Այդ միջոցին վախմիստրն արտագրում էր իր զեկուցագիրը, որ նա գիշերը լրացրել էր թանաքակաթիլներով, դրանցով այնպես լղոզելով տեքստը, որ կարծես մարմելադ լիներ։
Նա կրկին վերամշակեց ամբողջ զեկուցագիրը և հիշեց, որ մոռացել է Շվեյկին, հարցաքննել ևս մի բանի մասին։ Վախմիստրը հրամայեց Շվեյկին բերել և նրան հարցրեց.
— Լուսանկարել դիտե՞ք։
— Գիտեմ։
— Իսկ ինչո՞ւ լուսանկարչական ապարատ չունեք։
— Որովհետև լուսանկարչական ապարատ չունեմ,— անկեղծորեն խոստովանեց Շվեյկը։
— Իսկ եթե ապարատ ունենայիք, կլուսանկարեի՞ք,— հարցրեց վախմիստրը։
— Եթե մորաքույրս տղամարդ լիներ, նրան քեռի կասեի,— պարզասրտորեն ասաց Շվեյկը, իր հանգիստ հայացքով պատասխանելով վախմիստրի փորձող հայացքին։
Այդ պահին վախմիստրի գլուխը նորից այնպես ցավեց, որ նա չկարողացավ տալ այլ հարց, քան միայն այս.
— Արդյոք կայարաններ լուսանկարելը դժվա՞ր է։
— Ավելի հեշտ, քան մի այլ բան,— պատասխանեց Շվեյկը։― Նախ՝ կայարանը չի շարժվում, այլ կանգնած է միևնույն տեղում, իսկ, երկրորդ, կարիք չկա նրան ասելու. «Աշխատեցեք ժպտալ»։
Այժմ վախմիստրը կարող էր իր զեկուցագրին ավելացնել․ «Zu dem Berich։, №2172, melde ich»[23]
։ Այդ լրացումի մեջ վախմիստրը ազատություն տվեց իր ոգևորությանը.«Խաչաձև հարցաքննության ժամանակ ձերբակալվածը, ի միջի այլոց, ցուցմունք տվեց, թե լուսանկարել գիտե և ավելի շատ սիրում է կայարաններ լուսանկարել։ Թեև խուզարկելիս նրա մոտ լուսանկարչական ապարատ չգտնվեց, բայց կասկած կա, որ նա որևէ տեղ թաքցրել է հիշյալը և այն չի կրում միայն նրա համար, որ կասկած չհարուցի։ Դա հաստատվում է նաև նրա սեփական խոստովանությամբ, թե կլուսանկարեր, եթե մոտը ապարատ ունենար…»։
Վախմիստրը խումարից ավելի ու ավելի էր խճճվում լուսանկարչական ապարատին վերաբերվող իր հաղորդման մեջ։ Նա գրեց.
«Ձերբակալվածի ցուցմունքներից միանգամայն պարզորեն բխում է, որ միայն ապարատ չունենալու հանգամանքն է նրան խանգարել լուսանկարելու երկաթուղային կառույցները և առհասարակ ստրատեգիական նշանակություն ունեցող վայրերը։ Կասկածի ենթակա չէ, որ նա իր մտադրությանը ի կատար կածեր, եթե իր թաքցրած վերոհիշյալ լուսանկարչական ապարատը մոտը լիներ։ Միայն շնորհիվ այն հանգամանքի, որ ապարատը մոտը չի եղել, նրա մոտ ոչ մի լուսանկար չհայտնաբերվեց»։
Վախմիստրն իր ստեղծագործությունից շատ գոհ էր և պարծենալով կարդաց եֆրեյտորի համար․
— Հաջող է դուրս եկել,— ասաց նա։— Տեսնում եք, ինչպես պետք է կազմել զեկուցագրերը։ Այստեղ ամեն ինչ պետք է լինի։ Հետաքննությունը, սիրելիս, այնքան էլ հեշտ բան չէ, և որ գլխավարն է, հարկավոր է զեկուցագրի մեջ ամեն ինչ վարպետորեն շարադրել, որպեսզի վերին ինստանցիայում բերանները բաց մնա։ Հապա նրան բերեք այստեղ։ Ժամանակն է այս գործը վերջացնելու։
— Եվ այսպես, պարոն եֆրեյտորը ձեզ կտանի Պիսեկի ժանդարմական շրջանային վարչություն,— ասաց նա Շվեյկին լուրջ դեմքով։— Համաձայն հրահանգի, անհրաժեշտ է ձեզ ուղարկել ձեռնակապերով, բայց նկատի առնելով, որ իմ կարծիքով դուք կարգին մարդ եք, ձեր ձեռքերը չենք շղթայի։ Համոզված եմ, որ ճանապարհին փախչելու փորձ չեք անի։— Եվ վախմիստրը, ըստ երևույթին զգացված այն բարեհոգությունից, որ դրոշմված էր Շվեյկի դեմքին, ավելացրեց.
— Ինձ բարի հիշեցեք։ Տարե՛ք դրան, պարոն եֆրեյտոր, ահա ձեզ իմ զեկուցագիրը։
— Մնաք բարով,— քնքշաբար ասաց Շվեյկը։— Շնորհակալություն, պարոն վախմիստր, ձեր բոլոր լավությունների համար։ Առիթ լինելիս ձեզ նամակ կգրեմ, իսկ թե որ ձեր կողմերն ընկնեմ՝ անպայման կայցելեմ։
Շվեյկն ու եֆրեյտորը դուրս եկան խճուղի, և ով որ տեսներ նրանց, թե ինչպես են մտերմաբար զրուցում, պիտի կարծեր, թե վաղեմի ծանոթներ են, որ հանկարծ ճանապարհին հանդիպել և միասին գնում են որևէ տեղ, ասենք, եկեղեցի։
— Երբեք մտքովս չէր անցնի,— ասում էր Շվեյկը,— թե Բուդեյովիցի ճանապարհը կարող է այսքան դժվար լինել։ Դա ինձ հիշեցնում է այն դեպքը, որ պատահել է Կոբիլիսցի մսագործ Խաուրոյին։ Մի անգամ նա Մորանում հասնամ է Պալացկու արձանին և սկսում շուրջը պտտվել մինչև առավոտ, կարծելով, թե պատի երկայնքով է քայլում, իսկ պատը վերջ չունի։ Մարդը հուսահատվում, առավոտյան դեմ բոլորովին հալից ընկնում է և սկսում «օգնությո՛ւն» բղավել։ Իսկ երբ ոստիկանները վազելով գալիս են, նրանց հարցնում է, թե ինչպես պետք է գնա Կորիլիս՝ իր տունը, որովհետև, ասում է, արդեն հինգ ժամ է քայլում եմ ինչ-որ պատի երկայնքով, որը վերջ չունի։ Ոստիկանները նրան ձերբակալում են, իսկ նա ոստիկանական բաժանմունքում ամեն ինչ ջարդուփշուր է անում։
Եֆրեյտորը ոչինչ չասաց և մտածեց․ «Ախր ինչի՞ համար ես ինձ պատմում այդ ամենը։ Նորից սկսել է գլուխս եղել իր այդ Բոլդեյովիցիով»։
Նրանք անցնում էին լճակի մոտով, և Շվեյկն սկսեց հետաքրքրվել, թե նրանց շրջանում շա՞տ ձկնորսներ կան, որ ձուկը որսում են առանց թույլտվության։
— Այստեղ բոլորը որսագողեր են,— պատասխանեց եֆրեյտորը։— նրանք նախկին վախմիստրին ուզում էին խեղդել։ Լճակի պահակը նրանց հետույքները դաղում է խոզաստևով լցրած փամփուշտներով, բայց բան դուրս չի գալիս, քանի որ շալվարների մեջ թիթեղ են դնում։
Եվ եֆրեյտորը հարևանցիորեն անդրադարձավ առաջադիմության թեմային, այն հարցին, թե մարդիկ մինչև ո՛ւր են հասել և թե ինչպես են իրար խաբում, ապա զարգացրեց մի նոր տեսություն, թե պատերազմը մի մեծ բարիք է ամբողջ մարդկության համար, որովհետև կարգին մարդկանց հետ սպանվում են նաև շատ սրիկաներ ու խաբեբաներ։
— Առանց այն էլ աշխարհում չափից շատ մարդ կա,— ասաց նա խորիմաստորեն։— Բոլորի համար նեղվածք է, մարդիկ չտեսնված շատ են բազմացել։
Նրանք մոտենում էին իջևանատանը։