վրա քնած օբեր-ֆելդկուրատին շրջի մեջքի վրա, քանի որ ներկա դիրքում անհնար էր նրա անձը հավաստել։
Կապրալը երկար ջանքերից հետո օբեր-ֆելդկուրատին շրջեց մեջքի վրա, ըստ որում վերջինս արթնացավ և իր առաջ սպա տեսնելով՝ ասաց.
— Eh, servus, Fredy, was gibt’s neues? Abendessen schon fertig?[65]
Այդ ասելուց հետո նա նորից փակեց աչքերն ու շրջվեց դեպի պատը։
Մռազն ի դեմս նրա իսկույն ճանաչեց երեկվա սպայական հավաքույթի շատակերին, բոլոր սպայական բանկետներին մասնակցող հռչակավոր որկրամոլին, և կամացուկ հառաչեց․
— Դուք դրա համար կներկայանաք զեկույցի,— ասաց նա կապրալին ու դիմեց դեպի դուռը։
Շվեյկը կանգնեցրեց նրան․
— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, ես իրավունք չունեմ այստեղ մնալու։ Ես կալանքի տակ պետք է մնայի մինչև ժամը տասնմեկը, որովհետև այսօր իմ ժամկետը լրացել է։ Ես կալանավորված եմ երեք օրով և հիմա արդեն մնացածների հետ պետք է գտնվեմ հորթատար վագոնում։ Նկատի ունենալով, որ ժամը տասնմեկն արդեն վաղուց անցել է, խոնարհաբար խնդրում եմ, պարոն լեյտենանտ, ինձ գնացքից իջեցնել կամ տեղափոխել հորթատար վագոն, որտեղ պարտավոր եմ լինել, կամ ուղարկել պարոն օբեր-լեյտենանտ Լուկաշի մոտ։
— Ձեր ազգանո՞ւնը,— հարցրեց Մռազը,— նայելով իր թղթերին։
— Շվեյկ Յոզեֆ, պարոն լեյտենանտ։
— Հը՛մ… ուրեմն, դուք եք այն բավական հայտնի Շվեյկը,— ասաց Մռազը։— Իսկապես դուք կալանքից պետք է ազատվեիք ժամը տասնմեկին, բայց պորուչիկ Լուկաշն ինձ խնդրել է, հանուն անվտանգության, մինչև մեր Բրուկ հասնելը ձեզ բաց չթողնել, որպեսզի ճանապարհին որևէ օյին չսարքեք։
Նրանց գնալուց հետո կապրալը չդիմացավ ու չհապաղեց Շվեյկին դիմել հետևյալ խայթիչ դիտողությամբ.
— Հը, ո՞նց էր, Շվեյկ, բարձր ինստանցիային դիմելը ձեզ օգուտ տվե՞ց։ Կղկղանք էլ չարժի դա։ Ես որ ուզենամ, երկուսիդ էլ փեչը կկոխեմ ու կվառեմ։
— Պան կապրալ,— ասաց հոժարականը,— բերանից աջ ու ձախ կղկղանք շաղ տալը քիչ թե շատ համոզիչ փաստարկում է, սակայն ինտելիգենտ մարդը նույնիսկ գրգռված վիճակում և կամ վիճելիս նման արտահայտությունների չպետք է դիմի։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր այն ծիծաղելի սպառնալիքներին, թե մեզ երկուսիս կարող եք փեչը կոխել ու վառել, ապա ինչո՞ւ, գրո՛ղը տանի, մինչև հիմա այդ բանը չեք արել, երբ հնարավորություն ունեիք անելու։ Հավանաբար, այդ խնդրում դեր է խաղացել ձեր հոգեկան հասունությունը և բացառիկ նրբավարությունը։
— Ձեռք քաշեք ինձնից,— վեր թռավ կապրալը,— ես երկուսիդ էլ կարող եմ ծակը խոթել։
— Իսկ ինչի՞ համար, աղավնյակս,— չքմեղաբար հարցրեց հոժարականը։
— Ի՛մ գործն է, թե ինչի համար,— աքլորացավ կապրալը։
— Ձե՞ր գործն է,— հարցրեց հոժարականը ժպտալով։— Բայց դա նաև մեր գործն է, ինչպես թուղթ խաղալիս ասում են. «Ձեր փողերը հաշվեք մերը»։ Ես կասեի, որ ձեզ վրա ավելի շուտ ազդել է այն հիշեցումը, թե ստիպված պիտի լինեք զեկույցի ներկայանալ, իսկ դուք մեզ վրա եք գոռգոռում, բացարձակապես չարաշահելով ձեր պաշտոնական դիրքը։
— Անտաշ մարդիկ եք, ահա թե ինչ,― բղավեց կապրալը, սիրտ առնելով ու դեմքին ահազդու արտահայտություն տալով։