Անկետա․ տեղի ազգաբնակչությունն ի՞նչ վերաբերմունք ունի ռազմական փոխառությունների և նվիրատվություններ հավաքելու նկատմամբ։
Անկետա․ ի՞նչ տրամադրություններ կան տեղական ինքնավարության անդամների և ինտելիգենցիայի շրջանում։
Կարգադրություն․ անհապաղ պարզել, թե քաղաքական ի՞նչ կուսակցությունների է հարում տեղական բնակչությունը, որքան է ուժեղ քաղաքական կուսակցություններից յուրաքանչյուրը։
Հրաման․ հետևել տեղի քաղաքական կուսակցությունների պարագլուխների գործունեությանը և պարզել, թե ինչ աստիճան լոյալ են այն քաղաքական կուսակցությունները, որոնց հարում է բնակչությունը։
Անկետա․ ի՞նչ թերթեր, ժուռնալներ ու բրոշյուրներ են ստացվում տվյալ ժանդարմական բաժանմունքին ենթակա շրջանում։
Հրահանգ. ինչպե՛ս պարզել, թե ում հետ են կապեր պահպանում անլոյալության մեջ կասկածվող անձինք և ինչով է արտահայտվում նրանց անլոյալությունը։
Հրահանգ, թե ինչպես վճարովի մատնիչներ ու լրտուներ հավաքագրել տեղական ազգաբնակչության միջից։
Հրահանգ տեղական բնակչության միջից հավաքագրված և ժանդարմական բաժանմունքին ծառայող լրատուների համար։
Յուրաքանչյուր օրն իր հետ բերում էր նոր հրահանգներ, հրամաններ, անկետաներ ու կարգադրություններ։
Խեղդվելով Ավստրիայի Ներքին գործոց մինիստրության այդ գյուտերի ծովում, վախմիստր Ֆլանդերկան շատ «պարտքերի մնացորդներ» ուներ և անկետաներին տալիս էր միատեսակ պատասխաններ, թե իր շրջանում ամեն ինչ կարգին է և տեղիս բնակչության լոյալությունը համապատասխանում է II a աստիճան:
Միապետության նկատմամբ բնակչության լոյալությունը գնահատելու համար Ավստրիայի Ներքին գործոց մինիստրությունը հնարել էր այսպիսի աստիճանակարգ.
I
a
I
b
I
c
II
a
II
b
II
c
III
a
III
b
III
c
IV
a
IV
b
IV
c
Հռոմեական չորսը «a»-ի հետ նշանակում էր դավաճանություն ու կախաղան, «b»-ի հետ՝ համակենտրոնացման ճամբար, իսկ «c»-ի հետ` հետամտել և բանտարկել։
Ժանդարմական վախմիստրի գրասեղանի արկղերում կային ամեն տեսակ տպագիր կարգադրություններ ու մատյաններ։ Իշխանությունները ցանկանում էին իմանալ, թե յուրաքանչյուր քաղաքացի ինչ է մտածում իր կառավարության մասին։
Վախմիստր Ֆլանդերկան հաճախ էր վհատվում այդ «գրականությունից», որ գալիս էր յուրաքանչյուր փոստով։ Հենց որ տեսնում էր «անվճար պաշտոնական» շտեմպելը կրող ծանոթ մի ծրար, սիրտն սկսում էր թրթռալ։ Գիշերը երկար խոհրդածելուց հետո սա հանգում էր այն եզրակացության, որ մինչև պատերազմի վերջը չի ապրի, որ Երկրամասային ժանդարմական վարչությունը նրան կզրկի բանականության վերջին փշուրներից և նա բախտ չի ունենա ուրախանալու ավստրիական զենքի հաղթանակով, քանզի մինչ այդ նրա գլխից պակասած կլինեն շատ պտուտակներ։
Իսկ ժանդարմական շրջանային վարչությունը օր օրի վրա նրան ռմբակոծում էր հարցապնդումներով, թե ինչո՞ւ մինչև հիմա պատասխան չի տրված №[math]\frac{72 \ 345}{721\ a/f}[/math]d անկետային, ինչպես է կատարվում №[math]\frac{88 \ 992}{822 \ gfeh}[/math]z հրահանգը, ինչպիսի գործնական արդյունքներ է ունեցել №[math]\frac{123 \ 456}{1292\ b/r}[/math]v հրամանը, և այլն։
Նրան ամենից շատ գլխացավանք էր պատճառում այն հրահանգը, թե ինչպես պետք է տեղական բնակչության միջից վարձու մատնիչներ ու լրտուներ հավաքագրել։ Վերջապես գալով այն եզրակացության, որ հնարավոր չէ որևէ մեկին հավաքագրել այն վայրից, ուր սկիզբ է առնում Բլատան, որովհետև այնտեղ բոլորը պնդաճակատներ են, նա որոշեց իր մոտ ծառայության վերցնել համայնքի հոտաղին, որին Տռճինկ Պեպկա մականունն էին կպցրել։ Այդ Պեպկան ապուշի մեկն էր, որ իր մականունը լսելուն պես սկսում էր տռճինկ տալ, բնությունից ու մարդկանցից ծաղրված, դժբախտ ու խեղանդամ մի արարած, որ տարեկան մի երկու զլոտինով ու հացափորի արածացնում էր գյուղի հոտը։
Եվ ահա վախմիստրը հրամայում է Պեպկային կանչել իր մոտ և նրան ասում է.
— Գիտե՞ս, Պեպկա, ով է «ծեր Պրոխազկան»։
— Մե-մեե՜․․․
— Մի՛ մկկա։ Միտդ պահիր, որ այդպես են անվանում թագավոր կայսրին։ Գիտե՞ս ով է թագավոր կայսրը։
— Նա թագավոլ կայսլն է…
— Ապրե՛ս, Պեպկա։ Ուրեմն, իմացիր, եթե տնից տուն ճաշի գնալիս լսես, որ մեկնումեկն ասում է, թե թագավոր կայսրը անասուն է կամ այդպիսի մի բան, եկ ու ինձ հայտնիր։ Դրա համար ինձնից քսան հելլեր կստանաս։ Իսկ եթե լսես, որ մեկնումեկն ասում է, թե մենք պատերազմը տանուլ կտանք, դարձյալ եկ ինձ մոտ, հասկանո՞ւմ ես։ Կհայտնես, թե ասողն ով էր, և նորից քսան հելլեր կստանաս։ Բայց եթե իմանամ, որ մի բան թաքցրել ես, վերջդ վատ կլինի։ Կձերբակալեմ ու կուղարկեմ Պիսեկ։ Իսկ հիմա տռճինկ տուր տեսնեմ։— Պեպկան տռճինկ է տալիս, իսկ վախմիստրը նրան քսան հելլեր է նվիրում և, ինքն իրենից գոհ, ժանդարմական վարչությանը զեկուցագիր գրում, թե լրտու է հավաքագրել։
Հետևյալ օրը վախմիստրի մոտ գալիս է քահանան և որպես գաղտնիք հայտնում, թե առավոտյան գյուղից դուրս հանդիպել է գյուղի հոտաղ Տռճինկ Պեպկային և նա իրեն ասել է. «Տել հայլ, ելեկ պան վախմիստլը ասաց, թե թագավոլ կայսլը անասուն է և մենք պատերազմը տանուլ կտանք։ Մե-մեե․․․ հո՛պ»։
Քահանայի հետ ունեցած խոսակցությունից հետո վախմիստրը հրամայում է գյուղի հոտաղին ձերբակալել։ Հետագայում Գրադչանիի դատարանը հոտաղին պետական դավաճանության համար դատապարտել էր քսան տարվա բանտարկության։ Պեպկան մեղադրվում էր վտանգավոր և դավաճանական գործողությունների, մարդկանց մտքերը պղտորելու, նորին մեծությանը վիրավորանք հասցնելու և մի շարք այլ հանցանքների ու զանցանքների մեջ։