— Երևի դուք կցանկանայիք ինձ նստեցնել ձեզ վիրավորելո՞ւ համար։ Այդ դեպքում պետք է սուտ ասեիք, որովհետև ձեր մտավոր բագաժով դուք բնավ չէիք կարող հասկանալ իմ խոսքերի մեջ եղած վիրավորանքը, մանավանդ որ դուք,— ինչի վրա ուզում եք գրազ գամ,— մեր խոսակցությունից ոչինչ չեք հիշում։ Եթե ես ձեզ անվանեմ էմբրիոն, ապա դուք այդ բառը կմոռանաք ոչ միայն առաջիկա կայարանին չհասած, այլև ավելի վաղ, քան մեր մոտով կսլանա ամենամոտիկ հեռագրասյունը։ Դուք ուղեղի մի մեռած գալար եք։ Որքան էլ ես ցանկանամ, չեմ կարող նույնիսկ պատկերացնել, որ դուք երբևէ կարող եք կապակցված պատմել այն, ինչ ես ասացի։ Բացի դրանից, հարցրեք ներկա գտնվողներից ում ուզում եք, թե արդյոք որևէ բանով վիրավորե՞լ եմ ձեր մտահորիզոնը և արդյոք իմ ասածների մեջ վիրավորանքի որևէ նշույլ կա՞ր։
— Անկասկած չկար, — հաստատեց Շվեյկը։— Ոչ ոք ձեզ որևէ այնպիսի խոսք չի ասել, որին դուք կարողանայիք վատ իմաստ վերագրել։ Միշտ վատ բան է դուրս գալիս, երբ մեկն ու մեկը իրեն վիրավորված է համարում։ Մի անգամ նստած էի «Թունել» գիշերային սրճարանում։ Մեզ հետ նստած էր մի նավաստի, որն ասում էր, թե հաճախ մարդ չի կարողանում օրանգուտանգին տարբերել որևէ մորուքավոր քաղաքացուց, որովհետև օրանգուտանգի ամբողջ ռեխը փռչերով է պատած, ինչպես… «ինչպես, օրինակ, ասում է, մեր կողքի սեղանին նստած, ա՛յ, այն պարոնինը»։ Մենք բոլորս շրջվեցինք ու նայեցինք, իսկ մորուքավոր պարոնը վեր կացավ, մոտեցավ նավաստուն և տո՛ւր թե կտաս ռեխին։ Նավաստին վերցրեց գարեջրի շիշն ու նրա գլուխը ջարդեց։ Մորուքավոր պարոնը մնաց ուշաթափ ընկած, իսկ մենք նավաստուն հրաժեշտ տվինք, որովհետև նա իսկույն թողեց ու գնաց, երբ տեսավ, որ պարոնին սպանել է։ Հետո մենք այդ պարոնին հարություն տվինք, և անկասկած մեր արածը հիմարություն էր, որովհետև հարություն առնելուց հետո նա իսկույն ոստիկան կանչեց։ Չնայած որ մենք բոլորովին մեղք չունեինք, ոստիկանը բոլորիս քաղաքամաս տարավ։ Այնտեղ պարոնն ասաց, թե մենք իրեն օրանգուտանգ ենք համարել և շարունակ իր մասին խոսել։ Եվ, պատկերացրեք, պնդում էր իր ասածը։ Մենք ասացինք, թե ոչ մի այդպիսի բան չենք արել և թե նա օրանգուտանգ չէ։ Իսկ նա մի գլուխ՝ օրանգուտանգ հա օրանգուտանգ, ես, ասում էր նա, իմ ականջով եմ լսել։ Ես կոմիսարին խնդրեցի, որ նա այդ պարոնին բան հասկացնի։ Կոմիսարն սկսեց հաշտ ու հանգիստ հասկացնել, բայց պարոնը նրան թույլ չտվեց խոսել և ասաց, թե կոմիսարը մեզ հետ խոսքը մեկ է արել։ Այն ժամանակ կոմիսարը հրամայեց նրան ծակը կոխել, որպեսզի այնտեղ սթափվի, իսկ մենք ուզում էինք վերադառնալ «Թունել» սրճարանը, բայց չկարողացանք, որովհետև մեզ էլ նստեցրին… Ահա տեսնում եք, պան կապրալ, թե ինչ կարող է դուրս գալ մի փոքրիկ, չնչին թյուրիմացությունից, որի մասին նույնիսկ խոսել չարժե։ Կամ, օրինակ, Գերմանական Բրոդում մի քաղաքացի վիրավորվել էր, որ նրան վագրային օձ էին անվանել։ Քի՞չ բառեր կան, որոնց համար ոչ ոքի չի կարելի պատժել։ Եթե, օրինակ, ասեինք, թե դուք մշկամուկ եք, դուք դրա համար պիտի նեղանայի՞ք։
Կապրալը մռնչաց։ Դա սովորական մռունչ համարել չէր կարելի։ Դա մի այնպիսի մռունչ էր, որի մեջ զայրույթը, կատաղությունն ու հուսահատությունը ի մի էին խառնված։ Այդ համերգային համարին ձայնակցեց մի զիլ սուլոց, որ արձակեց մրափած օբեր-ֆելդկուրատն իր քթով։
Այդ մռնչյունից հետո կապրալին համակեց մի կատարյալ ընկճվածություն։ Նա նստեց նստարանի վրա և իր ջրակալած անարտահայտիչ աչքերն ուղղեց դեպի հեռուները, դեպի անտառներն ու լեռները։
— Պարոն կապրալ,— ասաց հոժարականը,— տվյալ պահին թախծոտ աչքերով նայելով բարձր լեռներին ու բուրումնալից անտառներին, դուք նման եք Դանտեին։ Նույն ազնիվ դիմագծերը, որ ուներ պոետը, զգայուն սրտի և հոգու տեր այդ մարդը, որ սիրահար էր ամենայն վսեմի։ Խնդրում եմ, այդպես նստած մնացեք, դա ձեզ շատ է սազում։ Որքա՜ն զգացված, առանց որևէ անբնականության ու սեթևեթանքի, դուք ձեր աչքերը չռել եք ձեր առջև տարածված դաշտանկարի վրա։ Անշուշտ դուք խորհում եք, թե որքա՜ն գեղեցիկ է լինելու այստեղ գարնանը, երբ այս ամայի վայրերում կփռվի երփներանգ գորգը դաշտային ծաղիկների…
— Որոնց ոռոգում է առվակը,— ձայնակցեց Շվեյկը։— Իսկ մի կոճղի վրա նստած կլինի պան կապրալը, կթքոտի մատիտի ծայրն ու ոտանավորներ կգրի «Փոքրիկ ընթերցող» ժուռնալի համար։
Սակայն դա կապրալին դուրս չբերեց կատարյալ անզգայության վիճակից։ Հոժարականն սկսեց կապրալին հավատացնել, թե քանդակագործների ցուցահանդեսում տեսել է նրա կապրալական գլխի քանդակը։
— Ներեցեք, պան կապրալ, արդյոք դուք քանդակագործ Շտրուզեի համար մոդելի դեր չե՞ք կատարել։
Կապրալը նայեց հոժարականին և տխուր ասաց.
— Չեմ կատարել։
Պահակախմբի զինվորները Շվեյկի հետ թուղթ էին խաղում։ Կապրալը հուսահատությունից սկսեց խաղացողների ուսերի վրայից նայել խաղաթղթերին և նույնիսկ իրեն թույլ տվեց դիտողություն անել, թե Շվեյկն իզուր տուզ գնաց, թե եթե հաղթաթուղթը չգնար՝ յոթանոցը ձեռին կմնար։
— Մի ժամանակ,— ասաց Շվեյկը,— պանդոկների պատերի վրա շատ լավ մակագրություններ կային, հատկապես խորհրդատուների վերաբերյալ։ Հիշում եմ մի այսպիսի մակագրություն. «Խորհրդատու, քեզ պահիր դու խորհուրդդ, որ չջարդեն մռութդ»։
Զինվորական գնացքը մոտենում էր այն կայարանին, որտեղ տեսչությունը պետք է շրջայցեր վագոնները։ Գնացքը կանգ առավ։
— Այդպես էլ գիտեի,— ասաց անողոք հոժարականը, մի բազմանշանակալից հայացք նետելով կապրալի վրա,— տեսչությունն արդեն այստեղ է․․․
Վագոն մտավ տեսչությունը։
Շտաբը զինվորական գնացքի պետ էր նշանակել մի պահեստի սպայի՝ մաթեմատիկական գիտությունների դոկտոր Մռազին։ Այդպիսի տխմար գործերի գլուխ միշտ էլ պահեստի սպաներ էին դնում։