— Պուտիմի մոտով գնում էի Բուդեյովիցի։
— Տեսնո՞ւմ եք ինչպես եք շփոթում։ Ինքներդ ասում եք, թե գնում էիք Բուդեյովիցի, մինչդեռ մենք ձեզ ապացուցեցինք, որ դուք գալիս եք Բուդեյովիցիից։
— Երևի պտույտ եմ գործել։
Վախմիստրն ու բոլոր ժանդարմները բազմանշանակալից հայացքներ փոխանակեցին։
— Այդ պտույտ գործելը մտածել է տալիս, որ դուք պարզապես հոտվտում եք մեր շրջանում։ Թաբորի կայարանում երկա՞ր մնացիք։
— Մինչև Բուդեյովիցի կմեկներ վերջին գնացքը։
— Իսկ ի՞նչ էիք անում այնտեղ։
— Զինվորների հետ խոսում էի։
Վախմիստրը նորից մի հույժ բազմանշանակալից հայացք նետեց իրեն շրջապատողների վրա։
— Ինչի մասին էիք, օրինակ, նրանց հետ խոսում։ Ի՞նչ էիք նրանց հարցնում։
— Հարցնում էի ո՛ր գնդից են և ուր են գնում։
— Շատ լավ։ Իսկ չէի՞ք հարցնում, օրինակ, թե գունդը քանի՛ սվին ունի և թե ինչպե՛ս է ստորաբաժանված։
— Դա չէի հարցնում։ Ինքս վաղուց անգիր գիտեմ։
— Ուրեմն, դուք կատարելապես իրազեկ եք մեր զորքերի ներքին կառուցվածքին։
— Իհարկե, պարոն վախմիստր։
Այստեղ վախմիստրը գործի դրեց վերջին միջոցը, հաղթականորեն նայելով իր ժանդարմներին.
— Ռուսերեն խոսել գիտե՞ք։
— Չգիտեմ։
Վախմիստրը գլխով նշան արեց եֆրեյտորին և, երբ երկուսով միասին մտան հարևան սենյակը, ուր նա, իր հաղթանակի գիտակցումից հուզված, ձեռքերը շփելով, համոզված ասաց.
— Լսեցի՞ք։ Ռուսերեն խոսել չգիտե։ Երևում է, տղան կյանքում ամեն բան տեսել է։ Ամեն ինչ խոստովանեց, բայց ամենակարևորը ժխտում է։ Վաղն իսկ նրան կուղարկենք Պիսեկ, շրջանային վարչություն։ Քրեագիտության էությունը խորամանկ և միաժամանակ սիրալիր լինելու մեջ է։ Տեսա՞ք ինչպես հարցախեղդ արի։ Եվ ո՞ւմ մտքով կանցներ։ Որ նայում ես, հիմարի մեկն է թվում։ Այ, այդպիսի տիպերի նկատմամբ հարկավոր է նուրբ աշխատանք կատարել։ Իսկ ես գնամ արձանագրություն կազմեմ։
Եվ ինքնահաճ քմծիծաղը շուրթերին, ժանդարմական վախմիստրը մինչև երեկո թխում էր արձանագրությունը, որի յուրաքանչյուր նախադասության մեջ փայլում էր «spionagevefdächtig»[16]
բառը։Որքան վախմիստր Ֆլանդերկան շարունակում էր իր արձանագրությունը, այնքան իրադրությունը նրա համար պարզ էր դառնում։ Գրասենյակային տարօրինակ գերմաներենով գրված արձանագրությունը ավարտելով հետևյալ բառերով… «So melde Ich gehorsam, wird den feindlichen Offizier heutigen Tages nach Bezirksgendarmeriekommando Pisek, überliefert»[17]
, ― նա ժպտաց իր երկասիրությանը և կանչեց ժանդարմ եֆրեյտորին։— Այդ թշնամու սպային ուտելու բան տվե՞լ եք։
— Համաձայն ձեր հրամանի, պարոն վախմիստր, սնունդով ապահովում ենք միայն նրանց, ովքեր բերման են ենթարկվել ու հարցաքննվել մինչև ցերեկվա ժամը տասներկուսը։
— Բայց ներկա դեպքում մենք գործ ունենք հազվադեպ բացառության հետ,— ծանրակշիռ կերպով ասաց վախմիստրը։— Նա ավագ սպա է, հավանաբար շտաբային։ Ինքներդ հասկանում եք, որ ռուսները մի ինչ-որ եֆրեյտորի չէին ուղարկի այստեղ լրտեսելու։ Մեկնումեկին ուղարկեցեք «Կատվի մոտ» պանդոկը նրա հարմար ճաշ բերելու։ Իսկ եթե արդեն ճաշ չկա, թող մի բան եփեն։ Հետո թող ռոմով թեյ պատրաստեն և այդ բոլորը ուղարկեն այստեղ։ Եվ ոչ մի ծպտուն, թե ում համար է։ Առհասարակ ոչ ոքի ոչ մի խոսք, թե ումն ենք բռնել։ Դա ռազմական գաղտնիք է։ Իսկ նա հիմա ի՞նչ է անում։
— Մի քիչ թութուն խնդրեց։ Նստել է հերթապահանոցում։ Բոլորովին հանգիստ է ձևանում, կարծես իր տանը լինի։ Ձեզ մոտ, ասում է, շատ տաք է։ Իսկ ձեր վառարանը ծուխ չի՞ անում։ Ձեր տեղը, ասում է, ինձ շատ է դուր գալիս։ Եթե վառարանը ծուխ անի, ծխնելույզ մաքրող կանչեցեք, որ ծխնելույզը մաքրի։ Բայց թող մաքրի իրիկնամտին և ոչ թե այն ժամանակ, երբ արեգակը ծխնելույզի վերևում լինի։
— Ա՜յ թե պտուղ է,— կատարյալ հիացմունքով ասաց վախմիստրը։— Ցույց է տալիս, թե իբր դա իրեն բնավ չի վերաբերվում։ Բայց հո գիտե, որ պետք է գնդակահարվի։ Այդպիսի մարդուն պետք է հարգել, թեկուզ և թշնամի լինի։ Չէ՞ որ մարդը դեպի անխուսափելի մահ է գնում։ Չգիտեմ, մեզնից որևէ մեկը կարո՞ղ էր այդպես դիմանալ։ Ով էլ որ նրա տեղը լիներ, թերևս իրեն կորցներ, թուլամորթություն աներ։ Իսկ նա նստած է իր համար և ասում է. «Ձեզ մոտ տաք է, և վառարանը ծուխ չի անում»։ Ա՛յ դա, պարոն եֆրեյտոր, կա՜մք է։ Այդպիսի մարդը պետք է ունենա պողպատե ջղեր, էնտուզիազմ, անձնուրացություն և արիություն։ Երանի մեր Ավստրիայում բոլորն այդպիսի էնտուզիաստներ լինեին։ Բայց այդ մասին չխոսենք։ Մեզ մոտ էլ էնտուզիաստներ կան։ Դուք «Ազգային քաղաքականություն» թերթում կարդացե՞լ եք հրետանու պորուչիկ Բերգերի մասին, որը բարձրացել է մի բարձր, եղևնու վրա և այնտեղ դիտակետ սարքել։ Երբ մերոնք նահանջել են, նա այլևս չի կարողացել ցած իջնել, որովհետև գերի կընկներ, և ահա սկսել է սպասել, թե մերոնք ե՞րբ են նորից թշնամուն քշելու, և սպասել է ամբողջ երկու շաբաթ, մինչև որ իր ուզածը կատարվել է։ Ամբողջ երկու շաբաթ նստած է եղել ծառի վրա և քաղցից չմեռնելու համար կրծել է եղևնու ամբողջ կատարը, սնվել ճյուղերով ու ասեղնատերևներով։ Երբ մերոնք եկել են, նա այնքան թուլացած է եղել, որ չի կարողացել ծառի վրա մնալ, ցած է ընկել, ջախջախվել ու մեռել։ Հետմահու պարգևատրվել է «Խիզախության համար» ոսկե մեդալով։
Եվ վախմիստրը լրջաբար ավելացրեց.
— Ահա դա՛ է, պարոն եֆրեյտոր, անձնուրացությունը, դա՛ է հերոսությունը։ Էհ, խոսքով ընկանք։ Գնացեք նրա համար ճաշ պատվիրեցեք, իսկ առայժմ նրան ուղարկեցեք ինձ մոտ։
Եֆրեյտորը բերեց Շվեյկին, և վախմիստրը նրան մտերմավարի գլխով ցույց տալով աթոռը՝ հարցաքննությունը վերսկսեց այն հարցով, թե արդյոք նա ծնողներ ունի՞։
— Չունեմ։