— Բարի գալուստ, Շվեյկ։ Շնորհակալ եմ ձեր այցելության համար։ Վերջապես դուք այստեղ եք, փափագելի՛ հյուր։
Բայց նա չկարողացավ իրեն զսպել, և վերջին օրերին կուտակված ամբողջ բարկությունը դուրս թափվեց բռունցքի մի սոսկալի հարվածով, որ իջավ սեղանին։ Թանաքամանը տեղից վեր ցատկեց ու թանաքոտեց ռոճկացուցակը։ Միաժամանակ թանաքամանի հետ միասին տեղից վեր ցատկեց պորուչիկ Լուկաշը և, ընդհուպ մոտենալով Շվեյկին, ծղրտաց.
— Անասո՛ւն։
Նա սկսեց նեղլիկ գրասենյակում դես ու դեն նետվել և ամեն անգամ Շվեյկին մոտենալիս թքել։
― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ,— ասաց Շվեյկը, մինչ պորուչիկ Լուկաշը շարունակում էր վազվզել գրասենյակում և գազազած դեպի անկյունն էր նետում այն ճմրթված թղթերը, որոնք վերցնելու համար ամեն անգամ մոտենում էր գրասեղանին,— ես նամակը հանձնեցի ամենայն ճշտակատարությամբ։ Բարեբախտաբար, ես տանը չգտա իրեն՝ պանի Կակոնին, և կարող եմ ասել, որ նա հույժ գեղեցիկ կին է, թեև նրան տեսա միայն լաց լինելիս…
Պորուչիկ Լուկաշը նստեց զինվորական գրագրի մահճակի վրա և խռպոտ ձայնով գոռաց.
— Երբ պիտի դրան վերջ լինի։
Ձևացնելով, թե նրա ասածը լավ չի լսել, Շվեյկը պատասխանեց.
— Հետո այնտեղ ինձ մի փոքրիկ անախորժություն պատահեց,― բայց ես ամեն ինչ իմ վրա առա։ Ճիշտ է, ինձ չէին հավատում, թե ես այդ պանիի հետ նամակագրություն ունեմ, բայց, այնուամենայնվ, հետքը կորցնելու համար, հարցաքննության ժամանակ նամակը կուլ տվի։ Հետո կատարյալ պատահականության բերումով,— դա այլ կերպ չի կարելի բացատրել, խառնվեցի մի փոքրիկ տուրուդմփոցի, բայց բարեհաջող դուրս պրծա։ Իմ անմեղությունն ընդունեցին, հետաքննությունը դադարեցրին։ Գնդի գրասենյակում ես միայն մի քանի րոպե սպասեցի, մինչև որ եկավ գնդապետը, որը ինձ մի թեթև հայհոյեց ու ասաց, պարոն օբեր-լեյտենանտ, թե անհապաղ պետք է ներկայանամ ձեզ և զեկուցեմ, որ ստանձնում եմ հանձնակատարի պարտականությունը։ Բացի դրանից, պարոն գնդապետն ինձ հրամայեց ձեզ հայտնել, որ դուք անհապաղ իր մոտ գնաք երթային վաշտի գործերով։ Այդ պահից ավելի քան կես ժամ անցել է։ Բայց չէ՞ որ պարոն գնդապետը չգիտեր, որ ինձ քարշ կտան նաև գնդի գրասենյակ և որ ես այնտեղ կնստեմ տասնհինգ րոպե, գուցե և ավելի։ Իսկ ես այնտեղ նստել էի այն պատճառով, որ ինձ չէին վճարել այդ ամբողջ ժամանակվա ռոճիկս, որը պետք է տային ոչ թե վաշտում, այլ գնդում, քաճի որ համարվում էի գնդային կալանավոր։ Այնտեղ ամեն ինչ այնպես էին իրար խառնել ու խառնշտորել, որ պարզապես մարդ կարող է խելագարվել։
Լսելով, որ դեռևս կես ժամ առաջ պարտավոր էր գնդապետի մոտ լինել, պորուչիկն սկսեց արագ հանգնվել։
— Նորից ինձ լավությո՜ւն արիք, Շվեյկ,— ասաց նա այնպիսի վհատալից ձայնով, որ Շվեյկը փորձեց բարեկամական խոսքով նրան հանգստացնել և հետևից ձայն տվեց.
— Ոչինչ, պարոն օբեր-լեյտենանտ, գնդապետը կսպասի, մեկ է՝ նա անելու բան չունի։
Պորուչիկ Լուկաշը ռումբի պես առաջ էր սլանում։
Պորուչիկի գնալուց մի րոպե հետո գրասենյակ մտավ ավագ գրագիր Վանեկը։
Շվեյկը նստած էր աթոռի վրա և թիթեղե փոքրիկ փեչի մեջ քարածուխ էր լցնում։ Փեչը ծխում և գարշ հոտ էր արձակում, իսկ Շվեյկը շարունակում էր իր զբաղմունքը, ուշադրություն չդարձնելով Վանեկի վրա, որը կանգ առավ և մի քանի րոպե դիտեց նրան, բայց, ի վերջո, չկարողացավ իրեն զսպել, ոտքով չրխկացնելով փակեց փեչի դռնակը և Շվեյկին ասաց, որ այդտեղից դուրս կորչի․
— Պարոն ավագ գրագիր,— արժանապատվորեն ասաց Շվեյկը,— թույլ տվեք ձեզ հայտնել, որ, որքան էլ ցանկանամ, չեմ կարող կատարել այստեղից և առհասարակ ճամբարից դուրս կորչելու ձեր հրամանը, քանի որ ես ենթարկվում եմ բարձրագույն ինստանցիայի հրամանին։ Չէ՞ որ ես այստեղ հանձնակատար եմ,— հպարտորեն ավելացրեց Շվեյկը։— Պարոն գնդապետ Շրեդերը ինձ գործուղել է տասնմեկերորդ վաշտ, պարոն օբեր-լեյտենանտի տրամադրության տակ, որի մոտ ես առաջ սպասյակ էի, բայց իմ բնատուր ինտելիգենտության շնորհիվ արժանացա աստիճանի բարձրացման և հանձնակատար դարձա։ Ես ու պարոն օբեր-լեյտենանտը արդեն հին ծանոթներ ենք։ Իսկ դուք խաղաղ ժամանակ ի՞նչ գործ էիք անում, պարոն ավագ գրագիր։
Գնդի գրագիր Վանեկն այնպես թևաթափ եղավ քաջարի զինվոր Շվեյկի տնավարի, անպատշաճորեն մտերմական տոնից, որ, մոռանալով իր աստիճանը, որով սիրում էր իր վաշտի զինվորների առաջ փայլել, պատասխանեց այնպես, որ կարծես Շվեյկի ստորադրյալը լիներ։
— Ես Կրալուպիում դեղագործական խանութ ունեմ։ Ազգանունս է Վանեկ։
— Ես էլ էի դեղագործություն սովորում,— պատասխանեց Շվեյկը,— Պրագայի Պետրշինա թաղում ապրող պան Կոկոշկայի մոտ։ Նա չափազանց տարօրինակ մարդ էր, և երբ ես մի անգամ սխալմամբ վառեցի բենզինի տակառը և նրա տունը այրվեց, նա ինձ վռնդեց և այլևս ոչ մի տեղ ինձ աշխատանքի չէին ընդունում, այնպես որ այդ տխմար բենզինի տակառի պատճառով ինձ չհաջողվեց ուսումս ավարտել։ Իսկ դուք երբևէ կովերի բուժիչ խոտեր պատրաստե՞լ եք։
Վանեկը բացասաբար շարժեց գլուխը։