Կես գիշերին Շվեյկը վեր կացավ, սուսուփուս հագնվեց և դուրս եկավ։ Արևելքում ծագում էր լուսինը, և նրա աղոտ լույսով Շվեյկը քայլերն ուղղեց դեպի արևելք, ինքն իրեն կրկնելով. «Անկարելի բան է, որ ես Բուդեյովիցի չհասնեմ»։
Անտառից դուրս գալիս Շվեյկն իր աջ կողմում մի քաղաք տեսավ և այդ պատճառով ճանապարհը թեքեց դեպի հյուսիս, հետս նորից դեպի հարավ և դարձյալ մոտեցավ ինչ-որ քաղաքի։ Վոդյանին էր դա։ Շվեյկը մարգագետինների միջով ճարպկորեն շրջանցեց այդ քաղաքը, և արեգակի առաջին ճառագայթները նրան ողջունեցին Պրոտիվինի մոտ բարձրացող, լեռների ձյունապատ լանջերին։
— Հառա՛ջ,— ինքն իրեն հրամայեց քաջարի զինվոր Շվեյկը։— Պարտքս կանչում է ինձ։ Ես պետք է հասնեմ Բուդեյովիցի։
Բայց պատահմունքի դժբախտ բերումով, Շվեյկի քայլերը փոխանակ Պրոտիվինից դեպի հարավ՝ Բուդեյովիցի ուղղվելու, ուղղվեցին դեպի հյուսիս, դեպի Պիսեկ։
Կեսօրին մոտ նրա առաջ մի գյուղակ երևաց։ Բլուրից իջնելով, Շվեյկը մտածում էր. «Այսպես գործը առաջ չի գնա։ Եկ հարցնեմ, թե ինչպես պետք է գնալ Բուդեյովիցի»։
Մտնելով գյուղ, Շվեյկը շատ զարմացավ, երբ առաջին խրճիթի մոտ տնկված սյան վրա կարդաց. «Գյուղ Պուտիմ»։
— Ա՜յ քեզ բան,— հառաչեց Շվեյկը,— նորից ընկա Պուտիմ, որտեղ քնել եմ դեզի մեջ։
Դրանից հետո նա այլևս չզարմացավ, երբ լճակի հետևում գտնվող սպիտակ ներկած մի տնակից, որի վրա աչքի էր ընկնում «հավը» (որոշ տեղերում այդպես էին անվանում պետական արծիվը), իր ոստայնը ստուգող սարդի պես դուրս եկավ մի ժանդարմ։
Ժանդարմը քիպ մոտեցավ Շվեյկին և հարցրեց միայն.
― Ո՞ւր։
— Բուդեյովիցի, իմ գունդը։
Ժանդարմը հեգնաբար քմծիծաղ տվեց։
― Բայց չէ՞ որ Բուդեյովիցիից եք գալիս։ Ձեր այդ Բուդեյովիցին ձեր հետևն է մնացել։— Եվ Շվեյկին քարշ տվեց ոստիկանական բաժանմունք։
Պուտիմի ժանդարմական վախմիստրն ամբողջ շրջանում հայտնի էր արագ և միաժամանակ մեծ տակտով գործելու իր ընդունակությամբ։ Նա ձերբակալվածներին ու կալանավորներին երբեք չէր հայհոյում, սակայն ենթարկում էր այնպիսի ճարտար խաչաձև հարցաքննության, որ անմեղն էլ կխոստովաներ, թե մեղավոր է։
Այդ գործի համար նա առանձնացրել էր երկու ժանդարմների, և խաչաձև հարցաքննությունը միշտ տեղի էր ունենում ժանդարմական ամբողջ անձնակազմի քրքիջի ներքո։
— Քրեագիտության էությունը խորամանկ և միաժամանակ սիրալիր լինելու մեջ է,— ասում էր վախմիստրն իր ստորադրյալներին։— Սրա-նրա վրա բղավելը դատարկ բան է։ Մեղադրյալների և կասկածելիների հետ պետք է քաղաքավարի ու նրբավարի վարվել, բայց և միաժամանակ պետք է ջանալ նրանց հարցախեղդ անել։
— Բարի գալուստ, զինվորիկս,— ասաց ժանդարմական վախմիստրը Շվեյկին։— Համեցեք նստեցեք, ճանապարհից հոգնած կլինեք։ Հապա ասացեք մեզ, ո՞ւր եք գնում։
Շվեյկը կրկնեց, թե գնում է Չեխական Բուդեյովիցի, իր գունդը։
― Դուք, ինչպես երևում է, ճանապարհը կորցրել եք,— ասաց վախմիստրը ժպտալով։— Բանն այն է, որ դուք գալիս եք հենց Չեխական Բուդեյովիցիից, և ես կարող եմ դա շատ հեշտ ապացուցել։ Ձեր գլխավերևում կախված է Չեխիայի քարտեզը։ Նայեցեք, մեզնից դեպի հարավ գտնվում է Պրոտիվինը, Պրոտիվինից ավելի հարավ՝ Գլուբոկոյեն, իսկ էլ ավելի հարավ՝ Չեխական Բուդեյովիցին։ Ասել կուզեք դուք ոչ թե գնում եք Բուդեյովիցի, այլ գալիս եք Բուդեյովիցիից։
Վախմիստրը սիրալիր նայեց Շվեյկին, որը հանգիստ և արժանապատվորեն պատասխանեց.
― Եվ այնուամենայնիվ, ես գնում եմ Բուդեյովիցի։
Դա հնչեց ավելի ուժեղ, քան Գալիլեի՝ «Եվ այնուամենայնիվ պտտվում է» խոսքը, որ նա, հավանաբար, ասել է սաստիկ հուզված։
— Գիտե՞ք ինչ, զինվորիկս,— ասաց վախմիստրը առաջվա պես սիրալիր,— պարտավոր եմ ձեզ նախազգուշացնել (ասենք, ի վերջո ինքներդ էլ կհանգեք այդ եզրակացության), որ ամեն մի ժխտում դժվարացնում է անկեղծ խոստովանությունը։
— Գուք անկասկած իրավացի եք,— ասաց Շվեյկը։— Ամեն մի ժխտում դժվարացնում է անկեղծ խոստովանությունը, և ընդհակառակը։
— Ա՛յ, արդեն ինքներդ, զինվորիկս, սկսում եք ինձ հետ համաձայնվել։ Անկեղծ ասացեք, որտեղի՞ց դուրս եկաք, երբ գնում էիք «ձեր» այդ Բուդեյովիցի ասածը։ Ասում եմ՝ «ձեր», որովհետև, ըստ երևույթին, գոյություն ունեն նաև ուրիշ բուդեյովիցիներ, որոնք գտնվում են Պուտիմից դեպի հյուսիս և մինչև հիմա ոչ մի քարտեզի վրա չեն նշված։
— Ես դուրս եկա Թաբորից։
— Իսկ Թաբորում ի՞նչ էիք անում։
— Սպասում էի Բուդեյովիցիի գնացքին։
— Իսկ ինչո՞ւ գնացքով չգնացիք Բուդեյովիցի։
— Որովհետև տոմս չունեի։
— Իսկ ինչո՞ւ ձեզ, որպես զինվորի, զինվորական անվճար տոմս չտվին։
— Որովհետև մոտս ոչ մի փաստաթուղթ չկար։
— Ըհը՛, ահա թե ինչ,— հաղթանակորեն ասաց վախմիստրը ժանդարմներից մեկին։— Տղան այնքան էլ հիմար չէ, ինչպես ձևանում է։ Աշխատում է հետքերը թաքցնել։
Վախմիստրը հարցաքննությունն սկսեց նորից, չլսելու տալով փաստաթղթերին վերաբերվող բառերը․
― Եվ այդպես, դուրս եկաք Թաբորից։ Իսկ ո՞ւր էիք գնում։
— Չեխական Բուդեյովիցի։
Վախմիստրի դեմքը փոքր-ինչ խիստ արտահայտություն ընդունեց, և նրա հայացքը սևեռվեց քարտեզի վրա։
— Կարո՞ղ եք քարտեզի վրա մեզ ցույց տալ, թե որ ճանապարհով էիք գնում Բուդեյովիցի։
— Ես բոլոր տեղերը չեմ հիշում։ Հիշում եմ միայն, որ Պուտիմում արդեն մի անգամ եղել եմ։
Ժանդարմները արտահայտիչ հայացքներով իրար նայեցին։
— Ուրեմն, դուք եղել եք Թաբորի կայարանում։ Ի՞նչ կա ձեր գրպաններում, բոլորը հանեցեք։
Երբ Շվեյկին հիմնավորապես խուզարկեցին ու ոչինչ չգտան, բացի ծխամորճից ու լուցկու տուփից, վախմիստրն հարցրեց․
— Ասացեք, ինչո՞ւ ձեզ մոտ բացարձակապես ոչինչ չկա։
— Որովհետև ինձ ոչինչ հարկավոր չէ։
— Տե՜ր իմ աստված,— հառաչեց վախմիստրը,— ձեզ հետ գործ ունենալը տանջանք է… Դուք ասացիք, որ արդեն մի անգամ Պուտիմում եղել եք։ Այդ ժամանակ ի՞նչ էիք անում այստեղ։