— Ա՛յ, տեսնում ես։ Մերն էլ գնաց այնտեղ, տասներեքերորդ վաշտի հրամանատարն էլ։ Ես հենց նոր հեռախոսով խոսում էի նրանց հանձնակատարի հետ։ Այդ շտապողականությունը ինձ մի տեսակ դուր չի գալիս։
— Իսկ չգիտե՞ս, նվագախումբը իրերը չի՞ կապկպում։
— Ոչինչ չգիտեմ։
— Քեզ հիմարի տեղ մի դիր։ Ասում են, որ ձեր ավագ գրագիրը վագոնների բեռնագրերն արդեն ստացել է։ Ճիշտ է, չէ՞։ Դուք քանի զինվոր ունեք։
— Չգիտեմ։
— Ախ դու, դատարկագլուխ, ես հո քեզ չեմ ուտի։ (Լսվեց, թե ինչպես հեռախոսով խոսողը դիմեց իր մոտ գտնվող ինչ-որ մեկի, «Ֆրանտա, վերցրու երկրորդ փողը, տես թե տասնմեկերորդ վաշտն ինչպիսի հիմար հանձնակատար ունի»)։ Ալլո, քնա՞ծ ես, քեզ ի՞նչ պատահեց։ Դե, պատասխանիր, երբ կոլեգադ բան է հարցնում։ Ուրեմն, դեռ ոչինչ չգիտե՞ս։ Մի՛ թաքցրու։ Մի՞թե ավագ գրագիրը չի ասել, որ ձեզ պահածո են տալու։ Դու նրա հետ այդպիսի բաների մասին չես խոսո՞ւմ։ Ա՛յ քեզ դդում։ Դա քեզ չի վերաբերվո՞ւմ։ (Ծիծաղ լսվեց)։ Հը՞, չլինի տանիքից գլխիդ աղյուս ընկավ։ Դե լավ, հենց որ մի բան իմանաս՝ զանգահարիր տասներկուերորդ երթային գունդ, ազի՛զ տխմար։ Որտեղացի՞ ես։
— Պրագացի։
— Այդ դեպքում մի քիչ խելոք պիտի լինեիր։ Հա՛, մի բան էլ հարցնեմ։ Ձեր ավագ գրագիրը գրասենյակից ե՞րբ գնաց։
— Հենց նոր կանչեցին։
― Ահա թե ինչ։ Իսկ չէի՞ր կարող ավելի շուտ ասել։ Մերն էլ հենց նոր գնաց։ Այնտեղ ինչ-որ վատ բան է կատարվում։ Գումակի հետ դեռ չե՞ս խոսել։
— Ոչ։
— Հիսո՜ւս Քրիստոս։ Եվ դեռ ասում ես՝ պրագացի ես։ Ոչ մի բանի մասին չես հոգում։ Ամբողջ օրը որտե՞ղ ես քարշ գալիս։
— Ընդամենը մի ժամ առաջ եմ եկել դիվիզիոնի դատարանից։
― Դա արդեն ուրիշ բան է, ընկեր։ Հենց այսօր կանցնեմ ձեզ մոտ՝ երեսդ տեսնելու։ Երկու անգամ ավարտանշան տուր։
Նոր էր Շվեյկն ուզում ծխամորճը վառել, երբ նորից հեռախոսի զանգը հնչեց։ «Գրողի ծոցը գնաք դուք ձեր հեռախոսով,— մտածեց Շվեյկը,— գլո՜ւխ ունեմ ձեզ հետ շաղակրատելու»։
Բայց զանգն անողոք կերպով շարունակում էր հնչել, այնպես որ, վերջապես, Շվեյկի համբերությունը հատավ, նա վերցրեց հեռախոսափողը և բղավեց.
— Ալլո՛։ Ո՞վ է խոսում։ Լսում է տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատար Շվեյկը։
Շվեյկը ճանաչեց պորուչիկ Լուկաշի ձայնը.
— Ի՞նչ եք անում այդտեղ։ Ո՞ւր է Վանեկը։ Անմիջապես հեռախոսի մոտ կանչել Վանեկին։
― Համարձակվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, զանգը նոր հնչեց։
— Լսեցեք, Շվեյկ, ես ձեր հիմարությունները լսելու ժամանակ չունեմ։ Զինվորական ծառայության մեջ հեռախոսային խոսակցությունը հեռախոսային զևզեկություն չէ, որով զբաղվում են մեկնումեկին ճաշի հրավիրելիս։ Հեռախոսային խոսակցությունը պետք է լինի պարզ ու հակիրճ։ Հեռախոսով խոսելիս «համարձակվում եմ զեկուցել»-ը «օբեր-լեյտենանտ»-ը չեն գործածվում… Եվ այդպես, ես ձեզ հարցնում եմ, Շվեյկ, Վանեկն այդտե՞ղ է։ Թող անմիջապես մոտենա հեռախոսին։
— Համարձկվում եմ զեկուցել, պարոն օբեր-լեյտենանտ, նա առկա չէ։ Նրան հենց նոր, երևի քառորդ ժամ էլ չի լինի, մեր գրասենյակից կանչեցին գնդի գրասենյակ։
— Թող մի տուն գամ, ձեր ճաշը կեփեմ։ Չե՞ք կարող կարճ արտահայտվել։ Ուշադիր լսեցեք, թե հիմա ինչ եմ ասելու։ Որ հետո չարդարանաք, թե հեռախոսը խրխռում էր․․․ Անհապաղ, հեռախոսափողը կախելուն պես…
Պաուզա։
Նորից զանգ։
Շվեյկը վերցնում է հեռախոսափողը, և նրա գլխին հայհոյանքներ են տեղում.
— Անասո՛ւն, խուլիգա՛ն, սրիկա՛։ Ի՞նչ եք անում, ինչո՞ւ խոսակցությունն ընդհատեցիք։
— Դուք բարեհաճեցիք ասել, որ հեռախոսափողը կախեմ։
— Մի ժամից ես տուն կգամ։ Այն ժամանակ ձեր հալը կտեսնեք։ Անմիջապես վեր կացեք և գնացեք բարաք, այնտեղ գտեք դասակապետներից մեկին, թեկուզ Ֆուքսին, և ասացեք, որ անմիջապես վերցնի տասը զինվոր և նրանց հետ գնա պահեստ՝ պահածո ստանալու։ Կրկնեցեք, թե նա ինչ պիտի անի։
— Տասը զինվոր վերցրած գնա պահեստ պահածո ստանալու։
— Վերջապես մի քիչ խելոքացաք։ Իսկ առայժմ կզանգահարեմ գնդի գրասենյակ, Վանեկին, որ նա էլ գնա պահեստ՝ պահածոներն ընդունելու։ Իսկ եթե մինչ այդ բարաք վերադառնա, թող ամեն ինչ թողնի և վազի պահեստ։ Իսկ հիմա հեռախոսափողը կախեցեք։
Շվեյկը բավական երկար և ապարդյուն փնտրում էր Ֆուքսին և մյուս ենթասպաներին։ Նրանք բոլորը տնկվել էին խոհանոցի մոտ, կրծմրծում էին ոսկորների վրա մնացած մսերը և զվարճանում սյանը կապված Բալոունին նայելով, որը, ճիշտ է, ոտքի ամբողջ թաթով հենված էր գետնին, քանի որ նրան գթացել էին։ Հետաքրքիր մի տեսարան էր դա։ Խոհարարներից մեկը Բալոունի համար մի կողոսկր բերեց և խոթեց նրա բերանը։ Մորուքավոր հսկա Բալոունը ձեռքերով գորձելու հնարավորություն չունենալով, զգուշաբար ոսկորը շուռումուռ էր տալիս բերանում, գործելով ատամներով ու լնդերով։ Նա միսը կրծմրծում էր անտառաոգու տեսքով։
— Ձեզնից ո՞վ է դասակապետ Ֆուքսը,— հարցրեց Շվեյկը, վերջապես ենթասպաներին գտնելով։
Դասակապետ Ֆուքսն անհրաժեշտ չհամարեց պատասխանել, տեսնելով, որ իրեն հարցնողն ինչոր շարքային հետևակ զինվոր է։
— Ձեզ բան եմ ասում,— գոռաց Շվեյկը,— դեռ երկա՞ր պիտի հարցնեմ։ Որտե՞ղ է դասակապետ Ֆուքսը։
Դասակապետ Ֆուքսն առաջ եկավ և, ուռած-փքված, սկսեց Շվեյկին շշպռել, թե ինքը ոչ թե դասակապետ է, այլ պարոն դասակապետ, և չի կարելի բղավել, թե «ո՞ւր է դասակապետը», այլ հարկավոր է ասել. «համարձակվում եմ զեկուցել, արդյոք այստե՞ղ է պարոն դասակապետը»։ Եթե իր դասակում մեկնումեկը մոռանում է ասել «Ich melde gehorsam»[100]
, ապա ինքը նրա ռեխը ջարդում է։— Մի քիչ կամա՜ց,— խոհեմաբար ասաց Շվեյկը։— Անմիջապես վեր կացեք, գնացեք բարաք, այնտեղից տասը զինվոր վերցրեք և նրանց հետ վազքով մա՛րշ դեպի պահեստ՝ պահածո ստանալու։
Դասակապետն այնպես շշմեց, որ հազիվ կարողացավ ասել.
— Ի՞նչ…